Գլխավոր Նորություններ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

525
Տարածել

Արտաքին և ներքին հրդեհների գազերի փոխանակում

Սկիզբը՝ նախորդ համարներում

Արտաքին հրդեհների գազային փոխանակման սխեման բնութագրվում է սյան կամ շարժվող շարասյուն ձևով բարձրացող այրման գազային արգասիքների առկայությամբ: Սյան բարձրությունը որոշվում է այրման տաք արգասիքների և օդի մթնոլորտային ճնշումների տարբերությամբ: Կախված քամու արագությունից՝ լիայրման արագությունը կարող է ավելանալ, ուստի կարող է ավելանալ նաև գազային փոխանակման ինտենսիվությունը: Բացի դրանից, գազերի փոխանակման արագությունը կախված է նաև այրման արգասիքների և շրջակա մթնոլորտային օդի ջերմաստիճանների տարբերությունից: Որքան ավելի մեծ է ջերմաստիճանների տարբերությունը, այնքան մեծ է այրման գազային արգասիքների և շրջակա մթնոլորտային օդի ծավալային քաշերի տարբերությունը: Ծավալային քաշերի տարբերությունը գազային փոխանակման ստեղծման և դրա արագության հիմնական շարժիչ ուժն է: Գազային փոխանակման ժամանակ քամին ավելացնում է շարժման արագությունը և ճշգրտում ուղղությունը: Գազային փոխանակման ընթացքում գազային զանգվածների շարժման արագության վրա էական ազդեցություն է թողնում նաև մթնոլորտային ճնշումը: Որքան բարձր է մթնոլորտային ճնշումը, այնքան ավելի ցածր է գազային փոխանակման արագությունը: Արտաքին հրդեհների գազային փոխանակման արագությունը կախված է նաև մթնոլորտային տեղումներից: Գազային փոխանակման արագությունը սովորաբար ավելի բարձր է այրման գոտու մոտ: Որքան ավելի հեռու է այրման գոտին, այնքան այրման և գազերի շարժման արագությունն ավելի ցածր է: Հնարավոր չէ փոխել արտաքին հրդեհի գազային փոխանակման սխեման՝ առանց հրդեհը մարելու:

Արտաքին հրդեհների գազային փոխանակման արագությունը միշտ ավելի բարձր է, քան ներքին հրդեհների գազային փոխանակման արագությունը:

Ներքին հրդեհների գազային փոխանակումը կախված է շինության (սենյակի, տարածքի) օդափոխանակումից, շինության (սենյակի, տարածքի) բարձրությունից, այրվող նյութերի բեռնվածությունից, շենքի ճարտարապետա-նախագծային լուծումներից: Այրվող տարածքի (սենյակի) ներսում ստեղծվում են երեք տարբեր ճնշումներով գոտիներ.

գ վերին գոտի՝ այրման գազային արգասիքներով, մթնոլորտայինից բարձր ճնշումով,

գ ստորին գոտի՝ մթնոլորտայինից ցածր օդի ճնշումով,

գ չեզոք գոտի՝  ճնշումները հավասարվում են զրոյի:

Որքան ավելի ցածր է չեզոք գոտին, այնքան ավելի մեծ է ծխի կոնցենտրացիան, ավելի բարձր են ծխի հարակից տարածքներ տարածման հնարավորությունները: Գազային փոխանակման վրա ազդում է ոչ միայն արտաքին որմնանցքերի բացումը, այլև որմնանցքերի գտնվելու վայրը, մակերեսը, տարածքի հատակի մակերեսի և այրման (հրդեհի) մակերեսի հարաբերակցությունը:

Ըստ գտնվելու վայրի՝ բացվածքները (որմնանցքերը) լինում են ստորին և վերին, միաշարք և երկշարք, ըստ նշանակության՝ ներծծիչ, արտածծիչ և ներծծիչ-արտածծիչ:

Վառվող տարածքի (սենյակի) ներսում չեզոք գոտու բարձրությունը տարբեր է՝ պայմանավորված բացվածքների (որմնանցքերի) բարձրությամբ:

  1. Որքան մեծ է հեռավորությունը ներծծիչ և արտածծիչ բացվածքների կենտրոնների միջև, այնքան բարձր է չեզոք գոտին:
  2. Չեզոք գոտին գտնվում է ավելի մոտ այն բացվածքներին, որոնց մակերեսն ավելի մեծ է:
  3. Բացվածքների մակերեսների և օդի ու այրման ապրանքների խտության մեծ տարբերության դեպքում չեզոք գոտին կլինի ավելի մոտ ներծծիչ բացվածքին:

Արտածծիչ անցքերի մակերեսների ավելացման դեպքում զգալիորեն մեծանում է գազային փոխանակման արագությունը: Փոխելով որմնանցքերի մակերեսը, կարելի է փոխել և չեզոք գոտու բարձրությունը և լիայրման արագությունը: Բաց ստորին բացվածքների ժամանակ, այսինքն, երբ դրանք աշխատում են որպես ներծծիչ-արտածծիչ բացվածք, չեզոք գոտին կլինի աշխատանքային գոտուց ավելի բարձր:

 

(շարունակելի)

 

Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ  «Փրկարարական ամբիոնի» դասախոս