Գլխավոր Նորություններ ԲԵՄՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԵՆ

ԲԵՄՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԵՆ

481
Տարածել

Միջոցառում՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի 85-ամյակին

Հոկտեմբերի 25-ին Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում նշվեց քաղաքական և պետական ականավոր գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակը: Գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը պարզաբանեց, որ այս վերաբերմունքը երախտագիտության զգացում է՝ ուղղված մեծ հայորդու հիշատակին. «Գրադարանի այս շենքը կառուցվել է Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ և շահագործման է հանձնվել 1980 թվականին»: Ներկա էին Դեմիրճյան ընտանիքը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը, նաև գրողներ, մշակութային ու քաղաքական գործիչներ և պարզապես հարազատ մարդիկ:

Միջոցառումը բեմականացնում էին ակադեմիայի սաները: «Քանի որ մեր ակադեմիան համագործակցում է գրադարանի հետ, ուստի տնօրենը մեզ հրավիրեց համատեղ իրականացնելու հանդիսությունը: Սա նաև հնարավորություն է, որ նոր սերունդը մոտիկից ճանաչի, գիտակցի Կարեն Դեմիրճյանի մեծությունը, հաղորդակից լինի նրան և նրա ստեղծած արժեքներին, դրանց խորհրդին, որոնք այսօր էլ ուղեկցում են մեզ»,- նշեց միջոցառման բեմական սցենարի հեղինակ, ակադեմիայի մշակութային գծով պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանը:

Ուսանողները սեղմ ժամանակում կարողացան ամբողջական և բովանդակալից ներկայացնել մեծ գործչի կյանքն ու գործունեությունը, անցած ճանապարհի կարևորագույն հանգույցները: Երգերն ու երաժշտական համարներն ընտրված էին 1980-ականների ցանկից՝ այդպես ստեղծելով դեմիրճյանական ժամանակաշրջանի տրամադրություն ու գունապնակ: Բեմական համարներն ընդմիջվում էին մեծ գործչին նվիրված ֆիլմի ցուցադրմամբ ու նրան ներկայացնող լուսանկարներով, նաև պարային ներկայացումներով, որոնք ներկաներին տեղափոխում էին Դեմիրճյան անհատի դրոշմած միջավայր: «Մենք սցենարն այնպես ենք կառուցել, որպեսզի հանդիսատեսին փոխանցենք այն մթնոլորտը, որը հագեցած կլինի Կարեն Դեմիրճյանի ներկայությամբ ու ստեղծած ավանդույթներով»,- շարունակում է ներկայացնել Կարինե Ոսկանյանը:

Միջոցառման ավարտին ազգային հերոսի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը, չկարողանալով թաքցնել անկեղծ հուզմունքը, նշեց, որ ամուսինը Խնկո-Ապոր անվան գրադարանի ընթերցողներից է եղել իր պատանության տարիներին, մշտապես գիրքն ու մշակույթը կարևորող և այդ բարձր գիտակցությամբ առաջնորդվող անհատ ու գործիչ. «Կարեն Դեմիրճյանը երկրի ռազմավարական կարևորություն էր համարում ոչ միայն տնտեսությունը, նաև մշակույթը, գիտությունն ու արվեստը և ասում, որ այդ արժեքներով պետք է ներկայանանք աշխարհին»: Խոսքն ավարտելով՝ տիկին Դեմիրճյանը գրադարանին հանձնեց «Կարեն Դեմիրճյան հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի կողմից շնորհված «Կարեն Դեմիրճյան» հուշամեդալը, որ թողարկվել է մեծ գործչի ծննդյան 85-ամյակի առիթով:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝  Վահրամ ԱՎՈՅԱՆԻ