Գլխավոր Միջոցառումներ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ. ԿԱՆՈԵ

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ. ԿԱՆՈԵ

450
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Տրանսպորտային և հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» ֆակուլտետի հեռակա բաժնի 2-րդ կուրսի ուսանող, Հայաստանի բայդարկա-կանոեի թիավարության հավաքականի անդամ Նորիկ Մարգարյանը, մասնակցելով միջազգային ֆեդերացիայի (ICF) կազմակերպած «Ռուսանովյան օղակ» 50-րդ հոբելյանական ռեգատային, գրավել է առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալ: Մրցելույթներն անցկացվել են Կիևում՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը: Ուսանող-մարզիկը թիավարելով հաղթահարել է նախ 200 մ, իսկ հետո 5000 մ ջրային տարածություն և երկու մրցապայքարում էլ գրավել առաջին տեղը: «Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ 7 երկրներից: Կանոե մարզաձևի՝ միակողմանի թիավարություն, միակ ներկայացուցիչը ես էի Հայաստանից: Իսկ բայդարկայի՝ երկկողմանի թիավարություն, մարզաձևում նույնպես հայերը գրավեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը»:

Նորիկ Մարգարյանը մարզվում է 12 տարեկանից. «Սկզբում մարզվում էի մկաններս զարգացնելու համար, բայց մի քանի ամիս հետո տարվեցի մարզաձևով, և այն դարձավ հոբբի»: Հորեղբայրը՝ սամբո մարզաձևի ԽՍՀՄ չեմպիոն Արամ Մարգարյանն է նրան տարել մարզումների և մինչ օրս ոգևորում ու աջակցում է՝ հպարտանալով եղբորորդու հաջողություններով: «20013-ին Գերմանիայում մասնակցել եմ աշխարհի առաջնությանը, բարձր տեղ չեմ գրավել, բայց իմ տարիքի համար արդյունքը բավարար էր: Այդ ժամանակ ես 15 տարեկան էի և մրցում էի մեծահասակների հետ: Իսկ հաջորդ տարի Եվրոպայի առաջնությանն եմ մասնակցել, որը կրկին անցկացվում էր Գերմանիայում, և ընդգրկվել եմ լավագույն տասնյակում»:

2015-2017 թթ. Նորիկ Մարգարյանը ծառայել է Հայոց բանակում. «Ընդամենը 2 ամիս մարզվելուց հետո մասնակցեցի մրցումներին և նվաճեցի ոսկե մեդալ»: Այս հաղթանակը նա իր առաջին լուրջ հաջողությունն է համարում, բայց չի բավարարվում սահմանափակվել այս նվաճումով: Առավելագույնին հասնելու նպատակը դեռ առջևում է: «Մյուս տարի կայանալու են Եվրոպայի և աշխարհի առաջնություններ, մասնակցելու ցանկությունս մեծ է, բայց նախ պետք է հաղթեմ Հայաստանի առաջնությունում, որպեսզի ուղեգիր ձեռք բերեմ: Մարզվելու եմ և հասնելու եմ նպատակիս»,- իր ուժերին վստահ ասում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողը:

Ի դեպ՝ կանոեի մարզաձևով սկսել է զբաղվել նաև 14-ամյա եղբայրը՝ Լևոնը, նրան իր փորձն է փոխանցում ոսկե մեդալակիրը:

 

Հուսիկ ԱՐԱ