Գլխավոր Նորություններ ԱՏՈՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՏՈՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

376
Տարածել

ՀՀ ԱԻՆ պատվիրակը՝ Վիեննայում

Սեպտեմբերի 27-29-ը Վիեննայում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գրասենյակում անցկացվեց տեխնիկական հանդիպում՝ «Պատահարների կառավարման ուղեցույցի իրականացում, ինտեգրում,  արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման հետ համաձայնեցում» թեմայով։ Հրավիրված էին 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ՝ Գերմանիայից, Եգիպտոսից, Իսպանիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Կորեայից, Չինաստանից և այլ երկրներից։ Հայաստանը ներկայացնում էր ԱԻՆ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Խաչիկ Շմավոնյանը։

«Ատոմը խաղաղության և զարգացման համար» խորագիրը կրող հանդիպման ընթացքում գործակալությունն ամփոփել էր իր 60-ամյա գործունեության արդյունքները։ Մասնավորապես՝ ոլորտի լավագույն փորձագետները դիտարկել էին հատկապես 2011-ի մարտին Ճապոնիայի Հոնսյու կղզու Տոհոկու ափամերձ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիին հաջորդած Ֆուկուսիմա Դաիչիի ատոմակայանի միջուկային վթարը՝ կարևորելով ԱԷՄԳ անդամ պետությունների կողմից միջուկային աղետների և վթարների կառավարման միասնական ուղեցույցի մշակման անհրաժեշտությունը։ «2005-ին Հայաստանի կառավարությունն ընդունել է Մեծամորի ատոմակայանի ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը, որը ոլորտը կարգավորող միակ փաստաթուղթն է։ Ներկայումս փրկարար ծառայությունը վերահաշվարկում է վթարային միջամտության արտաքին մակարդակները՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին»,- նշեց փոխգնդապետը։

Մեր պատվիրակին հատկապես զարմացրել էր ԱԷՄԳ շենքի նախասրահում տեղադրված խաչքարը, որը Հայաստանի կառավարությունը նվիրաբերել է 2005-ին։  Փրկարարը հանդիպել էր նաև հայրենակիցների, որոնք գործակալության տարբեր բաժինների աշխատակիցներ են. «Ընդմիջման ժամին գրասենյակներից մեկում հայկական դրոշ տեսա, պարզվեց՝ իսպանացի պաշտոնյայի կինը հայուհի է, որի պատվին ցուցադրում է հայոց եռագույնը։ Կինն իր զավակին նաև տեղի հայկական շաբաթօրյա դպրոց է տանում»։

Ինչպես հարիր է իսկական զբոսաշրջիկին, Խաչիկը նախապես համացանցով ծանոթացել էր վիեննահայ համայնքի պատմությանը և միակ ազատ օրվա համար սեփական երթուղին գծել։ Այցելել էր կեսդարյա Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որտեղ 1981-ից Հայ եկեղեցական միության ուժերով գործում է «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը, լուսանկարվել «Հավատ» հուշաքարի մոտ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման  1700-ամյակին։ «Դպրոցն ունի մանկապարտեզ և նախակրթարան։ 140 աշակերտ է ուսանում։ Սովորում են հայոց լեզու, ստեղծագործական ժամ, երգ, պար, կրոն, պատմություն։ Այդտեղ է  գտնվում նաև Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու համայնքը՝ իր եկեղեցական վարչությունով և հոգևոր հովիվով։ Ընդհանուր առմամբ՝ եկեղեցին միակ վայրն է, որտեղ ամեն շաբաթ հավաքվում են հարյուրավոր հայեր Վիեննայի տարբեր անկյուններից»,- պատմեց փրկարարը։

Երջանիկ պատահականությամբ նույն օրն ականատես էր եղել Հայաստանի անկախության 26-ամյակի և Հայաստան-Ավստրիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ տոնական համերգին՝ «Զվարթնոց» հայ երգի համույթի մասնակցությամբ։ «Սեր, ներդաշնակություն՝ համայն աշխարհին» խորագրով միջոցառմանը ներկա էր նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Կիրակոսյանը։ Ավագ հրահանգչի խոսքով՝ սփյուռքահայ երիտասարդությունն անգիր գիտեր գրեթե բոլոր ժողովրդական երգերը, ձայնակցում էր մենակատարներին։

Քաղաքը փրկարարին գրավել էր իր միատարրությամբ՝ միանման ճարտարապետություն, կանոնակարգված երթևեկություն, ծառաշատ փողոցներ։ Հյուրանոցներում ուշ երեկոյան անցուդարձը չի հսկվում. տեղացիներն անվերապահորեն վստահում են այցելուներին։ Առանձին մշակույթ է տաքսի ծառայությունը. քաղաքում շրջելու համար պետք է զանգով պատվեր գրանցել կամ հատուկ կայան հասնել, այլապես ազատ տաքսի չես գտնի։

Վիեննայի մյուս գողտրիկ անկյունը փոքրիկ սրճարան է, որը նախկինում պատկանել է հայազգի Հովհաննես Աստվածատրյանին։ Նա առաջինն է սուրճ և թեյ ներմուծել ոչ միայն Վիեննա, այլև Պրահա,  Բուդապեշտ և Բրատիսլավա։ «Ափսոս, ժամանակս սուղ էր,  բացահայտելու շատ բան կար։ Հաջորդ այցս Մխիթարյան միաբանությունն է»,- ամփոփեց Խաչիկ Շմավոնյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

 

Տարածել
Նախորդ հոդված Բյուջե-2018
Հաջորդ հոդվածԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ