Գլխավոր Նորություններ ԿՐԿԻՆ ՆՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՆՑՆԵՄ

ԿՐԿԻՆ ՆՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՆՑՆԵՄ

2335
Տարածել

Երկրապահը, մանկավարժ-փրկարարը

«Իմ կյանքի փորձն իմ հարստությունն է»,- այսպես է բնորոշում իր անցած ճանապարհը փ/ծ գնդապետ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան Գևորգ Հովակիմյանը: Դեռ 9-րդ դասարանից է հետաքրքրվել լեռնային տուրիզմով, իսկ առաջին անգամ փրկարարական աշխատանքների մասնակցել է 21 տարեկանում՝ 1979 թ. օգոստոսին. «Լեռնային արշավի էինք Կենտրոնական Պամիրում: Ահազանգ ստացանք, որ 6 լեռնագնացներ են գահավիժել անդունդը. գիշերային վերելքի ժամանակ կախված սառցադաշտը պոկվել էր: Անհրաժեշտ էր որոնողական աշխատանքներ իրականացնել»:

Փրկարարական աշխատանքների է մասնակցել նաև Կենտրոնական Կովկասի Ուժբա լեռան վրա, իսկ ավելի ուշ՝ Էլբրուս լեռան լանջին. «Բայց իմ մասնակցությամբ ամենատպավորիչ և ամենադժվար փրկարարական աշխատանքը, որ անջնջելի է մնացել հիշողությանս մեջ, Սպիտակի երկրաշարժի օրերն էին: Հենց դեկտեմբերի 7-ի երեկոյան մեկնեցինք Լենինական, այդ ժամանակ աշխատում էի մանկապատանեկան տուրիստական հանրապետական կայանում, որպես բաժնի վարիչ: Այդ տարիներին չունեինք գույք նման փրկարարական աշխատանքների համար, աշխատում էինք լինգերով, պարաններով, բահերով: Ամեն մեկը փորձում էր իր հարազատին փրկել, բայց իրականում խանգարում էին որոնողական աշխատանքներին: Ահավոր է, երբ տուժածի ձայնն ես լսում, բայց միջոց ու հնարավորություն չունես ժամանակին փրկելու: Բայց ինչ-որ չափով ինձ հանգիստ եմ զգում, որ կարողացել եմ նաև մարդկային կյանքեր փրկել այդ օրերին»:

2003-ին էլ մասնակցել է երկրաշարժի հետևանքով փրկարարական աշխատանքների՝ այս անգամ արդեն Իրանի Բամ քաղաքում: Վրաստանին օգնության հասնելը նույնպես երկրաշարժի առիթով էր: Իսկ Տաջիկստանում սելավն էր քշել-տարել՝ ինչ պատահել էր ճանապարհին, անհրաժեշտ էր յուրտեր կառուցել փրկվածների համար: Անցած ճանապարհի հենց այս հատվածում էր, որ 2004-ին Գևորգ Հովակիմյանին շնորհվեց միջազգային կարգի փրկարարի որակավորում:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետն ավարտած, մանկավարժությամբ կյանքի ճանապարհը սկսած և, նախ որպես հոբբի, լեռնային տուրիզմը մասնագիտության վերածած ապագա փրկարարին 1997-ին, երբ Արտակարգ իրավիճակների վարչությունում ձևավորվում է արագ արձագանքման փրկարար ջոկատ, հրավիրում են ջոկատի անդամների հետ դաշտային ուսումնավարժանքներ անցկացնելու: «Պարապմունքներն անցկացնում էինք Արզնու ձորում, Հատիսի, Արայի լեռան վրա, Արագած սարի լանջերին: Այդպես սկսվեց ճանապարհը փրկարար վարչություն, և 1999-ի փետրվարին հրավիրեցին ծառայել Արտակարգ իրավիճակների վարչությունում, լեյտենանտի կոչումով»,- հիշում է փ/ծ գնդապետը:

Իսկ մինչ այդ Արցախն էր, և մշեցու թոռը պարզապես չէր կարող չմասնակցել ազգային ազատագրական պայքարին. «Արյան կանչն ինձ դրդեց դուրս գալ պայքարի»: Շարժման առաջին օրերից եղել է Արցախի ազատությունը պահանջողների շարքում և արդեն 1989-ին նորաստեղծ «Կոռնիձոր» ջոկատի կազմում պաշտպանում էր Հայաստանի սահմանները. «1990-ի մարտին լուսահոգի Վազգեն Սարգսյանը ջոկատից առանձնացրեց մեր ալպինիստների խումբը՝ ստեղծելով նոր «Հատուկ հետախուզական փրկարարական ջոկատ», և մենք սկսեցինք իրականացնել հետախուզական աշխատանքներ: Շրջափակման մեջ ընկած ազատամարտիկներին էինք տարբեր կածաններով դուրս բերում թշնամու օղակից, տեղեկություններ հավաքում, մասնակցում մարտերին»:

Իսկ փ/ծ գնդապետը Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ եղել է դեռ 1982-ին՝ արշավ կազմակերպելով Վարդենիս-Սոտք-Քելբաջար-Դադիվանք-Մարտակերտ-Գանձասար-Ստեփանակերտ երթուղով. «Որից հետո համապատասխան ծառայությունները մեզ արգելեցին շարունակել արշավը, անգամ բռնագրավեցին մեր բոլոր լուսանկարած ժապավենները և մեզ ստիպեցին դուրս գալ Ղարաբաղի տարածքից»: Դեռ մանուկ հասակից է շրջել Հայաստանում, անցել կածաններով ու տեսել շատ հուշարձաններ: Տեսել է նաև Ջուղայի խաչքարերը, Գնիշիկի խաչքարերը, որը շատ քիչ է զիջում Նորադուսին: «Այդպես, որպես արշավորդ հասել եմ Հայաստանի գրեթե բոլոր հուշարձաններին: Այդ ամենը չէր կարող իր ազդեցությունը չթողնել իմ ներաշխարհի վրա: Ես պետք է անցնեի ազգային ազատագրական շարժման միջով և փրկարարի ճանապարհով»:

Ցույց է տալիս Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ վկայականը՝ 30.07.1990 թ. «Հայաստանի պառլամենտի պաշտպանության խորհուրդը ստեղծեց երկրապահ զորամիավորումներ, որի անդամն եմ եղել՝ 220-րդ համարը: Իսկ այդ ժամանակ այս վկայականներից մի քանի հազար հատ տրվեց ազատամարտիկներին»: Արժանացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալի, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանի՝ 1992-1994 թթ., «Լենինական-Սպիտակ-88» փրկարարական աշխատանքների մասնակցի հոբելյանական կրծքանշանի, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալի, արցախյան «Մայրական երախտագիտություն», «Դրաստամատ Կանայան», «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար» մեդալների, նաև Միջազգային կարգի փրկարարի կրծքանշանի: Այդքանով չի ավարտվում մեդալների ու կրծքանշանների շարքը, որոնք շուրջ երկու տասնյակի են հասնում, այդ թվում նաև «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ: Իսկ 2016-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Իսկ խաղաղ ժամանակ անհրաժեշտ է փրկարարներ պատրաստել, և Գևորգ Հովակիմյանը նախ նշանակվում է Փրկարար ուժերի պատրաստման վարչության բաժնի պետի տեղակալ, այնուհետև՝ պետ, որից հետո. «2001-ին վարչությունում ստեղծվեց փրկարար ուսումնական կենտրոն, և ես նշանակվեցի այդ կենտրոնի պետ, և մենք սկսեցինք իրականացնել փրկարարների պատրաստման դասընթացներ: Ինձ շատ օգնեց իմ մանկավարժական կրթությունը և տարիների փորձը, որ ձեռք էի բերել լեռնափրկարարական աշխատանքներում, մարտի դաշտում: Կենտրոնը գործեց մինչև 2005 թվականը, այնուհետև միավորվեց ճգնաժամային կառավարման ինստիտուտի հետ, և ամբողջանալով ստեղծվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Ես նշանակվեցի փրկարարական ֆակուլտետի դեկան»:

Այս տարիներին բավականին մեծ աշխատանք է կատարվել փրկարարների պատրաստման և վերապատրաստման աշխատանքներում՝ ներդնելով նաև միջազգային փորձն ու համագործակցությունը: Փրկարարը ձեռք բերեց կարգ և վկայական, նաև բազմապրոֆիլ գործունեության հմտություն: «Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել և ճիշտ կազմակերպել աշխատանքները: Իմ ծառայության ընթացքում ինձ համար սկզբունք է եղել փրկարարական աշխատանքներն իրականացնել արդարացված ռիսկի սահմաններում, անցկացնել այնպես, որ ոչ մի փրկարար չտուժի, որովհետև մեկ փրկարարը կարող է տասնյակ կյանքեր փրկել»,- համոզված նշում է մանկավարժ-փրկարարը: Նաև հավելում, որ արտակարգ իրավիճակներում միայն չի եղել որպես սպա, մշտապես եղել է շարքային փրկարարի կողքին՝ ինչպես «Խոսրովի» հրդեհի ժամանակ էր: «Ամեն օր, ամեն պահ համոզվում եմ, որ մեր երիտասարդները շատ ավելի լավն են, քան՝ մենք: Նաև Ապրիլյան պատերազմն ապացուցեց, թե ինչքան լավն է մեր նոր սերունդը: Նույն դրսևորումն ունեն նաև փրկարարական աշխատանքներում, որը նույնպես մարտադաշտ է մեզ համար, վկա այս տարվա ահավոր հրդեհները»:

Որդիները նույնպես շարունակում են փրկարարի ճանապարհը, գալիս են լրացնելու հայրական ավանդը: Ավագ որդին սովորում է ակադեմիայում, «Փրկարարական գործ» մասնագիտությամբ, և ծառայում է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, մասնակցել է Խոսրովի, Բյուրականի, Բորժոմիի անտառաշիջման աշխատանքներին, իսկ կրտսեր որդին սովորում է ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրով քոլեջում. «Ինձ համար կարևոր է, որ անկախ մասնագիտությունից ու համազգեստից՝ լինեն մարդ և հոգով փրկարար»: Փ/ծ գնդապետ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան Գևորգ Հովակիմյանը նշում է, որ չկա մի այնպիսի դեպք, որը փրկարարի հոգում իր հետքը չթողնի, և վստահ ավելացնում. «Աստված մի արասցե, որ նույնը կրկնվի՝ երկրաշարժ, պատերազմ, բայց հարկ եղած դեպքում կրկին նույն ճանապարհը կանցնեմ»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ