Գլխավոր Նորություններ ՍՊԾ. 26 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՍՊԾ. 26 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

507
Տարածել

Այս տարվա սեպտեմբերի 14-ին գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը»: Փաստաթուղթը մշակել է կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն՝ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության  ծառայության մասնագետների մասնակցությամբ:

Ըստ փորձագիտական գնահատականների՝ հանրապետությունում կա ավելի քան 545 հազար շենք և շինություն, այդ թվում՝ 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենք և շինություն (այդ թվում` պատմամշակութային հուշարձաններ):

Ռազմավարությամբ 2018-2030 թթ. հատվածի համար նախատեսված է 11 միջոցառում՝ չորս փուլով:

Առաջին փուլ՝ 2018-2020 թթ.: Ծրագրերի մշակում՝ շենքերի գույքագրում, շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտի գործող նորմատիվատեխնիկական դաշտի բարելավում, արդիականացում, շենքերի սեյսմակայունության բարձրացման նոր տեխնոլոգիաների մշակում և այլն:

Երկրորդ փուլ՝ 2020-2022 թթ.: Շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում:

Երրորդ փուլ՝ 2023-2025 թթ.: Շենքերի սեյսմակայության բարձրացման ուղղված նորարարական տեխնոլոգիաների հնարավոր կիրամամբ մշակված նախագծային փաստաթղթերի համաձայն՝ փորձնական ծրագրերի իրականացում:

Չորրորդ փուլ՝ 2025-2030 թթ.: Ծրագրերի համալիր իրականացում:

Արդյունք՝ սեյսմիկ ռիսկի նվազեցում, սեյսմակայուն շինարարության նորմատիվատեխնիկական դաշտի արդիականացում, բնակչության կենսագործունեության համար անվտանգ և կայուն պայմանների ստեղծում, անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում և այլն:

Հայաստանում սեյսմիկ անվտանգության մասին սկսեցին խոսել Սպիտակի երկրաշարժից հետո: Երկրաշարժից 2 տարի անց՝ 1991-ի հուլիսի 17-ին, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, որն այսօր արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներից մեկն է՝ բազմաթիվ գործառույթներով. հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում ու գնահատում, սեյսմիկ վտանգի հետ կապված երկրորդային վտանգի և քաղաքներում շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատում, բնակչությանը երկրաշարժերից պաշտպանվելու կանոնների ուսուցում, երկրաշարժից տուժածների որոնում ու փրկարարական աշխատանքները համակարգող ծառայություն և այլն: ՍՊԾ-ը մշակել է սեյսմիկ պաշտպանության բոլոր տարրերն ընդգրկող «Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ՀՀ տարածքում», «Սեյսմիկ ռիսկի նվազեցումը Երևան քաղաքում» ռազմավարական, պետական համալիր, երկարաժամկետ ծրագրեր, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ սեյսմակայուն շինարարության նոր չափանիշներ, գնահատել Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգը և այլն: Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ են ներկայացրել հանրապետության նախագահին և վարչապետին: Հայաստանի ՍՊԾ-ը սեյսմոլոգիական միջազգային կենտրոն է և համագործակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Հունաստանի, Իրանի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Վրաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ երկրների համանման կենտրոնների հետ:

Այսօր ծառայությունն իր տրամադրության տակ ունի սեյսմիկ, հեռաչափական, ռադոնաչափական, Էլեկտրամագնիսաչափական, հիդրոերկրադինամիկական, երկրաքիմիական, գրունտների ուժեղ շարժումների գրանցման, իոնոսֆերային դիտարկումների և այլ կայաններ:

Դրանց քանակը մշտապես ավելացվում է: Կայաններ կան նաև Արցախում:

Հիմնադրման օրվանից մինչ օրս՝ 26 տարում, Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել, որոնք կներկայացնենք մեր առաջիկա համարներում: