Գլխավոր Նորություններ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

396
Տարածել

ՀՈԿՏԵՄԲԵՐ 9. նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակությանը՝ կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր շարունակել դեռևս 2017-ի մայիսին Մեքսիկայում կայացած ԱՌՆ գլոբալ պլատֆորմի ընթացքում սկսած երկխոսությունը, ամփոփել նախարարության և ՄԱԶԾ համագործակցության արդյունքները, նախանշել գործակցության հետագա ուղղությունները:

Ջո Շոուերն իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ն այժմ իր գործունեությունն ուղղում է նաև աղետից հետո արագ և արդյունավետ վերականգնման պլանների մշակմանն ու գործընթացների կազմակերպմանը: Նա նաև վերահաստատել է Հայաստանում ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը:

«Ամեն ճգնաժամ զարգացման ծրագրերի տապալման արդյունք է,- ասել է Ջո Շոուերը,- մեր հիմնական նպատակն է օգնել երկրներին ձևավորելու քաղաքական կամք՝ աղետների ռիսկի նվազեցումը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար»:

Հանդիպմանը քննարկվել են ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրականացման մեխանիզմներն ու խոչընդոտները, ԱՌՆ ոլորտ մասնավոր հատվածի ներգրավման և տարածաշրջանային համագործակցության խթանման հարցերը:

ՄԱԶԾ կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շոուերը Երևան է ժամանել մասնակցելու «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով միջազգային համաժողովին:

ՀՈԿՏԵՄԲԵՐ 9. Նախարար Դավիթ Տոնոյանը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (Armenia National Disaster Risk Management Program) շրջանակում ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ:

Քննարկվել են «Աղետների ռիսկի կառավարման» ծրագրի շրջանակներում Բանկի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են քիմիական թափոնների պահպանման և վերացման գործընթացում Համաշխարհային բանկի տեխնիկական և խորհրդատվական օժանդակության հնարավորություններին: Ընդգծվել է ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական և Սեյսմիկ պաշտպանության ծառայությունների արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունը:

Քննարկվել են նաև Հայաստանում մարզային և համայնքային մակարդակներում աղետների ռիսկի մոնիթորինգի և գնահատման թվային համակարգի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հյուրերն այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթացել «911» ծառայության աշխատանքներին:

 

Աղբյուր՝ www.mes.am