Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

632
Տարածել

«Կասկածելի» ուսապարկը

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Արարատի ու Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 5 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, թե խաղալիք ուղղաթիռն արգելափակվել է Մարգարյան փողոցի շենքերից մեկի տանիքին: Հրշեջ-փրկարարները խաղալիքն իջեցրել են տանիքից: Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Նանսենի փողոցում կասկածելի պարկեր են կուտակված: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են բրեզենտե ուսապարկ և ներքնակ: