Գլխավոր Նորություններ ԱՆՎԱՎՈՐ ԳՐԱԽԱՆՈՒԹ

ԱՆՎԱՎՈՐ ԳՐԱԽԱՆՈՒԹ

647
Տարածել

Ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում գործարկվեց առաջին շարժական գրախանութը՝ «ԳրաԲուս»-ը։ Գիրք նվիրելու օրը գրավաճառի դերը ստանձնել էին նախարար Արմեն Ամիրյանը և գրականության ոլորտի գործիչներ:

Գունավոր ավտոբուսը ներքին կահավորմամբ գրախանութ է հիշեցնում։ «Անտարես», «Զանգակ», «Էդիտ պրինտ», «Բուկինիստ» և այլ հրատարակչությունների վարկանիշային ցուցակում ամենավաճառվող գրքերն այստեղից կարելի է ձեռք բերել 30 տոկոս զեղչով։

Հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանի հաղորդմամբ՝ «ԳրաԲուս»-ն արդեն հասցրել է շրջել 15-ից ավելի քաղաքներում, իրացվել է մոտ 700-800 գիրք, որոնց մեծ մասը՝ Երևանում։ «Նախագծի նպատակը նոր հրատարակված գրականությունը մայրաքաղաքի սահմաններից դուրս բերելն է, քանի որ մարզային շատ համայնքներում, հատկապես՝ գյուղերում, գրախանութներ չկան։ Արդեն հաղթանակ է, եթե մարդիկ, թեկուզև տեսնելով, հաղորդակցվում են գրականությանը»,- նշում է նախագծի հեղինակը։

Մարզերում «ԳրաԲուս»-ը շրջել է քաղաքապետարանների հետ նախապես մշակված երթուղով՝ հրապարակներ, դպրոցներ, պատմամշակութային հուշարձաններ: Ամենամեծ աշխուժությունը դիտվել է Գյումրիում։

Խոսելով ներկայիս գրական շուկայի մասին՝ Մանուկ Նիգոյանը նկատում է՝ Հայաստանի անկախացումից ի վեր գրականությունը որևէ ժամանակ ավելի լավ կարգավիճակում չի եղել: Չնայած հրատարակիչների սակավությանն ու թարգմանական գրականության վրա ծախսվող գումարների սղությանը՝ այդուհանդերձ, հայ ընթերցողն անմասն չէ ժամանակակից գրական տենդենցներից։  Գրավաճառ Ազնիվ Մանուկյանի խոսքով՝ երիտասարդները կարդում են հատկապես օտարերկրյա ժամանակակից գրողներին՝ հայերեն թարգմանությամբ։ Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է», Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի», Խուլիո Կորտասարի «Այստեղ և հիմա» գրքերն ամենասիրվածներն են։ Հայ ժամանակակիցներից պահանջված են Գրիգն իր «Հիսուսի կատուն», Արամ Պաչյանը՝ «Ռոբինզոն և տասներեք պատմվածք» և Հուսիկ Արան՝ «Երևան քաղաք» ժողովածուներով։

Մանուկների և դպրոցականների շրջանում առաջատար է  «Զանգակ»-ի մանկական շարքը։ Համեմատելով մայրաքաղաքի և մարզերի ընթերցասերներին՝ Ազնիվը վերհիշում է. «Շատ ջերմ ընդունելության արժանացրին մեզ Գյումրիում դպրոցականները։ Ճիշտ է՝ նրանք հնարավորություն չունեին շատ գրքեր գնելու, սակայն մեր այցը մեծ արձագանք գտավ։ Մարդիկ իրենց արժևորված էին զգում։ Իսկ Երևանում գրքերի մեծ վաճառքին նպաստել էին օրվա ընտրությունն ու հայտնիների ներկայությունը»։

Նոյեմբերին «ԳրաԲուս»-ի հաջորդ կանգառը Արցախն է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ