Գլխավոր Նորություններ ԸՆԴԴԵՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ԸՆԴԴԵՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

363
Տարածել

Հայաստանում իրականացված ծրագիրն ուշագրավ է շատերի համար

Սեպտեմբերի 26-28-ը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացել է «Շրջակա միջավայր և արտակարգ իրավիճակներ-2017» արդեն 11-րդ համաժողովը, որին մասնակցել է 100 երկրի 160 ներկայացուցիչ, նաև Հայաստանի ներկայացուցիչ՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության քիմիական, ճառագայթային, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը: Նման համաժողովներ անցկացվում են 1995-ից, երկու տարին մեկ: «Շրջակա միջավայր և արտակարգ իրավիճակներ-2017» համաժողովի կարգախոսն էր «Ճգնաժամից դեպի հնարավորություն. կառուցենք կայունություն՝ բնապահպանական արտակարգ իրավիճակների ռիսկի կառավարման միջոցով»:

Դեռևս 1993-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արձանագրեց, որ բնապահպանական արտակարգ իրավիճակները լուրջ վտանգ ու սպառնալիք են մարդու առողջության, հանրային կյանքի հաջող ընթացքի ու զարգացման, տնտեսության համար: Քննարկման ժամանակ կարևորվեց բնապահպանական արտակարգ իրավիճակների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունն ու ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ու մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի փորձագետներից ձևավորվեց «Շրջակա միջավայրի միացյալ խումբ»: 1995-ից սկսեցին «Շրջակա միջավայր և արտակարգ իրավիճակներ» համաժողովները, մշակվեց «Բնապահպանական արտակարգ իրավիճակների արագ գնահատման գործիք»՝ (The Flash Environmental Assessment Tool` FEAT), 2012-ից գործում է բնապահպանական արտակարգ իրավիճակների վիրտուալ կենտրոն, որը, տեղեկությունների և փորձի փոխանակման հարթակ լինելուց բացի, նաև առցանց դասընթացներ է կազմակերպում:

Հայաստանում «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ և բնապահպանական արտակարգ իրավիճակների արագ գնահատման գործիքի` FEAT տեղայնացում» թեմայով վերապատրաստման դասընթաց առաջին անգամ կազմակերպվել է 2015-ի հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի փորձագետների մասնակցությամբ: Վերապատրաստվել է տեղացի 12 մասնագետ, այդ թվում՝ Վալերի Բագիյանը, որոնք իրենց հերթին նույն թեմայով դասընթացներ են կազմակերպել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համար: 2015-ի հոկտեմբերից մինչ օրս FEAT վերաբերյալ 5 դասընթաց է կազմակերպվել, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Քիմիական պաշտպանություն» առարկայի ծրագրում ներառվել են FEAT թեմայով դասաժամեր, Սյունիքի մարզի Կապան քաղաքում փորձնական ծրագիր է իրականացվել: Փորձնական ծրագրի շրջանակում անցկացված դասընթացին մասնակցել են ոչ միայն փրկարարները, այլև քաղաքապետարանի աշխատակիցներ, քաղաքի կենցաղում կարևոր դեր ունեցող կառույցների՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների աշխատակիցներ: Մասնագետների կարծիքով, «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ և բնապահպանական արտակարգ իրավիճակների արագ գնահատման գործիքի` FEAT տեղայնացում» դասընթացի կարևորությունը փորձարկված և արդարացված է:

«Շրջակա միջավայր և արտակարգ իրավիճակներ-2017» միջազգային համաժողովում Վալերի Բագիյանը խոսել է հենց այս ամենի մասին: Հայաստանի ներկայացուցչի ելույթի վերնագիրն էր՝ «Հայաստանում քիմիական վթարների արձագանքման կարողությունների հզորացում՝ բնապահպանական արտակարգ իրավիճակների արագ գնահատման գործիքի օգնությամբ»: Ելույթը հնչել է համաժողովի «Բնապահպանական արտակարգ իրավիճակներին արձագանքման պատրաստվածություն» նստաշրջանի «Բնապահպանական արտակարգ իրավիճակների և տեխնոլոգիական վթարների կանխարգելում և պատրաստվածություն՝ տեղական մակարդակում» քննարկման ժամանակ:

Վալերի Բագիյանի խոսքով՝ ելույթից հետո իրեն են մոտեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Եվրոպայի գրասենյակի տարածաշրջանային ծրագրերի համակարգող Մարիկա Փալոսահարին և Հայաստանում FEAT տեղայնացման ծրագրի անկախ փորձագետ, Քեմբրիջի համալսարանի դասախոս Կարեն Փերեզը: ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ տպավորված է արվածից ու մտադիր է դիմել կառույցի ղեկավարությանը Հայաստանում ծրագրի շարունակության համար գումար տրամադրելու առաջարկով: Կարեն Փերեզի կարծիքով էլ, ողջունելի է, որ բնապահպանական արտակարգ իրավիճակների կանխարգելման արձագանքման պատրաստվածության հարցով շահագրգիռ պետական կառույցը արտակարգ իրավիճակների նախարարությունն է, և հարցը դիտվում է դիմակայուն հասարակություն ունենալու, աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ: Ու թերևս հենց հարցի լուծման համալիր լուծում գտնելու աշխատաոճն է դոնորներին դրդում Հայաստանին գումարներ տալ այսօրինակ ծրագրերի համար:

Վալերի Բագիյանը Քենիայում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում սահմանափակվել մասնագետների վերապատրաստմամբ: «Մտադիր ենք ստեղծել Բնապահպանական արտակարգ իրավիճակների արագ գնահատման գործիքի՝ FEAT էլեկտրոնային տարբերակը, որից կօգտվեն Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնները»,- տեղեկացրեց Վալերի Բագիյանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ