Գլխավոր Նորություններ 300-ԱՄՅԱ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

300-ԱՄՅԱ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

569
Տարածել

Միջազգային գիտաժողով՝ Սանկտ Պետերբուրգում

Սեպտեմբերի 27-28-ը մասնակցել եմ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում կայացած «Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյա մշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովին, որն անցկացվում էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցու և քաղաքի իշխանությունների հովանու ներքո: Ինձ համար առանձնակի հուզիչ և պատվաբեր էր զեկուցել համալսարանի գլխավոր՝ Պետրովսկի դահլիճում, քանի որ հիշյալ բուհի պատմության ֆակուլտետի 1993 թվականի շրջանավարտն եմ: Գիտաժողովը նախագահում էր համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Էրմիտաժի» տնօրեն՝ ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին: Գիտաժողովին մասնակցում էին ականավոր գիտնականներ Ռուսաստանից և Հայաստանից՝ համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Մերձավոր Արևելքի երկրների ամբիոնի վարիչ՝ պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Դյակովը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն՝ բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրենի ուսումնական գծով խորհրդական, պ.գ.դ., պրոֆ. Հայկազ Հովհաննիսյանը, ԵՊՀ աստվածաբանական ամբիոնի վարիչ՝ պ.գ.դ., պրոֆ. Մանեա-Էռնա Շիրինյանը և ուրիշներ:

Զեկույցս նվիրված էր Մոսկվայի հայկական եկեղեցիների պատմությանը: Առաջին տեղեկությունները մոսկվայաբնակ հայերի մասին արձանագրվել են դեռևս 1390-ին, երբ Կիտայ-գորոդում բնակվող հայազգի Աբրահամի տնից բռնկվեց ավերիչ հրդեհ: 1626-ին մեկ այլ հրդեհի պատճառով ոչնչացան Դեսպանական վարչատան փաստաթղթերը, սակայն արդեն նույն տարում կա տեղեկություն Սեֆյան Պարսկաստանից ժամանած հայ վաճառականների մասին: Կան տեղեկություններ, որ արդեն 16-րդ դարում Մոսկվայում եղել է հայկական աղոթատուն: Հայտնի է նաև 1666-ին գրված հայերի խնդրագիրը ցար Ալեքսեյ Միխայլովիչին, որտեղ նրանք խնդրում են թույլատրել աղոթել ուղղափառ եկեղեցիներում և հաղորդություն ստանալ ռուս քահանաներից, ինչից, ըստ խնդրագրի հեղինակների, կշահի Ռուսաստանը, և դա կնպաստի այդ երկիր հայ վաճառականության ներգաղթին:

Պետրոս Մեծի օրոք նոր էջ բացվեց ռուս-հայկական հարաբերություններում: Իսրայել Օրու զինակից և համախոհ Մինաս վարդապետ Տիգրանյանը 1716-ին դիմեց ցարին աղոթատուն կառուցելու խնդրագրով: Աղոթատունը կառուցվեց 1722-ին Կիտայ-գորոդում՝ ազնվական Նիկոն Վոլկովի բակում, վաճառական Գրիգոր Դավթյանի և նրա ընկերների միջոցներով:

Եկատերինա Երկրորդի կառավարման շրջանն առավել բարենպաստ էր եկեղեցաշինության համար: Այդ տարիներին բազմավաստակ Լազարյան եղբայրները ստանձնեցին ռուսական երկու մայրաքաղաքների՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հինգ հայկական եկեղեցիների շինարարությունը: 1760-ականներին ճարտարապետ Իվան Յակովլևի նախագծով Մոսկվայում կառուցվեց Սբ Աստվածածին եկեղեցին: 1779-ին ճարտարապետ Յուրի Ֆելտենի նախագծով՝ Սբ Խաչվերած եկեղեցին, իսկ 1780-ին՝ Սբ Կաթարինե եկեղեցին՝ Սանկտ Պետերբուրգում, որն համարվեց Նևսկի պողոտայի մարգարիտը: 1794-ին Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցում վեր բարձրացավ Սբ Հարություն եկեղեցին, իսկ 1815-ին նույնանուն եկեղեցի բացվեց Մոսկվայի հայկական գերեզմանոցում: Երկու մայրաքաղաքների վերոհիշյալ եկեղեցիներից այժմ կանգուն են վերջին երեքը: Գնահատելի է հատկապես Լազարյանների բարեգործական և հայրենանվեր գործունեությունը՝ այդ ընտանիքի բարեգործական ներդրումը երկու մայրաքաղաքների հինգ եկեղեցիների, հարակից շինությունների, Արևելյան լեզուների աշխարհահռչակ Լազարյան ճեմարանի կառուցման, կահավորման և պահպանման նպատակով: 1854-ի տվյալներով՝ Լազարյանների նվիրատվությունները եկեղեցիներին, ճեմարանին, հայկական համայնքներին, ապաստարաններին, հիվանդանոցներին՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ասիայում և Եվրոպայում 100 տարվա ընթացքում կազմել է 1 676 250 ռուբլի (արծաթով), որն այն ժամանակների համար աստղաբաշխական գումար էր:

Գիտաժողովն անդրադարձավ Ռուսահայոց թեմի հայկական եկեղեցիների պատմությանն ու անցած ուղուն, եկեղեցական  ու համայնքային նշանավոր գործիչներին ու նրանց հայանվեր ավանդին, հայ համայնքների պատմությանը, Ռուսաստանի Դաշնության տարածքում պահվող մշակութային արժեքների պահպանմանը: Զեկույցներում հեղինակներն ընդգծեցին հայկական ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցելու կարևորությունը։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան գիտաժողովի մասնակիցներն այցելեցին ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտ, որտեղ բացվել էր հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես, որի բացմանը ինստիտուտի փոխտնօրեն Իգոր Ֆիլատովը հիշատակեց պետերբուրգաբնակ հայ անվանի գիտնականների, արվեստագետների անունները՝ ընդգծելով նրանց թողած մեծագույն ավանդը: Ցուցահանդեսին իր օրհնությունն էր բերել Ռուսաստանի  և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Սրբազանն իր երախտիքի խոսքն ուղղեց ինստիտուտի տնօրինությանն ու աշխատակազմին՝ կարևորելով հայկական ժառանգության պահպանումն ու գիտական հանրությանն այն հասու դարձնելու հնարավորությունը: Ցուցասրահներից մեկում ներկայացված էր պետերբուրգյան հավաքածուից 13 հայկական ձեռագիր, որոնցից ամենահինը՝ 1292-ի Անիի ավետարանն է: Նշվեց, որ ինստիտուտում պահվում է 410 հայկական ձեռագիր: Կանաչ դահլիճի ցուցասրահում ներկայացված էին ժամանակին Պետերբուրգում գործած հայկական և ռուսական տպարանների 38 ցուցանմուշներ, դրանց թվում՝ Խալդարյանի, Խուդաբաշյանի, Հովհաննիսյանի, «Արաքս», Պատկանյանի, Լիբերմանի, Սկորոխոդովի, Պուշկինյան տպարանների տարբեր աշխատություններ:

Նույն օրը երեկոյան «Էրմիտաժում» Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն և թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին բացեցին «Թող լինի հիշողությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին այնտեղ պահվող Սանկտ Պետերբուրգի Սբ Կաթարինե եկեղեցու գանձերը:

Սեպտեմբերի 29-ին Սբ Կաթարինե եկեղեցու վերնատանը տեղի ունեցավ տոնական համերգ, բացվեց հայ նկարիչների ցուցահանդես և կազմակերպվեց ընդունելություն ի պատիվ հայկական պատվիրակության, քաղաքային և մարզային ղեկավարության, քաղաքային համայնքների ներկայացուցիչների:

 

Վահագն ԿՐԲԵԿՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ դասախոս, պ.գ.թ.