Գլխավոր Նորություններ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

6868
Տարածել

Մեր թերթի նախորդ համարում, ԱԻՆ-ի պաշտոնական լուրերի էջում տեղակացրել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 6-ի հրամանագրով ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում: Խորհրդանշական էր հրամանագրի ստորագրման օրը. նախագահի հրամանագրից երեք օր առաջ նորաշնորհ գեներալը տոնում էր իր ծննդյան 55-րդ տարեդարձը: Առավել խորհրդանշական էր կոչումը շնորհելու օրը. գեներալական ուսադիրները նրան անձամբ պարգևեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին՝ մեր երկրի անկախության տոնի առիթով իր նստավայրում հրավիրված հանդիսության ժամանակ:

1990 թվականից երկրապահ կամավորների հետ մասնակցել է Արցախյան ազատամարտին, արժանացել բազմաթիվ պարգևների ու մեդալների: Մուշեղ Ղազարյանը եղել է Շենգավիթ համայնքի «Մուշ» կամավորական ջոկատի և «Շենգավիթ» գումարտակի հրամանատարը: «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամ է:

Վաստակաշատ փրկարարը արտակարգ իրավիճակների համակարգում է 2004 թվականից: Արտակարգ իրավիճակների համակարգում աշխատելու տարիներին Մուշեղ Ղազարյանը փրկարարական գործին նվիրվեց նույն մարտական ոգով: 2004-2005-ին որպես փորձառու զինվորական՝ նա գլխավորեց արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության գունդը: Եթե պատերազմում հայրենիքը պաշտպանում էր թշնամուց, ապա խաղաղ պայմաններում  բնակչությանը  պետք էր պաշտպանելարտակարգ իրավիճակներից: 2005-2007-ին նա արդեն մեր երկրի ամենաարդյունաբերական մարզի՝ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետն էր, իսկ 2007-2014-ին նշանակվեց ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ և միաժամանակ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Խիտ բնակեցված, արտադրական ձեռնարկություններով հարուստ Երևանի հրշեջ-փրկարարները նաև նրա շնորհիվ ու հրամանատարությամբ լավագույնն էին տարածաշրջանում: Փրկարարական գործում նրա անբասիր ծառայությունն էր պատճառը, որ 2016-ի հուլիսի 18-ին նա նշանակվեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:

Հրդեհաշատ այս տարին մեծ փորձություն էր փրկարարական մեծ ընտանիքի համար: Պատվով դուրս եկան դժվարին գործից: Մուշեղ Ղազարյանի օպերատիվ կառավարման երկարամյա փորձն ու հմտությունները լավագույնս դրսևորվեցին Արտավանի, Խոսրովի, Բյուրականի անտառային հրդեհաշիջման գործողություններում: Արտակարգ իրավիճակների կառավարման մասնագետի խստապահանջությամբ ղեկավարեց հրդեհաշիջման շտաբները՝ հրամանատարելով փրկարարական զորքը, առանց կորուստների այն դուրս բերեց դժվարին հրդեհաշիջումներից: Տեսնել էր պետք նրան ջրամաններով բեռնված ամենագնացով, անձամբ պետք է ընդուներ հրդեհաշիջված տարածքը, ծխացող օջախների հայտնաբերման դեպքում ինքը պետք է հանգցներ:

Տեսնել էր պետք զօր ու գիշեր նրա աշխատանքը, նրա անհանգստությունը վտանգի մեջ աշխատող փրկարարի համար, կրակված անտառից նրա տխրությունը: Ու նաև ուրախ ձայնը, երբ հաղթված էր ամենակուլ հուր կրակը, նրա խրոխտ հրամանը. «Զորքը դուրս է գալիս անտառից»:

«Նաիրիտում» ամենաանհանդարտն ինքն էր՝ ամենից շատ քիմիական նյութի վտանգավորությունից: Հանդարտվեց ու առավել եռանդով լծվեց գործին, երբ պատասխանը եկավ՝ ծուխը քաղաքին վտանգավոր չէ:

Ու այդպես անհանգիստ ու անհանդարտ բոլոր արտակարգ իրավիճակներում:

…Նորաշնորհ գեներալ-մայորին՝ մեր շնորհավորանքները:

Անփորձանք ծառայություն՝ Երկրին, Ժողովրդին: