Գլխավոր Նորություններ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՀՐԿԻԶՈՒՄ

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՀՐԿԻԶՈՒՄ

434
Տարածել

Հարուցվել է քրեական գործ

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվեց բնության հատուկ պահպանվող տարածքների հսկիչ կետերի այրման երկու դեպք:

Հոկտեմբերի 13-ին` ժամը 21:30-ի մատույցներում Տավուշի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում մի խումբ անձինք դիտավորությամբ հրկիզել են «Պանտերա Սիքյուրիթի»  պահնորդական ընկերության աշխատողների տնակը: Այս ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկում ուժեղացված հսկողություն է իրականացնում: Ըստ տարբեր աղբյուրների, հրկիզողները՝ մոտ 40 հոգի, մի քանի մեքենայով, նախ հարձակվել են հենակետի վրա, քաշքշել աշխատակիցներին ու նոր միայն այրել տնակը: Ըստ տարածված լուրերի, տնակի հրկիզումը կազմակերպել են ազգային պարկին հարակից բնակավայրերի բնակիչները, ովքեր դժգոհ են  անտառում ուժեղացված հսկողությունից և չեն կարողանում հատել ծառերը: Նրանք պնդում են, որ յուրաքանչյուր անձի անտառից մինչև 8 խորանարդ մետր վառելափայտ տանելու թույլտվությունը ձևական է: Իսկ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանն էլ հայտնում է, որ այս տարի բնակիչներին է տրամադրվել 2200 խմ թափուկ, առաջիկայում նախատեսվում է տրամադրել ևս 1900 խմ:

Իսկ հոկտեմբերի 15-ին այրվել է «Սևան» ազգային պարկի՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մատույցներում գտնվող փայտյա պահակակետը:

Գեղարքունիքի դեպքը դեռ ուսումնասիրվում է, իսկ Տավուշի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերով վնաս է պատճառել, ինչը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում: Գործով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժինը: Արդեն մեկ ձերբակալված կա: Պաշտոնապես հաղորդվել է, որ նա Դիլիջան քաղաքի բնակիչ է: