Գլխավոր Նորություններ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

644
Տարածել

Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին մեկամսյա ժամկետում տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ գույքագրել ճանապարհային պատահարների հետևանքով ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ` դրանց վերականգնման ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության կքննարկվի նաև իրավական ակտի նախագծի մշակման հարցը: Ոստիկանության պետին հանձնարարվել է աահմանել խիստ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար: «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին, գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,- նշել է վարչապետը:

Նույն նիստում կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության ներդրումային ծրագրին: Կաթիլային ոռոգման համակարգ արտադրող ընկերությունը կազատվի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից: Ծրագրով կներդրվի 4,1 միլիարդ դրամ, 3 միլիարդ արդեն ներդրվել է, կստեղծվի 25 նոր աշխատատեղ, ամբողջ արտադրանքը կիրացվի Հայաստանում: