Գլխավոր Նորություններ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

1100
Տարածել

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի ծովափնյա Բոդրում քաղաքում կայացած Little Princess & Little Prince World 2017 մանկական գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել 4-ամյա երևանցի Էրիկ Կիտեսովը։

Փոքրիկը մանկապարտեզի սան է, սիրում է պար և ձիավարություն։ Սա իր առաջին հաղթանակը չէր։ Մոր՝ Կարինեի խոսքով՝ Էրիկն առաջատար է եղել նաև տեղական Mister Ajapnyak և Mister Armenia մրցույթներում, ինչից հետո «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի առաջարկով որոշել են մասնակցել նաև միջազգային մրցույթին՝ միաժամանակ համատեղելով ընտանեկան հանգիստը։

15 օր շարունակ 40 պետություններից ժամանած երեխաներ մեկ հարկի տակ սովորել են բեմական կեցվածք և խոսքի հմտություններ։ «Կոստյումները մենք էինք ընտրել։ Էրիկը հանդիսատեսին ներկայացավ հայկական տարազով, արքայազնի և ազատ ոճի հագուստներով։ Բեմում իրեն շատ լավ դրսևորեց, նույնիսկ մենք չէինք սպասում դրան»,- անկեղծացավ մայրը։

Հայ փոքրիկին շնորհվել է նաև Best of the Best տիտղոսը։ Կարինեն ժպիտով վերհիշեց՝ ինչպես էր դեռ վարժ խոսքին լավ չտիրապետող Էրիկը բեմում ճիշտ քայլքի ու դասավորվածության հրահանգներ տալիս մյուսներին։ Երեխաների մեջ հաստատվել է իսկական ընկերություն։

Մանկական գեղեցկության մրցույթ կազմակերպելու գաղափարը մասնագիտությամբ իրավաբան և հոգեբան Աշոտ Խաչատրյանը կյանքի է կոչել 1990-ականներին՝ նպատակ ունենալով աշխարհին ցույց տալ երեխաների ֆիզիկական և հոգևոր դաստիարակության կարևորությունը։ Ի սկզբանե խիստ էին մրցույթի մասնակցության պայմանները. երեխաներին արգելվում է օգտագործել կոսմետիկա, ներկայանալ ոչ մանկական հագուստով և մեծահասակի սանրվածքով։ Տարբեր խորագրերով մրցույթներ անցկացվել են Անգլիայում, Իսպանիայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլուր։ «2008-ին Հայաստանում կազմակերպեցի 18-27 տարիքային խմբի գեղեցկության փառատոն, որին մասնակցում էին 20 երկրների ներկայացուցիչներ։ Փառատոնը երեք տարի շարունակվեց։ Մարդիկ սկսեցին կրկնօրինակել մրցույթները՝ խախտելով մեր հեղինակային իրավունքը, ինչը մի քանի դատական գործընթացի տեղիք տվեց։ 27 տարի ես ատամներով պահում եմ այս ամենը՝ սեփական երեխայիս պես։ «Միսս 7 մայրցամաք», «Տիեզերքի արքայադուստր», «Աշխարհի ֆոտոմոդել», «Տիեզերքի ֆոտոմոդել» մրցույթները բոլորը հայկական ծագում ունեն»,- նշեց կազմակերպիչը։

Այս տարիների ընթացքում ծրագիրը փոփոխություններ կրել է։ Ավելացել է Tv Star Universe մրցույթը, որն ուղղված է ազգային մշակույթի և սովորույթների ներկայացմանը, Missis Mum of the World մրցույթը, որի մասնակիցները մայրիկներն են։ Առանձին մրցույթ կա նոր տաղանդներ բացահայտելու նպատակով։

Հայտագրումն անվճար է. բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը։ Ոչ ոք առանց դիպլոմի և պրոֆեսիոնալ լուսանկարների տուն չի գնում։ Մրցույթները նաև բարեգործական բնույթի են։ Ստացված եկամուտը հնարավորության չափով ուղղվում է մանկատներին և ծերանոցներին։ Հիմնադրամը նմանատիպ մի ակցիա անցկացրել է նաև Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքի քաղցկեղով հիվանդ երեխաների համար։

Խոսելով վերջերս Բոդրումում անցկացված մանկական գեղեցկության մրցույթի մասին՝ Աշոտ Խաչատրյանը հավելեց, որ թե՛ երաժշտական, թե՛ բեմական ձևավորման մեջ գերակշռել են հայկական նոտաները։ 3000-հոգանոց դահլիճը լեցուն է եղել Ռուսաստանից և Բուլղարիայից ժամանած հայերով. «Սա միջազգային ընտանիք է, մենք քաղաքական խնդիրներ չենք տեսնում։ Նախորդ տարի մեր հայուհու հաղթանակից հետո թուրք հանդիսատեսը հիացմունքով գոչում էր՝ «Էրմենիստան»։

Հարցին՝ արդյոք լինելով հայ և ժյուրիի անդամ՝ կողմնակալ վերաբերմունք չունի իր հայրենակիցների նկատմամբ, հիմնադիրը պատասխանեց, որ մրցույթը հիմնված է բացառապես անկեղծության և անաչառության սկզբունքի վրա։ Էրիկի դեպքում մեծ դեր է խաղացել բեմում անկաշկանդ պահվածքը, փորձը, բացի դրանից՝ փոքրիկն իրեն «սիրել է տալիս»։

Նման մրցույթները, Աշոտ Խաչատրյանի կարծիքով, երեխաների մեջ ձևավորում են ոչ միայն էթիկա, կարծիք արտահայտելու ունակություն, այլև՝ սեր… Հպարտություն է տեսնել՝ ինչպես է թուրքական հնագույն ամրոցում ծածանվում հայկական դրոշը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ