Գլխավոր Նորություններ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

775
Տարածել

Միջբուհական ուսանողական գիտաժողով՝ ակադեմիայում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց միջբուհական ուսանողական գիտաժողով «Աղետների հոգեբանություն» թեմայով, որը նվիրված էր Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան:

Գիտաժողովը նպատակաուղղված էր աղետների հոգեբանության հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների քննարկմանը, գիտական հետազոտությունների ներկայացմանը, արտակարգ իրավիճակների աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության բարձրացման մոդելների մշակմանն ու բնակչության շրջանում հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորմանը:

Ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկուհի Ղարիբյանը և մասնակիցներին փոխանցեց ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի ողջույնի խոսքը: «Արդեն ավանդույթ է դարձել աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումն ակադեմիայում: Մինչև այս տարի դրանք իրականացվել են ուսումնավարժանքների տեսքով, որոնց մասնակցել են նաև հանրապետության բոլոր բուհերի, հատկապես Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Սակայն այս տարի ձևաչափը փոքր-ինչ փոխվել է, վարժանքներին է ավելացել նաև միջբուհական ուսանողական այս գիտաժողովը»,- ասաց Հայկուհի Ղարիբյանը:

Գիտաժողովին մասնակցում էին նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի 26 ուսանողներ, հյուրեր:

Ներկայացվեց 21 հոդված: Դրանք հիմնականում վերաբերում էին աղետների արձագանքման ժամանակ փրկարարների հոգեբանական կայունության պահպանմանը, բնակչության հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորմանը, երեխաների կողմից վշտի ապրման ընդհանուր բնութագրին, մանկական վախերի հաղթահարման նպատակով ծնողավարման հմտություններին, արտակարգ իրավիճաիկներում մարդու վարքին, տեխնածին վտանգների ժամանակ հոգեբանական աջակցությանը, ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական վնասվածքներին, բարոյական անկման վարքային դրսևորումներին, արտակարգ իրավիճակներում, զանգվածային խուճապի ծամանակ մարդկանց վարքին ու հեգետրավմատիկ հետևանքներին և առաջին հոգեբանական օգնությանը և այլն…

Գիտաժողովն անցավ բուռն քննարկումներում, վստահություն հայտնվեց, որ այն խթան կհանդիսանա հետագա համագործակցության, փորձի փոխանակման, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայում մագիստրոսի կրթական ծրագրով աղետների հոգեբանություն մասնագիտությամբ ուսուցումը շարունակելու համար:

Մասնակիցները հույս հայտնեցին, որ գիտաժողովում քննարկումների արդյունքները կիրառություն կգտնեն գիտական հետազոտությունների ներկայացման, արտակարգ իրավիճակների և փրկարար ծառայության աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության բարձրացման մոդելների մշակման, հասարակության մեջ հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորման և այլ ուղղություններում, որոնց ամբողջությունը պայմանավորում է հոգեբանական կայունությունը:

«Մեր սերնդի համար ուրախալի է, որ գիտաժողովում ներկայացված են «Աղետների հոգեբանության» այդքան գիտական հոդվածներ: Բոլորն էլ հետաքրքիր էին, արդիական, քննարկումներն էլ թեժ, ինչը վկայում է, որ համակարգը ապագա ունի»,- շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավար, Երևանի պետական համալսարանի դասախոս, հոգեբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Միքայելյանը:

Գիտաժողովի ամփոփմանը մասնակիցներին տրվեցին Միջբուհական գիտական մասնակցության հավաստագրեր: Ավարտից հետո գիտաժողովի մասնակիցները մեկնեցին ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոն՝ ականատեսը լինելու 3-րդ և 4-րդ կուրսերի 111 ուսանողների ցուցադրական, գործնական պարապմունք-վարժանքին:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ