Գլխավոր Նորություններ ՊԱՐՏՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

ՊԱՐՏՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

538
Տարածել

Հայաստանը միանում է աշխարհով մեկ հաջողությամբ իրականացվող նախաձեռնությանը: ԱԻՆ փորձը կարող է օգտակար լինել

ՀՀ վարչապետի հոկտեմբերի 13-ի 1161-Ա որոշմամբ ստեղծվել է «Պարտքը բնապահպանության դիմաց» նախաձեռնության համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, հաստատվել է դրա աշխատակարգը: Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է, ներգրավված են պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարներ և պատասխանատու պաշտոնյաներ: 16 հոգանոց հանձնաժողովում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեք ներկայացուցիչ ունի. փոխնախարար Արա Նազարյան, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյան, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի պետական այլ մարմիններում ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչ Մարգարիտա Հակոբյան:

«Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագիրը ողջ աշխարհում հաջողությամբ իրականացվում է ավելի քան 20 տարի: Հայաստանը նախաձեռնությանը միանալու մասին հայտարարեց այս տարվա փետրվարին՝ Համաշխարհային բանկի առաջարկով:

«Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագրով զարգացած երկրները ներում են զարգացող կամ ցածր եկամուտներով երկրների՝ իրենց ունեցած պարտքերը կամ դրանց մի մասը, պայմանով, որ պարտքերի վերադարձման հարցում դժվարություններ ունեցող երկիրը սեփական միջոցներով, սեփական երկրում բնապահպանական ծրագրեր իրականացնի: Այս դեպքում բնապահպանությունը սովորականից շատ ավելի լայն իմաստ է ստանում և նշանակում է ոչ միայն կանաչ տարածքների աճ, այլ նաև՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, էներգախնայող միջոցառումներ և այլն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ միայն 1991-2002 հատվածում ողջ աշխարհում ներվել է 3,568 տրլն դոլարի պարտք, որի դիմաց իրականացվել է 1,084 մլրդ դոլարի բնապահպանական ծրագիր: Օրինակ. 1993-ին ԱՄՆ-ը Արգենտինային ներել է 38,1 մլն դոլարի պարտք, Արգենտինան 3,1 մլնի բնապահպանական ծրագիր է իրականացրել, նույն տարում Կանադան Հոնդուրասին ներել է 24,9 մլն դոլարի պարտք, վերջինս 12,45 մլն դոլարի բնապահպանական ծրագիր է իրականացրել, 1994-ին Շվեյցարիան Էկվադորին ներել է 46,3 մլն դոլարի պարտք, Էկվադորը 4,5 մլնի բնապահպանական ծրագիր է իրականացրել, 1996-ին Ֆինլանդիան Պերուին ներել է 24,6 մլն պարտքը, Պերուն 3,67 մլնի բնապահպանական ծրագիր է իրականացրել, 2000-ին Գերմանիան Բոլիվիային ներել է 15,8 մլն դոլարի պարտքը, վերջինս 3,2 մլնի բնապահպանական ծրագիր է իրականացրել:

Հայաստանի արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է: Մենք պարտքեր ունենք թե այլ պետությունների, թե միջազգային կառույցների: «Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագիրը կարող է իրականացվել միայն պարտատիրոջ և պարտապանի համաձայնության պարագայում: Պարտապանը, օրինակ՝ Հայաստանը, ծրագիր է առաջարկում: Պարտատերն է որոշում իր փողի որ մասը «ջնջել» և խստորեն հետևում է ծրագրի իրականացմանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Պարտքը բնապահպանության դիմաց» նախաձեռնության համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը համակարգելու է պետական գերատեսչությունների միջև համագործակցությունը՝ «Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագրի արդյունավետ իրականացման համար: Միջազգային կառույցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանձնաժողովի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Հանձնաժողովը կարող է ձևավորել աշխատանքային խմբեր՝ երևան եկած խնդիրները լուծելու համար:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բնապահպանական արտակարգ իրավիճակների հարթությունում մեծ ձեռքբերումներ ունի. մասնակցում է «Շրջակա միջավայր և արտակարգ իրավիճակներ» միջազգային համաժողովներին, վերջին երկու տարում «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ և բնապահպանական արտակարգ իրավիճակների արագ գնահատման գործիքի` FEAT տեղայնացում» թեմայով վերապատրաստման 5 դասընթաց է կազմակերպել փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար, Սյունիքի մարզի Կապան քաղաքում փորձնական ծրագիր է իրականացրել:

Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչները տեսնելով սա, մտադրվել են ֆինանսապես օգնել Հայաստանին՝ շարունակելու ծրագրերը: Այս ամենը լավ հիմք է «Պարտքը բնապահպանության դիմաց» նախաձեռնության շրջանակում իրատեսական ծրագիր ներկայացնելու համար:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆ