Գլխավոր Նորություններ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱՌՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

893
Տարածել

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ

Բնությունն իմաստուն է և հոգ է տանում, որպեսզի հաշմանդամ երեխաները կարողանան ադապտացվել, երբ հնարավոր չէ ոչինչ փոխել: Այսինքն՝ ոչ թե համակերպվել իրավիճակին, մեկուսանալ և ոչինչ չանել, այլ չփորձել փոխել այն, ինչ հնարավոր չէ փոխել, և բացահայտել այն, ինչը հասանելի է և մատչելի: Հաշմանդամ երեխաները՝ սովորական երեխաներ են: Ինչպես և բոլոր երեխաները՝ նրանք նույնպես սիրում են խաղալ, նկարել, երգել, պարել …

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այսօր աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ: Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է ավելի քան 200 հազար հաշմանդամ, որից մոտ 8000-ը՝ երեխա: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման իրավական հիմքն է. ՀՀ Սահմանադրությունը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները և այլ իրավական ակտեր:

Համաձայն Առողջապահության միջազգային կազմակերպության սահմանման՝ գոյություն ունի հաշմանդամների վերականգնման երկու հայեցակարգային մոդել՝ բժշկական և սոցիալական: Բժշկական մոդելը կիրառվում էր խորհրդային Հայաստանում. հաշմանդամությունը «հիվանդություն» է, հաշմանդամի կենսագործունեությունը սահմանափակ է, պետության ջանքերն ուղղված են նրա առողջական վիճակի բարելավմանը, նրա փոխարեն որոշում են կայացնում խնամողը, ընտանիքը, հասարակությունը: Հաշմանդամների համար ստեղծվում են հատուկ հաստատությություններ, որտեղ նրանք կարող են սովորել, աշխատել, շփվել իրենց նման մարդկանց հետ և ստանալ բազմատեսակ ծառայություններ:

Սոցիալական մոդելը կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա. ստեղծել հավասար հնարավորություններ՝ ապահովելով հաշմանդամություն ունեցողի լիարժեք մասնակցություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, շեշտը դնել անհատի ուժեղ կողմերի և պահպանված կարողությունների վրա՝ նպաստելով նրա առավել ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում: Հաշմանդամների վերականգնման լավագույն մոդելը՝ բժշկական և սոցիալական մոդելների առաջադեմ մոտեցումների համադրումն է:

Մեր երկրում 2005-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ամրագրվել է ներառական կրթությունը, ինչը մանկապարտեզ և դպրոց մտնելու հնարավորություն է ընձեռել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին: Ներառական կրթությունը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումն է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ:

Հայաստանում ԿԱՊԿՈՒ երեխաների սոցիալական ներառման հիմնական խնդիրը և խոչընդոտը՝ շրջակա միջավայրի ֆիզիկական անմատչելիությունն է: Մեր երկրում ուսումնական հաստատությունների գերակշիռ մասը մատչելի չէ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար: Հետևաբար, ԿԱՊԿՈՒ երեխաների լիակատար ներառման նպատակով պետք է հաշվի առնել ուսհաստատությունների ճարտարապետանախագծային առաջադրանքով սահմանված ԿԱՊԿՈՒ երեխաների կենսագործունեության հարմարավետության և անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակներում անարգել տարհանման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող միջոցառումների իրականացումն ըստ նրանց կարիքների (շարժողական, տեսողական, լսողական, մտավոր և այլն)՝ համաձայն համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի:

Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում երեխաների թիվը չպետք է գերազանցի. դպրոցական դասարանում՝ 25 երեխա, մանկապարտեզի խմբում՝ 20 երեխա, ԿԱՊԿՈՒ երեխաները պետք է կազմեն երեխաների ընդհանուր թվի 10 տոկոսը: Հայաստանում ներառական դպրոցում ԿԱՊԿՈՒ երեխաների լիարժեք ուսուցման և կենսագործունեության, նաև՝ արտակարգ իրավիճակներում նրանց անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է դպրոցների շենքերի ենթակառուցվածքների զգալի փոփոխություն՝ ներառական կրթության ճանապարհին ծառացած խոչընդոտների վերացում՝ ըստ ԿԱՊԿՈՒ երեխաների կարիքների և անվտանգության: Փոփոխությունը պետք է սկսել ճարտարապետական միջավայրից, քանի որ թե առօրյա պայմաններում, թե արտակարգ իրավիճակներում՝ շրջակա միջավայրի ֆիզիկական արգելքները ԿԱՊԿՈՒ երեխաների համար վերածվում են վտանգների:

Դպրոցին բնորոշ վտանգների վերացումը և նվազեցումը հարմարավետ է բոլոր երեխաների համար, նույնիսկ եթե նրանք որևէ ֆիզիկական խնդիր չունեն: Այդ պատճառով ներկայումս «մատչելի միջավայր» արտահայտությունը հաճախ փոխարինվում է «համապարփակ ձևավորում» կամ «ունիվերսալ դիզայն» (Universal Desing) եզրույթով, ինչը ենթադրում է այնպիսի չափանիշներով օժտված տարածքներ, որոնք հարմարավետ են բոլորի համար և որտեղ կարող են մուտք գործել ու տարբեր տեսակի գործունեություն իրականացնել տարբեր բնույթի ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող մարդիկ (երեխաներ):

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հասարակության լիարժեք անդամներն են, և հասարակությունը պետք է պահպանի բարոյականության նորմերը նաև նրանց նկատմամբ՝ հարգելով նրանց արժանապատիվ կյանք վարելու, կրթություն ստանալու, աշխատանք ընտրելու և ընտանիք կազմելու սահմանադրական իրավունքը, ճիշտ ընկալելով նրանց կարիքներն ու օգնելով լիարժեք և հավասար հիմունքներով մասնակցելու հասարակական կյանքին:

 

Հրապարակումը պատրաստվել է Թերեզա Դիլբարյանի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման և անվտանգության հարցերը» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: