Գլխավոր Նորություններ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

471
Տարածել

Կայուն զարգացում ունենալու միակ ճանապարհը

Հոկտեմբերի 11-13-ը առաջին անգամ Երևանում անցկացվեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողով, որին մասնակցում էին ասիական և եվրոպական 17 երկիր՝ Սերբիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Մակեդոնիա, Իտալիա, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան և այլն: Համաժողովի կարգախոսն էր՝ «Մենք միավորում ենք աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված մեր ջանքերը հանուն կայուն զարգացման»: Հիմնական կազմակերպիչները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմն ու գործընկեր միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրեր, մանկական հիմնադրամ և այլն:

Աղետների ռիսկի նվազեցումը (ԱՌՆ) և կայուն զարգացումը փոխկապակցված են: Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով ընդունված «Կայուն զարգացում-2030» օրակարգի 17 նպատակից ութը «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրից» են:

Երևանում նման համաժողով անցկացնելու գաղափարը ծնվել է այս տարվա մայիսի 22-28-ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» 5-րդ համաժողովի օրերին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարած պատվիրակության հանդիպումներից: Երևանյան համաժողովում Դավիթ Տոնոյանը նշեց. «Զարգացման ոչ մի գործընթաց չի կարող լինել կայուն, եթե պայմանավորված չէ աղետների ռիսկի գիտակցմամբ», իսկ աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետք է մեկտեղվեն բոլորի ջանքերը՝ պետական կառույցներ, մասնավոր ընկերություններ, հասարակական և միջազգային կազմակերպություններ, գիտական հաստատություններ:

Երևանյան համաժողովի 2 օրում գումարվեց 6 նիստ, 15 թեմայի վերաբերյալ ներկայացվեց 35 զեկույց: Բանախոսներն էին ինչպես ԱԻ նախարարության և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ և միջազգային տարբեր կառույցների փորձագետներ (Միավորված ազգերի կազմակերպություն, Համաշխարհային բանկ և այլն): Համաժողովին զուհագեռ հարցերը քննարկվում էին Facebook սոցկայքում բացված էջում:

Երևանյան համաժողովի հիմնական նպատակը Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՌՆ վերաբերյալ երկխոսություն ծավալելն էր և փորձի փոխանակումը:

 

Մասնագետներն առաջարկում են ռիսկից առաջ ընկնել՝ ունենալ աղետների ռիսկի կառավարման գործող և մշտապես թարմացվող ծրագիր

Հենց այս տրամաբանությամբ էլ ընտրված էին քննարկվող թեմաները. «Կայուն զարգացում-2030» օրակարգի և «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի» իրականացմանն ուղղված ազգային ռազմավարություններ, տարածաշրջանային-անդրսահմանային համագործակցություն և ԱՌՆ ոլորտում պետություն-մասնավոր հատված գործընկերություն, դիմակայունության մշակույթ, ռիսկի ըմբռնման և Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման կարողությունների զարգացում, աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխություններին հարմարվողականության ոլորտներում գիտական և տեխնոլոգիական նորարարություններ, Սենդայի գործողությունների իրականացման համակարգումը մշտադիտարկման և գնահատման միջոցով:

Երկօրյա քննարկումներից հետո, համաժողովի երրորդ օրը՝ աղետների ռիսկի նվազեցման միջագայինն օրը՝ հոկտեմբերի 13-ին, անցկացվեց խորհրդարանական լսում, որի ժամանակ ընդունված խորհրդատվական բանաձևը կդառնա աղետների ռիսկի կառավարման յուրօրինակ ուղեցույց: Խորհրդարանական լսումների բանաձևի ընդունման պահին մեր թերթի այս համարն արդեն տպագրվել էր, ուստի այդ մասին՝ մեր թերթի հաջորդ համարում: Իսկ այս համարում ներկայացնենք հատվածներ համաժողովում հնչած մտքերից ու կարծիքներից:

Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն ունենալն անհրաժեշտություն է, որ կյանքի կոչվի աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագիրը: Քայլերը պետք է սկսել համայնքներից: Չունենալ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն, նշանակում է խոչընդոտել կայուն զարգացմանը:

Պետք է ոչ թե գնալ աղետների հետևից՝ զբաղվել աղետի հետևանքների վերացմամբ, այլ ունենալ աղետների ռիսկի կառավարման գործող և մշտապես թարմացվող ծրագիր՝ ռիսկից առաջ ընկնել և արդյունքում աղետի հետևանքների վերացման գումարներն ուղղել կայուն զարգացմանը:

Մոնտենեգրոյում աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը մշակվում է լայն հանրային քննարկման միջոցով, գիտական հիմնարկներ են ներգրավված, չորս համաժողով է անցկացվել, մոտ 100 զեկույց է լսվել: Իրականացվում են կրթական, ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր: ԱՌԿ ռազմավարության հետ ընդունվելու է նաև 2018-2023 հատվածի գործողությունների ծրագիր:

Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը թույլ չի տա շեղվել ճիշտ ուղղուց: Թե պետական, թե մասնավոր հատվածում մշտապես փոխվում են մարդիկ, ռազմավարությունը կլինի այն հենասյունը, որի վրա կկառուցվի դիմակայունություն և կայուն զարգացում՝ անկախ մարդկանց փոփոխությունից:

Այսօր աշխարհում պետական կառավարում ասելով չեն հասկանում նաև աղետների ռիսկի կառավարում, ինչը սխալ է: Քաղաքական գործիչներն առանձնապես չեն հետաքրքրվում ԱՌՆ-ԱՌԿ հարցերով, սակայն մասնագետներն ունեն քաղաքական աջակցության կարիք: Կան բացառություններ, օրինակ, Պերուն: Այստեղ կառավարությունը չի հաստատում ներդրումային որևէ ծրագիր, եթե դրանում չկա ԱՌԿ բաղադրիչ:

2014 թվականին ջրհեղեղից մարդկային և նյութական մեծ կորուստներ կրեցին երեք հարևան՝ Սերբիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն: Դրանից հետո նրանք տարածաշրջանային համագործակցություն են սկսել, որում արդեն 7 երկիր է ներգրավված և պատրաստ են իրենց հաջող փորձը կիսել բոլորի հետ: Օրինակ՝ Սերբիայում մտադիր են ընդունել ռիսկի գնահատման և ճգնաժամերի կառավարման մասին օրենք: Առաջիկայում կհրավիրեն մասնավոր ընկերություններին:

Սերբիայում հաշվել են, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրված մեկ եվրոն 7 եվրոյով կրճատում է աղետների հետևանքների վերացման վրա ծախսվող գումարները: Հայաստանի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ԱՌՆ ոլորտում մեկ միավոր ներդրումը հարյուրապատիկ օգուտի տեսքով է վերադառնում: ԱՌՆ ոլորտում ներդրումը ամենաարագ վերադարձվող ներդրումն է:

Ողջ աշխարհում աղետները տարեկան 250-300 մլրդ դոլարի նյութական վնաս են հասցնում: Մինչդեռ եթե աղետների ռիսկի կառավարման ծրագրեր իրականացվեն, զգալիորեն կկրճատվեն կորուստները:

Մակեդոնիան ողջ երկրում գնահատել է ռիսկը ըստ ոլորտների՝ կրթական, առողջապահական հաստատություններ, ժամանցի վայրեր և այլն, և ըստ ռիսկերի՝ հողի էրոզիա, ճանապարհների վիճակ և այլն: Մակեդոնիայի սեփական ուժերը բավարար չեն եղել, երկրին օգնել են ՄԱԿ-ը, ԵՄ-ը, ԱՄՆ և Ճապոնիայի կառավարությունները:

Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն ունեն միայն Հայաստանն ու Վրաստանը: Ղազախստանը մեկ միասնական ռազմավարություն չի ընդունի, մշակում է տարբեր աղետների՝ հրդեհ, ջրհեղեղ, սողանք և այլն, դեմ պայքարի առանձին փաստաթղթեր: Մնացած երկրները աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն կընդունեն մինչև 2018 թվականի ավարտը:

Ղազախստանում մասնավոր ընկերությունները պարտավոր են սոցիալական ծրագրեր իրականացնել՝ կանաչապատում, կամրջի նորոգում և այլն, որոնք ևս տեղավորվում են ԱՌՆ տրամաբանության մեջ:

Աղետը սահման չի ճանաչում: Պետության սահմանը աշխարհագրական եզրույթ է և այնքան էլ տեղին չէ աղետի դեպքում: Պետական մեկ կառույցը, կամ մեկ պետությունը չի կարող միայնակ պայքարել աղետների դեմ: Աղետների ռիսկի կառավարման ոլորտում հարևանների համագործակցությունը կարող է հաջողություն արձանագրել: Անհրաժեշտության դեպքում թող միջազգային կառույցների օգնությանը դիմեն:

Կան երկրներ, որ փորձում են մշակել ռիսկի գնահատման ինդեքս՝ հենված երեք բաղադրիչի վրա. վտանգներ, խոցելիություն, դիմակայելու կարողություններ: Եվ քանի որ կանայք ու երեխաներն ամենախոցելի խավն են, ԱՌԿ ծրագրեր կազմելիս պետք է նաև նրանց լսել: Շատ երկրներ այդպես են անում՝ համայնքի կամ տարածքի ռիսկերը ճանաչել-գնահատելու համար հարցում են անցկացնում տեղաբնակ կանանց և երեխաների շրջանում:

Աղետների ռիսկի կառավարման հարցում հեշտ բան չկա, բայց կայուն զարգացում և դիմակայուն երկիր ունենալու այլ ճանապարհ էլ չկա: Եթե նման պետություն ես ուզում, պիտի զբաղվես ԱՌՆ-ԱՌԿ հարցերով:

Անվտանգության մշակույթի ձևավորումը պետք է սկսել նախակրթարանից ու կրթել բարի մարդ, որ մի 20 կամ 30 տարի հետո ունենանք բարի սերունդ, երբ յուրաքանչյուրը մտածում է աղետի դեպքում դիմացինին օգնության շտապելու մասին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝

Վահրամ ԱՎՈՅԱՆ