Գլխավոր Նորություններ ՔԱՂՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

ՔԱՂՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

1578
Տարածել

Ջոկատայինները բանակի մեջքը ձիգ են պահում

Հակառակորդի դիրքերին մոտ ապրող տավուշցիների խաղաղ առօրյան ապահովող առաջնագծի զինվորներին արդեն տևական ժամանակ է՝ միացել են նաև ԱԻՆ-ի քաղաքացիական պաշտպանական ջոկատի ծառայողները: Բերդի տարածաշրջանում հենակետեր են տեղակայված Ազատամուտ, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չորաթան, Չինարի համայնքներում:  Ծառայությունն իրականացվում է հերթափոխով, ծառայողները սահմանամերձ գյուղերի բնակիչներ են: «Նրանք լավ գիտեն տեղանքը: Գյուղում տեղի ունեցող ցանկացած դեպքին առաջինն իրենք են արձագանքում. հրդեհի մարում, ձյան մեջ արգելափակված մեքենայի դուրս բերում, առաջին բուժօգնության ցուցաբերում և այլ արտակարգ դեպքեր, պատրաստ՝ ապահովելու անվտանգությունը»,- նշեց Բերդի տարածաշրջանի քաղպաշտպանական ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Ադամյանը, որը նախկինում Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի ղեկավարն էր:

Այն, որ սահմանամերձ գյուղերում քաղպաշտպանական ջոկատների անհրաժեշտությունը կար, փաստում են և՛ գյուղացիները, և՛ ծառայողները: Բերդի տարածաշրջանի հրամանատար Մհեր Մեժլումյանը պատմում է, թե ինչ դժվարությունների էին բախվում, նախքան ջոկատների ստեղծումն ու անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով վերազինումը: «Երկու տարի առաջ հակառակորդի կրակոցներից Այգեպարում տուն էր այրվում, այն ժամանակ ծառայում էի Բերդի ՀՓՋ-ում: Համապատասխան տեխնիկա չունեինք, որ կարողանայինք մոտենալ ու մարել կրակը: Արդյունքում կրակը տարածվեց, և հարևան տունն էլ այրվեց: Իսկ այսօր ունենք և՛ հրշեջ տեխնիկա, և՛ զրահապատ, և՛ շտապօգնության մեքենա ու կարող ենք անխափան օպերատիվ գործողություններ իրականացնել: Բացի դրանից, երբ առաջնագծում մարտական գործողություններ են, մարդկանց տարհանելու, առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն է լինում: ՔՊ ջոկատների ստեղծմամբ այսօր արդեն այդ խնդիրն էլ լուծվել է,- ընդգծում է փ/ծ մայոր-հրամանատարը, որը մինչ այս նշանակումը Բերդի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալն էր և 8 տարվա փրկարարական աշխատանքի փորձ ունի: Ասում է՝ ապրելով սահմանամերձ շրջանում, չէր կարող չընդունել Բերդի ջոկատը ղեկավարելու առաջարկը:

Եթե սկզբնական շրջանում ջոկատներում ծառայության անցնելիս գյուղի երիտասարդները կամուկացի մեջ էին, ապա այսօր, տեսնելով ծառայության պայմանները, համալրում են ջոկատի շարքերը: Պատահական չէ, որ այս տարի միայն Բերդի ջոկատից 15-20 ծառայող, իր ապագան կապելով ծառայության հետ, ուսանում են ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

«Նախկինում նման ջոկատներ չկային, այսօր նրանք մեր բանակի մեջքը ձիգ են պահում: Ապրիլյան պատերազմի օրերին, երբ ամբողջ սահմանագծով տագնապ էր հայտարարվել, բանակին օգնել են ինժեներական աշխատանքներում, պարեկապահակային ծառայություն են իրականացրել: Երբ դեռ զենք կրելու իրավունք չունեին, հացի դանակներով, որսորդական զենքերով էին հսկողություն իրականացնում: Քաղպաշտպանության ջոկատայինները կանգնած են բանակի թիկունքին»,- ասում է ջոկատի տղաների  արած աշխատանքով հպարտացող հրամանատարը և ցանկանում, որ ամեն առավոտ սահմանամերձ գյուղերում միշտ լույսը խաղաղությամբ բացվի: