Գլխավոր Նորություններ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

534
Տարածել

Անտառների հրդեհային անվտանգություն

Այսօր աշխարհում անտառային հրդեհների դեմ պայքարի, դրանց վաղ կանխարգելմանն ուղղված բազմաթիվ մեթոդներ կան մշակված, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել հրդեհային վտանգներից: Կախված տեղանքից, անտառային հրդեհների տարածումը կանխարգելելու համար տարբեր երկրներում գործում են բազմաթիվ ծառայություններ. փոքր տարածքներում կիրառվում են սենսորներ, որոնք հայտնաբերում են 150 ք/մ տարածք ընդգրկող հրդեհները, միջին չափի տարածքներում օգտագործվում են ինֆրակարմիր կամ ծխի սկաներներ, որոնք ի վիճակի են հայտնաբերելու հրդեհները 3 հա հողատարածքում: ՆԱՍԱ-ն անտառային հրդեհները հայտնաբերում է մոտ 15 ակր տարածքում՝ աերոտիեզերական տեխնոլոգիաներով:

Ամեն տարի Իսպանիայում 20 հազարից ավելի հրդեհ է գրանցվում, որոնց հետևանքով մոխրանում են արժեքավոր ծառատեսակներ ու բույսեր, բնակավայրերից հազարավոր մարդիկ են տարհանվում: Հրդեհաշիջմանը մասնակցում են տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հարյուրավոր հրշեջներ և օգնող այլ ուժեր:

Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF, տվյալներով՝ 1982-1995 թթ. տարեկան միջին հաշվով 221 300 հա անտառային ծածկույթի գրեթե 10 տոկոսն այրվում է հրդեհի հետևանքով: Այսօր էլ նույնն է, ուստի այս երկրում պարբերաբար փորձում են հրդեհի դեմ պայքարի նոր միջոցներ կիրառել:

Վերջերս Իսպանիայի հյուսիսում պիլոտային նոր ծրագիր է մեկնարկել: Այս անգամ իսպանացիները դիմել են այլ մեթոդի: Փորձնական ծրագրով հրդեհի կանխարգելման համար օգտագործում են այծերի ու ոչխարների հոտերը: «Հրշեջ կենդանիներին» հովիվն արածեցնում է հրդեհի համար ռիսկային համարվող տարածքներում, որտեղ կենդանիները խժռում են գերաճած ծառերի գետնատարած տերևներն ու դեպի սաղարթը բարձրացած խոտածածկը: «Սա պարզ, էժան, բնական և արդյունավետ միջոց է: Այծերն ու ոչխարներն օգնում են մաքրել անտառը չոր բույսերից, ծառերից թափված չորուկներից ու տերևներից: Նվազագույնի է հասցվում անտառին սպառնացող վտանգը»,- նշում են «Պա Կոստա» հիմնադրամի կողմից Իսպանիայի հյուսիսային Գիրոնա տարածաշրջանում իրականացվող ծրագրի պատասխանատուները: Ծրագիրը շահավետ է երեք տեսանկյունից. նախ՝ փրկվում է անտառը, երկրորդ՝ լուծվում է այծերի կերի հարցը, իսկ հոտն արածեցնող գյուղացուն էլ աշխատանքի համար անվճար տարածք է հատկացվում կաթնամթերքը վաճառելու համար:

Իսպանացի մասնագետները վերջերս հայտարարել են անտառային հրդեհների դեմ պայքարի այլ ծրագրերի մասին: Ըստ Europa Press-ի՝ ծրագրերից մեկով նախատեսվում է գիշերային հսկողության համար գործի դնել 4 դրոններ կամ կիրառել անօդաչու թռչող սարքեր: Դրանք կտեղակայվեն Լեոնում, Ալբասետեում, Սարագոսայում և Կասերեսում, որոնք կկիրառվեն երկրի ամբողջ տարածքում:

Անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Իսպանիայի կառավարությունը այս տարի բյուջեից նախատեսել է 85 մլն եվրո: Գյուղատնտեսության նախարար Իսաբել Գարսիա Թեժերինան հայտարարել էր, որ 100 հրդեհներից 95-ը ծագում են մարդկանց կողմից հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով կամ միտումնավոր չարամտությամբ:

«Անտառային հրդեհների դեմ պայքարում Իսպանիան լավ փորձ ունի. միջազգային կարգի օրինակ է անտառային հրդեհների դեմ պայքարելու համար»,- ասել է Թեժերինան: Այս տարի Իսպանիան նաև օգնության ձեռք է մեկնել հարևան Պորտուգալիային, որտեղ հունիս ամսին բռնկված հրդեհը ավելի քան 60 մարդու կյանք խլեց:

Թեև Իսպանիայում շարունակում են նորանոր ծրագրեր մշակել, մեծ ներդրումներ անել, այդուամենայնիվ, հրդեհների դեմ պայքարի հարցում դեռ անելիքները շատ են: WWF-ն առաջարկում է իրականացնել կարևորագույն մի քանի քայլեր. ավելացնել կանխարգելիչ միջոցառումները՝ ներառյալ անտառի կայուն կառավարումը՝ որպես դրանց անբաժանելի բաղադրիչ: Բարձրացնել տեղեկացվածության մակարդակը՝ իրականացնելով բնապահպանական, կրթական միջոցառումներ տարբեր ոլորտներում, պարտավորեցնել հրդեհի մեղավորներին փոխհատուցել հասցված վնասը, հրդեհից հետո արգելել գյուղական հողերի վերադասակարգումը քաղաքայինի, արգելել խոզանի այրումը հրդեհավտանգ սեզոնին, խստացնել որսի թուլտվության կանոնները և այլն:

 

 

  Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ