Գլխավոր Նորություններ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

653
Տարածել

Սահմանին օրորոցի ճռոցը, տան լույսը, շան հաչոցը 10 տանկ արժեն

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի երկհարկանի առանձնատներից մեկում է անցել Բերդի տարածաշրջանի քաղպաշտպանական ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Ադամյանի մանկությունը: Գյուղի բազմաթիվ երեխաների պես անհոգ մանկությունը վայելելիս է եղել, երբ օրերից մի օր դպրոցական կյանքի առաջին քայլերն արած կարմիրաղբյուրցին լսեց գյուղի վրա արձակված արկի ուժգին պայթյունը: 1991-ի մայիսի սկիզբն էր… Արկի պայթյունը խաթարեց խաղաղ բնակիչների անդորրը: Արսենը մյուս առաջին դասարանցիների պես այդպես էլ չհասցրեց մասնակցել այբբենարանի տոնին նվիրված հանդեսին: Գյուղի անվտանգությունը դարձավ ամենակարևոր հարցը: Շատերը լծվեցին գյուղի ինքնապաշտպանական մարտերին, նրանց թվում նաև Արսենի հայրը՝ Արմեն Ադամյանը, որը մինչև 1994 թվականը մասնակցեց գյուղի ինքնապաշտպանությանը:

«Այդ տարիներին գյուղում զոհեր, վիրավորներ ենք ունեցել, չկա մի տուն, որ պատերազից չտուժեր. խանութները, տները, գյուղի ակումբը, գրադարանը, դպրոցն ու մանկապարտեզը մասամբ և լիովին ավերվել էին, շատ տներ այրվել էին, հեռախոսագծերը՝ վնասվել: Մեր տունը 3-4 անգամ արկակոծվել է: Տանը որոշ չափով ապահով անկյուններ կային, շատ ժամանակ գիշերներն այնտեղ էինք լուսացնում»,-1990-ականների հիշողություններով կիսվում է Բերդի տարածաշրջանի «Տաուշ» քաղպաշտպանական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Արսեն Ադամյանը և ընդգծում, որ այսօր գյուղի ուղղությամբ հնչող ցանկացած կրակոց ավելի ամուր ու մեկ բռունցք է դարձնում գյուղացիներին: Անկախ հակառակորդի կրակոցներից, գյուղում մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով, մանկապարտեզ հաճախող երեխաների ու նորածինների թիվն էլ ավելանում է: Սահմանամերձ բնակավայրերում բնակիչների համար հողաշեն ապաստարաններ, ապահով անկյուններ են կառուցվել: Կրակոցների ժամանակ էլ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը:

Արսենը որոշ ժամանակ Երևանում ապրելուց հետո հասկացել է, որ իր տեղը ծննդավայրում է: Ամուսնացել է հարևան Վերին Կարմիրաղբյուրի աղջիկներից մեկի՝ Մանե Պողոսյանի հետ, տեղափոխվել հայրենի գյուղ: 2017-ի սկզբներին ծնվել է նրանց որդին՝ Դավիթը, այս տարի գյուղում գրանցված առաջին ծնունդն է: Փոքրիկը շուտով 9 ամսական կլինի: Գյուղում հաստատվելուց հետո 2016-ի հունիսի 22-ին նշանակվեց Ներքին Կարմիրաղբյուրի քաղպաշտպանական հենակետի 24 հոգանոց խմբի հրամանատար, իսկ 2017-ի ապրիլից քաղպաշտպանական ջոկատի հրամանատարի տեղակալն է:

«Զօր ու գիշեր հենակետերում եմ, կարող եմ վստահաբար ասել, որ մեր տղաները պատրաստ են ցանկացած գործողության: Քաղպաշտպանության ստորաբաժանումներն ապահովված են գույքով, տեխնիկայով: Այսօր շատերն են ցանկանում ընդգրկվել ջոկատներում: Գյուղն ամուր է իր բնակիչներով. սահմանին օրորոցի ճռոցը, տան լույսը, շան հաչոցը 10 տանկ արժեն: Սահմանին կանգնող տղաներին հենց այդ ջերմությունն է ուժ տալիս»,- հավելում է փ/ծ լեյտենանտը:

Եվ պատահական չէր, որ Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտը բանակում ծառայելուց հետո ավարտեց նույն ֆակուլտետի ազգագրության բաժնի մագիստրատուրան՝ պաշտպանելով «Ներքին Կարմիրաղբյուրի ընդհանուր ազգագրությունը» թեմայով թեզ: Թողեց երևանյան խաղաղ կյանքը և վերադարձավ հակառակորդից ընդամենը 800-1000 մ հեռավորության վրա գտնվող իր ծննդավայրը՝ հայրենի օջախի լույսը վառ պահելու և սահմանի անդորրը հսկելու համար:

Մեծ ցանկություն ունի, որ զենքն օգտագործվի միայն ուսումնական նպատակով, բայց հարկ եղած դեպքում, հավաստիացնում է, դրանցով համարժեք պատասխան տալը չի ուշանա:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ