Գլխավոր Նորություններ «ԹՌՉՈՂ» ԵՐԵՎԱՆ

«ԹՌՉՈՂ» ԵՐԵՎԱՆ

755
Տարածել

Օդագնացության առաջին փառատոնը
Հոկտեմբերի 14-17-ը Երեւանի հիմնադրման 2799-ամյակի առթիվ տարբեր երկրների
13 օդապարիկ գունազարդեցին մայրաքաղաքի տոնը, երկինքը։
Քաղաքապետարանի եւ «Սքայբոլ» ընկերության նախաձեռնությամբ մեկնարկած
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության առաջին
փառատոնն ուղղված էր միջազգային հանրության շրջանում Հայաստանի
ճանաչելիությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ տուրիզմի, փոքր ավիացիայի եւ
օդագնացության զարգացմանը։
«Սքայբոլի» հիմնադիր Նաիրի Բարսեղյանի խոսքով՝ չնայած Հայաստանում
օդագնացությունը երեք տարվա պատմություն ունի, սակայն համբավն արդեն
հասել է Նոր Զելանդիա եւ Բրազիլիա։ Փառատոնին հայտագրվել էին
աշխարհահռչակ օդագնացներ, սակայն, ցավոք, նրանցից ոմանք չկարողացան
մասնակցել փառատոնին։ «Երկրեերկիր օդապարիկ տեղափոխելը մեծ ծախսեր եւ
ժամանակ է պահանջում, այդ պատճառով մասնակիցները հիմնականում
Ռուսաստանից էին, Բուլղարիայից, Լիտվայից, Բելառուսից։ Հուսանք՝ հաջորդ
տարի կազմակերպչական հարցերն ավելի վաղ կլուծվեն»,- նշեց Նաիրին։
Օդապարիկների թռիչքը մեկնարկել էր Հանրապետության հրապարակից եւ տեւել
մոտ 1,5 ժամ։ Նույն օրը ցուցադրվել էր գիշերային լուսավորության շոու։ Հաջորդ
առավոտյան հյուրերն ազատ թռիչքներ էին կատարել Գառնու ձորի վերեւում։
«Կրեոլայն» ընկերության ինժեներ Դմիտրի Կուլիկովն առաջին անգամ է
Հայաստանում։ Օդագնացությամբ զբաղվում է մոտ 4 տարի։ Անկեղծանում է՝ երբ
առաջին անգամ հայտնվեց 3000 մ բարձրության վրա, միանգամից սիրեց երկինքը։
Օդագնաց Դենիս Վոլոդինի հետ հաճախ են մասնակցում Ռուսաստանում
անցկացվող մրցաշարերի եւ փառատոների։ «Շատերի համար օդագնացությունը
բիզնես է, մյուսների համար՝ երկնային զբոսանք: Մեզ համար՝ սպորտ եւ պարզապես
հիանալի տրամադրություն։ Մեր մեջ կան նաեւ այնպիսիք, որ սիրած աղջկան
երկնքում են առաջարկություն արել։ Ի դեպ՝ օդապարիկի օդաչուն կապիտանն է եւ
իրավունք ունի զույգերին երկնքի կապույտում ամուսնացնելու»,- կատակում է
Դմիտրին։
Երեւանյան փառատոնին մասնակցության հրավերն ընդունել են առանց երկմտելու։
Այստեղ իրենց շրջապատել են սիրով եւ հոգատարությամբ՝ տեղական բջջային կապ,
երեքանգամյա գազալիցքավորում, էքսկուրսիա մայրաքաղաքում։
Հարցին՝ ինչպիսին է Երեւանը թռչնի թռիչքի բարձրությունից, Դմիտրին
դժվարանում է նկարագրել. «Մեր բախտը բերեց՝ թույլ քամի էր, օդապարիկը
դանդաղ էր շարժվում՝ թույլ տալով հիանալ լանդշաֆտով, շենքերով եւ մարդկանցով։

Որոշեցինք 1000 մ-ից ավելի չբարձրանալ։ Ափսոս, չկարողացանք Սեւանա լիճը
տեսնել»։
Խումբն իր երթուղին շարունակել է մեքենայով։ Փնտրել են լեռնային բնություն,
որտեղ մարդկային ոտք չի հասել, լուսանկարվել Արարատ լեռան ֆոնին։ Սեւանում
ծանոթացել են տեղացի Մարատի հետ, որն ամենահամեղ իշխանն է հյուրասիրել։
Օդաչուն հիացած է հատկապես Հայաստանի կանաչ հարթավայրերով. միակ
միտքը, որ ծնվում է, որեւէ բարձր կետից պարաշյուտով վայրէջք կատարելն է։
«Նաիրին պատմեց, որ Հայաստանում տարվա 300 օրն արեւային է, մեզ մոտ
լավագույն դեպքում դրանք 100-120-ն են։ Հայաստանն ավիացիայի զարգացման մեծ
հնարավորություններ ունի։ Նման պայմաններում կարելի է պարապմունքներ
անցկացնել եւ մեկնել միջազգային մրցույթների՝ ոսկե մեդալների հետեւից»,-
ամփոփում է Դմիտրին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Դմիտրի ԿՈՒԼԻԿՈՎԻ