Գլխավոր Նորություններ ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈՎԻՎԸ

ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈՎԻՎԸ

473
Տարածել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20-ին, Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ էր ստացվել, որ անասունները հանդամաս արածեցնելու տարած սահմանամերձ Ճամբարակ քաղաքի բնակիչ 29-ամյա նախրապանը արոտավայրից տուն չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ճամբարակի  ՀՓՋ-ի  օպերատիվ խումբը՝ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ, բնակիչներից տեղեկանալով անասնապահի գտնվելու հնարավոր վայրի մասին, սկսեց որոնողափրկարարական աշխատանքները: Միաժամանակ հրամանատարի հրամանով ազդարարվեց անձնակազմի հավաք: Կարճ ժամանակ անց, նախրապանի որոնմանը մասնակցելու համար օպերատիվ խմբին միացան ևս 20 հրշեջ-փրկարար: Փրկարարների հետ նաև ոստիկաններ, բնակիչներ: Տեղացող անձրևը, ցուրտ եղանակն ու խիտ մառախուղը դժվարացնում էին որոնումները:

«Հրամանատարի հրամանով ստեղծվել էր 4 որոնողափրկարարական խումբ: Մառախուղ էր, 30 սմ-ից ոչինչ չէր երևում: Գիշերը ժամը 01:30-ին որոնումները դադարեցվեցին: Առավոտ կանուխ՝ լույսը բացվելուն պես, բոլորս կրկին բարձրացանք քաղաքից 2-3 կմ հեռու գտնվող արոտավայր և վերսկսեցինք որոնումները: Ժամը 7-ի սահմաններում փրկարարական  3-րդ խմբի ղեկավար, փ/ծ ենթասպա Արթուր Այունցը ռադիոկապով  հրամանատարին զեկուցեց, որ անասնապահը գտնվել է»,- մեզ հետ զրույցում նշեց Ճամբարակի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Միշա Մուժիկյանը: Պարզվում է՝ նախրապանը գնացել էր կորած կովին փնտրելու, սակայն մթության ու մառախուղի պատճառով մոլորվել էր սարերում և կորցրել հետդարձի ճանապարհը: Չէր կարողացել նույնիսկ կապ հաստատել, օգնություն խնդրել, հեռախոսը թրջվել ու վնասվել էր: Փորձել էր մի անկյուն գտնել և գիշերը լուսացնել: Տեսնելով մոտակա առանձնատներից մեկի անասնագոմի հարակից  խոտի դեզը՝ որոշել է մինչև լույսը բացվելը պատսպարվել այնտեղ: Լուսաբացին որոնումների մեկնած փրկարարներն ու բնակիչները նկատել են դեզի մեջ քնից արթնացող հոտապանին և վերադարձրել տուն: Վերջինս հետագայում պարզել է, որ նախիրը և կորած կովը, որին փնտրելու էր գնացել և մոլորվել էր, իրենից  ավելի շուտ էր տուն վերադարձել: Ճամբարակի բնակիչը հայտնել է, որ առողջական խնդիրներ չունի, ցուրտ գիշերը դրսում անցկացնելուց  հետո իրեն լավ է զգում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ