Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր ՃՏՊ. անվտանգության  գոտիներ` ամրագոտիներ

ՃՏՊ. անվտանգության  գոտիներ` ամրագոտիներ

580
Տարածել
OLYMPUS DIGITAL CAMERA

 

Անվտանգության գոտիների` ամրագոտիների օգտագործումն ավտովթարների դեպքում մահացության կամ վնասվածքներ ստանալու կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է: Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ մեքենայի վարորդն էլ, ուղևորն էլ երթևեկում են առանց ամրագոտիները կապելու: Ճիշտ ամրացված ամրագոտին, ավտովթարի ժամանակ բախման կամ կտրուկ արգելակման դեպքում, նպաստում է, որ հարվածի մեծ մասը կրեն կրծքավանդակը և կոնքերը, որոնք ավելի լավ կարող են դիմակայել կտրուկ ցնցմանը: Գոտին չպետք է ոլորված լինի, գոտու մի հատվածը պետք է բավականին ամուր գրկած լինի ուսագոտին և կրծքավանդակը, իսկ մյուսն անցնի որովայնի ստորին մասով: Չի կարելի ամրագոտին թույլ ամրացնել կամ ուսագոտու և կրծքավանդակի փոխարեն այն թևի տակով կամ թիկունքի վրայով տեղադրել: Անվտանգության գոտիները պետք է ամրացնեն բոլորը, այդ թվում նաև փոքրահասակ երեխաները:

Մեքենայի վարորդը և երեխայի ծնողները պատասխանատու են մեքենայում գտնվող երեխայի անվտանգության համար և պետք է հետևեն, որ երեխան ամրացնի անվտանգության գոտիները:  Ցանկալի է, որ փոքր տարիքի երեխաները նստած լինեն հատուկ նստարաններին և ամրացվեն համապատասխան գոտիով:

Մինչև 12 տարեկան երեխաները պետք է զբաղեցնեն մեքենայի հետևի նստատեղերը. ըստ վիճակագրական տվյալների՝ այդտեղ գտնվող ուղևորներն ավելի քիչ են վնասվածքներ ստանում, այսինքն՝ դրանք համարվում են առավել անվտանգ նստատեղեր: Առաջին նստատեղին նստած ուղևորը չպետք է երեխա գրկի: