Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂԸ

ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂԸ

613
Տարածել

Փրկարարն ու բարիք ստեղծողը

«Ցանկություն չունեմ հայրենիքս լքելու, հայ եմ և արմատներս Հայաստանում են»,- ասում է Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) 2-րդ հերթափոխի վարորդ, փ/ծ սերժանտ Մկրտիչ Սահակյանը և հավելում, որ աշխատում է, ստեղծում, ընտանիքի բարեկեցությունը ապահովում. «Չկան» ինձ համար անընդունելի է, եթե մարդն ուզենա, ամեն ինչի էլ կհասնի»: Մկրտիչը հերթափոխից հերթափոխ ընկած հանգստի երեք օրերին զբաղվում է գյուղատնտեսությամբ հայրենի՝ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում: Մեկ օր փրկում է հողեղեն մարդուն և նրա գույքն ու ունեցվածքը, եթե արտակարգ իրավիճակում են հայտնվել, երբեմն էլ երկրի հարստությունը՝ անտառ ու արգելոց, հաջորդ երեք օրերին հողից բարիք քամում:

«Մեկուկես հեկտար սեփականաշնորհված հողակտոր ունեմ. դեղձենու, սալորենու, ծիրանենու, խաղողի այգի: Ծառայությունից ազատ օրերիս այգով եմ զբաղվում: Սեփական բեռնատար մեքենայով գյուղի մարդկանց գործերն եմ անում»,- փրկարար-ծառայողի աշխատանքից դուրս ռանչպարի իր աշխատանքի մասին է պատմում փ/ծ սերժանտը և մանրամասնում, որ խաղողի տարբեր տեսակներ է մշակում, որոնք բերքահավաքի ժամանակ տեսակավորում է, դնում սառնարանը և ձմռանը, հենց տնից, վաճառում գնորդին, որն էլ «ֆուրերով» տեղափոխում է Արարատյան դաշտի ամենաքաղցր բարիքը և իրացնում հաճախ արտերկրի շուկաներում. «Այս տարի մոտ 4 հազար 200 ք/մ այգուց հավաքել ենք 5,5 տ խաղող և դրել սառնարան: Իսկ ծառերի բերքը սեզոնին հավաքում և հենց տեղում ենք իրացնում: Շուկա համարյա չենք էլ գնում»:

32-ամյա Մկրտիչը ծնողների ավագ որդին է և արդեն ստեղծել է իր ընտանիքը: Ունի 5 տարեկան որդի և սպասում է երկրորդի ծնունդին: Կինը՝ Քրիստինեն, երգչուհի է, գյուղի երաժշտական դպրոցում երգեցողության նրբերանգներն է փոխանցում իր սաներին: Սակայն Մկրտիչի փոքրիկ ընտանիքը մեծ ընտանիքի մի մասն է. ունի ևս երկու եղբայր, նրանց հետ են ապրում հայրը, մայրը և տատը: Իսկ արմատներով շատախցի պապն արդեն լուսահոգի է. «Ապրում ենք սիրով: Միջնեկ եղբայրս ամռանն է ամուսնացել, մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, թեպետ աշխատում է, բայց ինքն էլ է ցանկանում հրշեջ-փրկարար դառնալ: Կրտսեր եղբայրս էլ ատամնաբույժ է: Իսկ ծնողներս նախկինում աշխատել են Արտաշատի «Սիրիուս» գործարանում, այսօր զբաղվում են գյուղատնտեսությամբ»: Ընտանիքում, որպես հողի մշակներ, ամեն մեկն իր աշխատանքն ունի, տղամարդիկ իրենց գործն են անում, կանայք՝ իրենցը: Իսկ բերքահավաքը և էլի որոշ աշխատանքներ անում են ընդհանուր ուժերով. «Բոլոր գործերը մենք ենք անում՝ մեր ընտանիքով, գարնանից մինչև աշուն»:

Փրկարար-վարորդը տարիներ առաջ աճուրդով հողակտոր է ձեռ բերել հարազատ գյուղում՝ հայրական տնից առանձին իր տունը կառուցելու համար. «Իմ ուժերով իմ տունն եմ կառուցում՝ 180 ք/մ ընդհանուր նախագծով: Ներսի հարդարման աշխատանքներն են մնում: Հույս ունեմ, որ եկող ամառն իմ տանը կդիմավորեմ»:

Փրկարար ծառայության Մկրտիչ Սահակյանն անցել է 2013 թ. փետրվարի 18-ին: Մինչ այդ՝ 2001-ին ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: 2003-2005-ին էլ ծառայել է Հայկական բանակում, որպես տանկային գումարտակի նշանառու օպերատոր՝ արժանանալով «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանի: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը. «Քոլեջն ավարտելուց հետո զբաղվել եմ գյուղատնտեսությամբ, դա է եղել իմ հիմնական աշխատանքը մինչև հրշեջ-փրկարարական ջոկատում ընդգրկվելը»: Իսկ հարցազրույցի ժամանակ, երբ լուսահոգի նախարար Արմեն Երիցյանը հարցրել է, թե ինչո՞ւ է ուզում ընդունվել ԱԻՆ համակարգ, պատասխանել է, որ նորաստեղծ և ուժեղ կառույց է, բացի դրանից՝ տեսնում է տղաների աշխատանքը և ցանկանում դառնալ նրանցից մեկը. «Ընդունվել եմ որպես վարորդ, բայց դեպքերի ժամանակ ամեն ինչով օգնում եմ ընկերներիս»:

Փ/ծ սերժանտը մասնակցել է Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին. «Առաջին օրը վարել եմ Վեդիի ՀՓՋ-ի «Գազ-66» մեքենան, անձնակազմին սարն ի վեր տեղափոխել եմ հրդեհված անտառի տարբեր հատվածներ: Մյուս օրերին հրդեհաշիջում եմ կատարել՝ ջուր սրսկող ապարատը շալակիս»: Իսկ հոկտեմբերի 5-ին՝ տնից հերթափոխի գալու ճանապարհին, տեսել է, թե ինչպես «Մերսեդես» մեքենան վազանց կատարելու ժամանակ հարվածել է առջևը կտրած շանն ու շրջվել՝ գլորվելով երկու պտույտ. «Հարվածի պահին մեքենայի բարձիկները բացվել էին՝ խփվել վարորդի դեմքին, նա կորցրել էր մեքենայի կառավարումը, և մեքենան շրջվել էր: Անմիջապես մոտեցա, վարորդին դուրս բերեցի մեքենայից, փակեցի գազի բալոնի փականը, հոսանքազրկեցի մեքենան: Թեպետ վարորդին ոչինչ չէր պատահել, բայց հարցրեցի՝ ուրիշ ինչո՞վ կարող եմ օգնել, պատասխանեց՝ դու արդեն արեցիր ամեն ինչ: Որից հետո միայն շտապ հեռանալով՝ քանի որ հերթափոխ պիտի ընդունեի, ցեխոտ հագուստներով հասա հրշեջ մաս: Հետո շրջված մեքենայի այդ նույն վարորդը եկավ ու նորից շնորհակալություն հայտնեց»:

Մկրտիչ Սահակյանը 2015-ին ճանաչվել է որպես լավագույն վարորդ՝ արժանանալով պատվոգրի: «Երբ կանչ ենք ստանում, գիտեմ, որ գնում ենք վատ դեպքի, բայց գիտեմ նաև, որ գնում ենք օգնելու, փրկելու, և ինձ լավ եմ զգում դրանից»,- ասում է փրկարար-վարորդը:

 

Հուսիկ ԱՐԱ