Գլխավոր Նորություններ ՉՎՆԱՍՎԱԾ  ԿՂԶՅԱԿՆԵՐ

ՉՎՆԱՍՎԱԾ  ԿՂԶՅԱԿՆԵՐ

494
Տարածել

ԱԻՆ-ում ձևավորվել է հանձնաժողով: Արդեն կայացել են մի քանի խորհրդակցություններ. քննարկվում են  անտառային հրդեհների մարման գործընթացները, հրդեհաշիջման կառավարման հարցեր:

Էկոմշակութային, անտառային անվտանգության հարցեր, առաջարկներ են քննարկվում նաև շահագրգիռ այլ գերատեսչություններում:

Տարածված հաղորդագրություններում նշվում է, որ «Խոսրովում» 2200 հա այրված տարածքից չի վնասվել 365-ը: Վնասվել է 900 հա կաղնուտ, բայց քանի որ հրդեհը տարածվել է գետնատարած, կաղնուտը արագ է վերականգնվելու: Այրվել է 1000 հա խոտածածկ տարածք, սրանք էլ կվերականգնեն անձրևները: Փաստվել է, որ քամուց արագ տարածված հրդեհը մեծամասամբ չի վնասել բույսերի արմատային համակարգը, և հրդեհից արդեն 20 օր անց արձանագրվել են խոտ ու ծառերի կանաչ ծիլեր:

ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերակագնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբն արձանագրել է հողի վերին շերտի ոչ խոր ջերմային վնասում, ինչը թույլ է տալիս կանխատեսելու՝ բուսական աշխարհն արագ է վերականգնվելու, ցավոք, բացառությամբ գիհու: Ամերիկացի մասնագետներն արդեն ներկայացրել են գիհու արագ վերականգնման ծրագիր:

Կենդանական աշխարհը էական վնասներ չի կրել, անկում կա մորեխների, մի քիչ էլ՝ սողունների մասով: Արագավազ կենդանիներն ապաստանել են չվնասված կղզյակներում: Էկոլոգները պնդում են՝ այդ կղզյակները կնպաստեն կենսաբազմազանության արագ վերականգնմանը:

ԱՄՆ աջակցությամբ ստացվել է արբանյակային լուսանկարների վերլուծությունը. հաջորդ առավոտյան արված լուսանկարում հրդեհի 5 օջախ է արձանարված, որոնցից մեկը մյուս 4-ից գտնվում է զգալի հեռավորության վրա: Լուսանկարը հետաքրքիր հարցեր է առաջ քաշում և կարող է բացահայտել հրդեհի բռնկման պատճառները: Լուսանկարները փոխանցվել են Քննչական կոմիտեին:

Անտառային հրե իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է բարելավվի բնության հատուկ պահպանվող տարածքների անվտանգությունը:

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է ընդլայնել Խոսրովի անտառի տարածքը՝ ստեղծելով բուֆերային գոտիներ: Այստեղ էլ առաջնային են համարում անտառային պահպանության տեխզինվածությունը, ինչի ուղղությամբ բանակցություններ են վարվում գործընկեր պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ. նպատակն է հրդեհներին հակազդող տեխնիկապես հագեցած համակարգեր ունենալը: Անտառային անվտանգության խնդիրներից որոշներին արդեն հրատապ լուծում տրվել է. «Խոսրովում» արդեն գործում է կապի համակարգը, ինչն իր հերթին կօգտագործվի ոչ միայն հրդեհների կանխարգելման համար: Տեղակայվելու են նաև տեսախցիկներ, դիտարկում են իրականացնելու դրոններով:

…Անտառապահները «Խոսրովում» կենդանիների տեղաշարժ են նկատում:

«Խոսրովի» հայտնի ջրվեժում՝ հրդեհից չվնասված այս կղզյակում, անտառապահները տեսել են արջերից մեկին:

Ջրվեժը, «Խոսրովի» գետերը, չվնասված կղզյակներն արագ կվերականգնեն անտառը: