Գլխավոր Նորություններ ՄԱՀԱԲԵՐ ՀՐԴԵՀՆԵՐ

ՄԱՀԱԲԵՐ ՀՐԴԵՀՆԵՐ

475
Տարածել

Անցած կիրակի օրվանից Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 45-ից ավելի մարդ, կան վիրավորներ, անհետ կորածներ: Պորտուգալիայի քաղպաշտպանության ծառայությունից հայտնում են, որ  խիտ անտառապատ  շրջաններում գրանցված  հրդեհների բռնկման հիմնական պատճառը շոգ եղանակն է: Հրդեհի սաստկացմանը նպաստել է նաև մոլեգնող «Օֆելյա» փոթորիկը, որը վերածվել է կրակե տոռնադոյի: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Theguardian-ի հաղորդմամբ՝ հրդեհի 500 օջախներում զօր ու գիշեր կրակի դեմ պայքարում են ավելի քան 6000 հրշեջներ: Նշվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում նման մեծ թվով հրդեհներ մեկ օրում դեռ չէին գրանցվել: Պորտուգալիան օգնության խնդրանքով դիմել է եվրոպական գործընկերներին և Մարոկոյին:

Անտառային հրդեհներից զոհեր կան նաև Իսպանիայի Գալիսիա ինքնավար մարզում՝ 2 մարդ մեքենայով հայտնվել են կրակե թակարդում և այրվել, 70-ամյա մի մարդ էլ՝ կրակի ճիրաններից իր անասուններին փրկելու ժամանակ: Հոկտեմբերի 16-ին հրդեհավտանգ բնակավայրերից տարհանվել են հազարավոր մարդիկ: Ե՛վ Պորտուգալիայի, և Իսպանիայի իշխանությունները կարծում են, որ հրդեհները դիտավորությամբ հրկիզման հետևանք են:

Նշենք, որ Պորտուգալիայում հունիս ամսին գրանցված անտառային մեծամասշտաբ հրդեհից զոհվել էր 60-ից ավելի մարդ:

Անցած շաբաթ արտակարգ դրություն էր հայտարարվել նաև Կալիֆոռնիայի հյուսիսում: Խոշոր անտառային հրդեհներից զոհվել է 40 մարդ, տարհանվել՝ 100 հազարը: Այրվել է 5700 շինություն: Հրդեհաշիջմանը մասնակացում է 9000 հրշեջ, որոնք օդից և ցամաքից փորձում են մարել պարբերաբար բորբոքվող աղետաբեր հրդեհի օջախները: