Գլխավոր Նորություններ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՆԿԵՐ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՆԿԵՐ

692
Տարածել

1991-ի փետրվարին Քուվեյթը լքող իրաքյան զորքերը ականապատեցին և պայթեցրին մի քանի հարյուր նավթահորեր, ինչը մեծամասշտաբ հրդեհների պատճառ դարձավ։ Փոքր տարածության վրա միաժամանակ հրդեհ էր բռնկվել 700 հորերում: Մեկ օրում վառվում էր 5-6 մլն բարել նավթ: Մասնագետների հաշվարկով՝ նավթի պաշարն այնքան շատ էր, որ հրդեհը կարող էր ավելի քան 40 տարի տևել։

Աշխարհահռչակ ընկերությունները հանդես եկան հրդեհաշիջման տարբեր առաջարկներով, բայց ամենից հետաքրքրականը հունգարական MB Drilling ընկերության հրշեջ տանկն էր, որը և ուղարկվեց Քուվեյթ ու գործնականորեն փորձարկվեց հրդեհված նավթահորերում:

Վաղուց շատ երկրներ ունեն հրշեջ տանկեր և կիրառում են գազաջրային հրդեհաշիջման եղանակը։ MB Drilling-ի ինժեներները համատեղել էին այս երկուսը. արդյունքում որոշ կառուցվածքային համալրումներից հետո ներկայացվեց Big wind (ուժեղ քամի) 42 տ կշռող տանկը, որը հագեցած էր երկու գեներատորով և գազաջրային համակարգով։ Մեքենայի երկարությունը մոտ 11 մ է, բարձրությունը՝

4 մ, առավելագույն արագությունը՝ 5 կմ/ժամ։

Անձնակազմը բաղկացած էր երեք հոգուց՝ համակարգող, վարորդ, օպերատոր։ Չնայած ջերմամեկուսիչ թաղանթին՝ անձնակազմին տրամադրվում էր հատուկ համազգեստ և սաղավարտներ, քանի որ հրդեհի օջախին 20-25 մ-ից ավելի մոտենալու դեպքում ճառագայթային ջերմությունն այրում էր։

Աշխատանքը կազմակերպվում էր հետևյալ կերպ. տանկը մոտենում էր այրվող նավթահորին, գործի էին դրվում տուրբոռեակտիվ շարժիչները։ Հրդեհաշիջումն իրականացվում էր 6-7 մ հեռավորությունից։ Ամեն գեներատոր աշխատեցնում էր երեք փողրակ։ 6 փողրակից վայրկյանում հոսում էր 800-820 լ ջուր։ Թվում է, թե նման հզոր հրշեջ զենքն անմիջապես պետք է մեկուսացներ նավթահորից հորդող կրակը։ Սակայն այդպես չէ։ Բարձր ճնշման պատճառով նավթը շատրվանի պես դուրս էր մղվում, և 2-3 մ բարձրության վրա նավթի շիթերը, վերածվելով կաթիլների, խառնվում էին թթվածնի հետ և դառնում հրե անձրև։ Հրշեջ տանկը պետք է հասցներ «կտրել» նավթի հոսքը միջին բարձրության վրա՝ նոր բռնկումները կանխելու համար։

Գազաջրային հրդեհաշիջումից հետո տանկն առանձին ջրամատակարարում էր կատարում՝ սառեցնելով մետաղյա խողովակաշարերը։ Հաջորդիվ իրականացվում էին նավթահորի վերականգնման ինժեներական աշխատանքներ։

Հետաքրքրական է տանկի ջրալիցքավորումը: Այն րոպեում ծախսում էր 30 խ/մ ջուր, և շիջումը տևում էր մի քանի րոպե, դրա համար որոշվեց վթարված նավթահորից համապատասխան հեռավորության վրա փորել խրամատներ և լցնել դրանք ջրով։ 43 օր անց հրշեջներին հաջողվեց մարել 9 նավթահորերի հրդեհը։

Հունգարական հրշեջ տանկն այսօր անճանաչելի է՝ նոր սերնդի գեներատորներ և շասսի… Այն կիրառվում է ցուցադրական և ուսուցողական միջոցառումների ժամանակ։

Նյութը՝ LiveJournal

ինտերնետային կայքի