Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

424
Տարածել

Ծածկոցը երեխայի տեղ են ընդունել

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 450 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Հրդեհների մեծ մասը բուսածածկ տարածքներում է գրանցվել. Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ գյուղերի մատույցներում՝ 8 հա, Քարաձոր գյուղում՝ 10 հա, Ջրաշեն գյուղում՝ 15 հա, Շիրակի մարզի Լեռնակերտ, Արթիկ համայնքների մոտ՝ 30 հա, Հոռոմ գյուղում՝ 15 հա, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ 30 հա, Գորիս քաղաքում՝ 15 հա, Հարժիս գյուղում՝ 1000 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 350 հա, Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ 10 հա և այլն:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 90 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Աջափնյակ, Էրեբունի վարչական շրջանների և Արարատի ու Արագածոտնի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 10 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հրազդանի կիրճում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում՝ մասամբ գետի մեջ պոլիեթիլենային տոպրակ է դրված, հնարավոր է՝ երեխա կա ներսում: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ տոպրակում ծածկոց է: Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աղավնատուն գյուղի հիմնական դպրոցի մատույցներում շինարարները ավազի մեջ հայտնաբերել են նռնակ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, զինված ուժերի սակրավորները ավազի կույտից դուրս են բերել նռնակը և տեղափոխել անվտանգ տարածք: