Գլխավոր Նորություններ ԿԱՊԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ՝ ԳԱՐՆԱՆԸ

ԿԱՊԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ՝ ԳԱՐՆԱՆԸ

397
Տարածել

Գարնանը նախատեսվում է իրականացնել Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ ծրագրված առաջին թռիչքը: Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ չվերթների իրականացման համար արդեն գնվել է 19 տեղանոց չեխական արտադրության L-410 մակնիշի ինքնաթիռ: «Այն Հայաստանում կլինի մարտին, իսկ առաջին թռիչքը՝ մայիսին: Թռիչքների հաճախականությունը կախված է պահանջարկից, բայց նախնական պլանավորվում է օրական մեկ թռիչք»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Սյունիքի մարզպետի մամլո խոսնակ Վազգեն Սաղաթելյանը: Ինքնաթիռի արժեքը 5,5 մլն եվրո է, որից 1,5 մլն հատկացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Օդանավի երկկողմանի տոմսերի գները դեռևս վերջնականապես որոշված չեն, տատանվելու են 30-40 հազար դրամի սահմաններում: Հատուկ սակագին է սահմանվելու ուսանողների համար: Բացի դրանից, Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել, իսկ որոշ դեպքերում լիովին փոխհատուցել առողջական կամ այլ նպատակով շտապ Երևան տեղափոխվելու կարիք ունեցող սյունեցիների տոմսերի գումարը։

Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2017-ի առաջին կիսամյակից:

«Թռիչքուղու և թռիչքադաշտի ուսումնասիրություններ են կատարվել: Ավիացիոն մասնագետների հետ ուսումնասիրվել են թռիչքուղու վերանորոգման անհրաժեշտ ծավալները, պատվիրվել և կատարվել են ուղևորային համալիրի շենքի նախագծման աշխատանքները, Կապան համայնքի ավագանու հետ կնքվել է կոնցեսիոն կառավարման պայմանագիր»,- նշեց խոսնակը։

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք՝ օդանավակայանի համալիրի վերականգնման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլն դոլար: Ծրագիրը կիրականացվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Այսուհետ, Կապանից-Երևան 5-6 ժամ տևողությամբ ճանապարհը հնարավոր կլինի անցնել 40 րոպեում: Պատասխանատուները հավաստիացնում են, որ Կապանի օդանավակայանի վերագործարկումը ոչ թե կոմերցիոն ծրագիր է, այլ սոցիալական՝ միտված սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ հեշտացնելուն:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ