Գլխավոր Նորություններ ՎԱՍՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

ՎԱՍՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

731
Տարածել

 

Ինչպես և տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, Երևանում անցկացված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա համաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում անցկացվեցին «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցեցին համաժողովին ներկա տեղացի և միջազգային փորձագետները, պատգամավորներ, գիտնականներ:

Թե՛ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, թե՛ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, թե՛ այլ բանախոսները կարևորեցին անվտանգության՝ դիմակայունության մշակույթի ձևավորումն ու զարգացումը: Բոլորն էլ միակարծիք էին՝ գիտելիքը ոչինչ է, եթե չի կիրառվում կյանքում: Աղետը պետական սահման չի ճանաչում, ուստի աղետների ռիսկի կառավարման ոլորտում կարևոր է նաև անդրսահմանային, տարածաշրջանային համագործակցությունը: «Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած դեպքերը նման համագործակցության կարևորության և արդյունավետության մասին են փաստում»,- արձանագրեց Դավիթ Տոնոյանը: Ըստ նրա, աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանը շոշափելի ձեռքբերումներ ունի և դրանցով չի բավարարվելու: ԱԻ նախարարությունում մշակվում է իրավական ակտերի նախագծերի փաթեթ, որի ընդունումը կնպաստի ոլորտի զարգացմանն ու պատասխանատուների որակական աճին:

ՄԱԿ-ը նույնպես կարևորում է աղետների ռիսկի կառավարման ոլորտում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը: ՄԱԿ-ի տվյալներով, 2015-ին աշխարհում տեղի է ունեցել 346 աղետ, զոհվել է մոտ 22 000 մարդ, 99 մլնը՝ վնասվել, նյութական կորուստը կազմել է ավելի քան 250 մլրդ դոլար: Սրա դեմ պայքարելու և իրական արդյունքների հասնելու համար պետք են ոչ միայն տեղական մակարդակում գործողություններ, այլ նաև՝ միջազգային համագործակցություն:

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունն ընդունել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման 2017-2030 գործողությունների ծրագիրը: Իսկ հունիսին խորհրդարանն ընդունել է «2017-2022 Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը», որում առաջին անգամ բաղադրրիչ է դարձել աղետների ռիսկի նվազեցումը:

«Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» խորհրդարանական լսումների արդյունքները կամփոփվեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 23-ի նիստում: