Գլխավոր Նորություններ ԱՌԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

480
Տարածել

Ռիսկերի կառավարում՝ տեղական մակարդակում

2017-ի ապրիլի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց արտակարգ իրավիճակների նախարարության, Համաշխարհային բանկի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» համատեղ ջանքերով մշակված «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը» և դրա իրականացման գործողությունների 2017-2030 ծրագիրը: Ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի մի շարք կետերում ԱԻ նախարարությունը կատարող է, այլ կետերում՝ համակատարող:

Ռազմավարության ընդունումից հետո, հաջորդ քայլը ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության ուժերով «Աղետների ռիսկերի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի մշակումն էր, որը սույն թվականի հոկտեմբերի 4-ին հաստատվել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով:

Տեղական մակարդակում ռիսկի կառավարման նպատակն է նպաստել Հայաստանում աղետներին դիմակայուն համայնքների կայացմանն ու զարգացմանը: Ուղեցույցի կիրառման անհրաժեշտությունն ու արդիականությունը պայմանավորված են տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարմանը նպատակաուղղված աշխատանքներ իրականացնելու, համայնքին սպառնացող աղետների ռիսկի բացահայտման ու գնահատման, համայնքային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչների ներառումն ապահովելու, աղետների ռիսկի կառավարման գործառույթների ապակենտրոնացմանը նպաստելու, աղետների ռիսկի նվազեցման մշակույթի ձևավորման, դիմակայուն երկրի կառուցման անհրաժեշտությամբ: Ռիսկերի բացահայտման և գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել բոլորի կարիքները, դերերը և պատրաստվածության աստիճանը, քանի որ աղետների ռիսկի կառավարման նպատակն է ապահովել անվտանգություն հասարակության բոլոր անդամների համար:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության պետի տեղակալ Արա Ասլանյանի խոսքով՝ մինչ օրս ուղեցույցի մշակման համար հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ իրականացրած «Աղետներին նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմված «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» կիրառական ձեռնարկը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ մոտ 200 համայնքներում տեղական մակարդակում ռիսկի կառավարման մոդուլի կիրառված փորձը:

Վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործընթացը տեղական մակարդակում ռիսկի կառավարման բաղկացուցիչ մասն է և իրականացվում է համայնքի ուժերով՝ ներգրավելով ավագանու անդամներին, մանկավարժներին, բժիշկներին, բարձր դասարանների աշակերտներին, համայնքի բնակիչներին, աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմի անդամներին, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության մարզային վարչության ներկայացուցիչներին:

Հաշվի առնելով համայնքների խոշորացման հանգամանքը՝ վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործընթացն իրականացնող համայնքային խումբը պետք է գործընթացն իրականացնի համայնքի բոլոր բնակավայրերում՝ ներգավելով դրանց բնակիչներին: Արդյունքում բացահայտվում են համայնքին սպառնացող վտանգները, համայնքի խոցելիությունը, առկա կարողությունները և վերջիններիս համադրությունից բխող աղետների ռիսկը:

Ձևավորվում են համայնքի համար առաջնային, կենսական նշանակության միջոցառումների սկզբունքներն ու մեխանիզմները, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը: Գործընթացը նպաստում է համայնքի բնակչության իմացության, հմտությունների, գիտելիքների մակարդակի և առկա ռեսուրսների բացահայտմանը, որոնք ուղղված են աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը:

Ուղեցույցի մշակմանն աջակցել են միջազգային կազմակերպությունները: Մշակված մեթոդաբանությունը քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ և փորձարկվել է մի քանի համայնքներում: Համայնքի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման արդյունքները լուրջ հիմք կհանդիսանան համայնքին սպառնացող աղետներին սեփական ուժերով դիմակայելու անհնարինության պարագայում հիմնավորված ֆինանսական օգնության հարցով դիմելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև միջազգային դոնոր կառույցներին և կազմակերպություններին: