Գլխավոր Նորություններ Հրդեհ՝ հանրակացարանում

Հրդեհ՝ հանրակացարանում

453
Տարածել

Հոկտեմբերի 10-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցում գտնվող հանրակացարանում։ Դեպքի վայր էին մեկնել  երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան։

Հրդեհաշիջման հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արտյոմ Բաբայանի խոսքով՝ ավտոսանդուղքը նեղ փողոցի պատճառով չի կարողացել մոտենալ բնակարանի պատուհանին։ Փողրակներն աստիճանավանդակներով հասցրել են 8-րդ հարկ և հրդեհաշիջում կատարել միջանցքից։ «Հարկը ծխապատ էր և բարձր ջերմություն կար։ Սողեսող հետախուզություն ենք արել ու պարզել, որ բնակարաններից մեկում ծխահարված երիտասարդ կին կա։ Նրան  դուրս բերեցինք ավտոսանդուղքի միջոցով և հանձնեցինք շտապօգնության աշխատակիցներին։ Մյուս 16 բնակիչներն արդեն տարհանվել էին»,- մանրամասնեց փրկարարը։

Փ/ծ կապիտանը օգնության էր հասել նաև  ճաշարանում արգելափակված տատիկին, որը ծխահարվել էր, դժվարանում էր շնչել։ Կանխատեսելով հնարավոր հետևանքներն ու գերադասելով ժամանակ չկորցնել՝ փրկարարը տարեց կնոջն էր տրամադրել իր շնչադիմակը և օդաբալոնը մեջքին՝ ուղեկցել նրան անվտանգ գոտի։

Ավագ հրահանգչի կանխատեսմամբ՝ 15 րոպե ուշացումը կարող էր տուժածների համար ճակատագրական լինել, քանի որ 30 մ ձգվող միջանցքում խիտ ծուխ էր, պատուհանների բացակայության պատճառով օդափոխության հնարավորություն չկար։

Բարեբախտաբար միակ վնասը  նյութական է եղել, այրվել է բնակարանի ամբողջ գույքը։  Հրդեհաշիջումը տևել է 1,5 ժամ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ