Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՁԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ՁԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

422
Տարածել

Բնական (տարերային) այն երևույթները, որոնք մարդկության պատմության ողջ ընթացքում ուղեկցել են մարդկանց երկրի մակերևույթի վրա, առաջացրել զգալի ավերածություններ, բերել նյութական կորուստների և ուղեկցվել են մարդկային բազմաթիվ զոհերով, դիտվում և գնահատվում են որպես աղետներ, և պարզ չէ, թե ինչքան ժամանակ և քանի սերունդ ստիպված կլինեն դիմակայելու բնության այդ արհավիրքներին:

Հատկանշական է, որ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդկային հոսքերը (վերելքներ, երթեր, տուրիստական լեռնային արշավներ, լեռնադահուկային սպորտ) լեռնային շրջաններում դժբախտ պատահարների կտրուկ աճի պատճառ հանդիսացան և պատահական չէ, որ փրկարարական պետական կառույցների ստեղծման անհրաժեշտություն առաջացավ:

Դեռևս 1890-ական թվականներին Շվեդական Ալպերի Սեն Բեռնար լեռնանցքում գտնվող սուրբ Բեռնար վանքի հոգևոր եղբայրներն իրենց «քառոտանի բարեկամների» հետ միասին օգնություն են ցույց տվել լեռներում մոլորված կամ ձյան տակ ընկած մարդկանց և նրանց ուղեկցել հոգևոր վանք ու սպասատուն: Հոգևոր եղբայրների նախաձեռնությունը մեծապես նպաստեց ալպիական տարբեր երկրներում փրկարարական կառույցների ստեղծմանը:

Եվրոպայում պետական նման ծառայություն է ստեղծվել 1896 թ. Ավստրիայում` «Վիեննայի ալպիական լեռնափրկարարական կետ» անվամբ, որն առաջինն էր աշխարհում:

Կարճ ժամանակում նման ծառայություններ են ստեղծվում եվրոպական մի շարք երկրներում: Մասնավորապես՝ 1902 թ. Շվեյցարական ալպինիստական ակումբում ստեղծվում է շուրջօրյա գործող փրկարարական ծառայություն, որտեղ փրկարարական շների օգտագործման առաջին քայլերն են կատարվել:

Լեռնագնացության բուռն զարգացումը Կովկասում և Պամիրում կայուն նախադրյալներ ստեղծեցին ԽՍՀՄ-ում լեռնափրկարարական կառույցների ստեղծման համար և պատահական չէ, որ 1938 թ. այդ նպատակով կազմակերպվում են 10-ամսյա դասընթացներ, որոնց շրջանավարտները, ստանալով լեռնափրկարարի կարգավիճակ, աշխատանքի են անցնում շուրջօրյա գործող 16 փրկարարական կետերում (Կովկաս, Պամիր):

Հայաստանում 1973 թ. փրկարարական ջոկատ է ստեղծվում տուրիզմի հանրապետական խորհրդին կից, որը գլխավորում է Զ. Մարիկյանը:

Բայց… հիշենք Սպիտակի երկրաշարժը: Եթե երկրում լիներ փրկարարական ծառայություն, մարդիկ անպատրաստ չլինեին և ունենային աղետին դիմակայելու տարրական պատրաստություն և չլիներ երկրաշարժի առաջին օրերի անկազմակերպվածությունը, ապա ավելի շատ կլինեին փրկված կյանքեր:

Միայն մի հիշեցում՝ ԱՄՆ-ում պաշտոնի նշանակման ժամանակ ցանկացած ղեկավար, որի գործառույթի մեջ մտնում է վթարների ու տարբեր բնույթի աղետների հետևանքներից բնակչության պաշտպանությունը, պարտադիր անցնում է նախապատրաստական հատուկ կուրսեր և նրա համաձայնությունը ոչ ոք չի հարցնում:

Այդպես է պետք: Օրինակ՝ նահանգի ղեկավարման համար պարտադիր է անցնել հատուկ դասընթաց, հանձնել համապատասխան քննություն և միայն դրանից հետո անձը կարող է զբաղեցնել նահանգի ղեկավարի պաշտոնը:

Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի:

Դաժան երկրաշարժը Հայաստանում անհետևանք չանցավ, և շուտով հանրապետության տարբեր քաղաքներում ձևավորվեցին փրկարարական ջոկատներ:

1989 թ. հունվարին գերմանական «Կարմիր խաչի» օգնությամբ Երևանում ստեղծվեց «Սպիտակ», իսկ Ստեփանավանում` «Լոռէ» ջոկատ: Այնուհետև ստեղծվեցին «Գուգարք» ջոկատը Կիրովականում, «Գյումրի»-ն` Լենինականում, «Շանթ»-ը` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, «Արծվիկ»-ը՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, որոնք, չստանալով ոչ մի աջակցություն, աստիճանաբար դադարեցին գործելուց, բացառությամբ «Սպիտակ» և «Լոռէ» ջոկատների, որոնցում ընդգրկվում են հիմնականում լեռնագնացներ ու լեռնային տուրիստներ:

Չնայած փրկարարական առաջին կառույցն ստեղծվել է ավելի քան 120 տարի առաջ և այժմ աշխարհի բոլոր երկրներում ստեղծվել են տեխնիկական ժամանակակից միջոցներով հագեցած փրկարարական կառույցներ, այնուհանդերձ, աղետների ու վթարների ժամանակակից դինամիկան նոր պահանջներ է ներկայացնում ոչ միայն փրկարարական կառույցներին, այլև ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ-ի և միջազգային շատ կազմակերպությունների, որոնք պարտավոր են պաշտպանելու բնակչությանը տարաբնույթ աղետներից ու վթարներից:

1996-2015 թթ. ընթացքում երկրագնդի վրա տեղի է ունեցել ավելի քան 7 հազար տարերային աղետ, որոնք խլել են 1,35 միլիոն մարդկային կյանքեր: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի բյուրոյի տարերային աղետների ռիսկերի նվազեցման հրապարակումներում (UNED) և աղետների բելգիական համաճարականաբանական կենտրոնի հետազոտություններում (CRED):

Հետազոտության հեղինակները նշում, են որ «գեոֆիզիկական համաղետները», ներառելով երկրաշարժեր, մրրիկներ ու հրաբուխների ժայթքումներ, գործնականում մնացել են նույնը, ինչ նախորդ երկու տասնամյակներին, իսկ եղանակի և կլիմայի հետ կապված աղետների քանակն ավելացել է ավելի քան երկու անգամ (3017-6392)՝ ջրհեղեղներ, փոթորիկներ, ալիքաձև ջերմաստիճան:

Վերջին 20 տարիների ընթացքում բնական աղետների 1,35 միլիոն զոհերի ավելի քան կեսը զոհ են դարձել երկրաշարժերի, իսկ մնացածը` եղանակի և կլիմայի կործանիչ երևույթների ներգործության պատճառով:

1996-2015 թթ. ամենամահաբեր տարերային աղետ է դարձել 2010 թ. Հայիթիի երկրաշարժը` 229 699 զոհ:

Զոհերի թվով առաջին եռյակը լրացնում են 2004 թ. Ինդոնեզիայի երկրաշարժն ու փոթորիկը` 182 516 զոհ, իսկ 2008 թ. Մյանմայի «Նարգիս» տրոպիկական փոթորկի զոհ է դարձել 139 516 մարդ:

Ռուսաստանում 2010 թ. ամառային տապը գտնվում է 7-րդ տեղում` 58 545 զոհ:

2006-2015 թթ. տասնամյակը եղել է առավել մահաբեր, քան նախորդը:

Միջին հաշվով վերջին տասնամյակում տարեկան մահացել է 69 800 մարդ, իսկ նախկին 10 տարիների ընթացքում (1996-2005)՝ 64 900 մարդ:

Աճել է նաև ամեն մի աղետի դեպքում մահացության միջին վիճակագրությունը` 187-194 զոհ:

Կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բնական աղետների հետևանքով առավել բարձր գին են վճարում ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների բնակիչները: Նրանց բաժին է ընկնում մարդկային զոհերի 90 տոկոսը և հենց նրանք են կազմում պետությունների առաջին տասնյակը, որտեղ 20 տարիների ընթացքում գրանցվել է 100 հազար բնակչության հաշվարկով ավելի շատ զոհ, որտեղ առաջին երեք տեղերը զբաղեցնում են Հայիթին` 2468, Մյանման` 280, Սոմալին` 268:

ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը աղետների վտանգների նվազեցման միջազգային օրը դիմել է աշխարհի հասարակությանը՝ հորդորելով մեծ ուշադրություն դարձնել «ռիսկերի կառավարմանը»: Նրա կարծիքով՝ զոհերի քանակի նվազեցման նպատակով անհրաժեշտ է աղետների «հակադրման մշակույթից» անցնել զոհերի թվերի պակասեցմանը:

Ոչ ոք ապահովագրված չէ տարերային երևույթներից և անհրաժեշտության պահին ձեզ առաջինը օգնության կգան ձեզ անծանոթ փրկարարները:

 

Աղվան ՉԱՏԻՆՅԱՆ

Լեռնագնաց, փրկարար, պրոֆեսոր