Գլխավոր Նորություններ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՁՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՁՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

382
Տարածել

Հոկտեմբերի 4-ին Գավառում և Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում տեղացել է այս տարվա առաջին ձյունը: Առատ տեղումների հետևանքով  ծառեր են ջարդվել,  վնասվել հոսանքալարեր:  Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ, Լանջաղբյուր և մի քանի գյուղեր ժամեր շարունակ մնացել  են առանց  էլեկտրականության:Ձյունն անակնկալի է բերել հատկապես մարզի գյուղատնտեսներին, որոնք դեռ չէին  հասցրել հավաքել կարտոֆիլի բերքը և քաղել պտղատու ծառերին մնացած մրգերը:

«Գիշերվանից ձյուն էր տեղում, դադարեց միայն հաջորդ օրվա երկրորդ կեսին: Ձյան շերտը մոտ 30-40 սմ էր: Ձյունը սպասվածից շուտ եկավ, կարտոֆիլի բերքահավաքը նոր էինք սկսել, ցանքսերի 90 տոկոսը մնացել է ձյան շերտի տակ: Եթե գիշերը 0-ից ցածր ջերմաստիճան գրանցվի, բերքը կարող է ցրտահարվել: Եղել են տարիներ, որ հոկտեմբերի 17-ին, 25-ին ձյուն է եկել, բայց այսքան շուտ առաջին անգամն էր»,- ասաց Գեղարքունիք համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանը:

Ձյունն անսպասելի էր վարորդների համար, հատկապես նրանց, ովքեր չէին հասցրել ձմեռային անվադողերի անցնել: Ձյան, մերկասառույցի հետևանքով մեքենաների արգելափակման դեպքեր են գրանցվել: Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում գիշերվա ժամը 4-5-ի սահմաններում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված Toyota Nadia մակնիշի ավտոմեքենան, իսկ չորս ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում, իսկ հոկտեմբերի 5-ից օդի ջերմաստիճանը էականորեն կբարձրանա. հոկտեմբերի 6-9-ը՝ 6-8 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ