Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀԱՇԱՏ ՇԱԲԱԹ

ՀՐԴԵՀԱՇԱՏ ՇԱԲԱԹ

489
Տարածել

Փրկարարական զեկույցներ

Վերջին շրջանում եղանակն իսկական պատուհաս էր դարձել։ Մի կողմից՝ ցերեկային կիզիչ արևը, մյուսից՝ քամու վայրկենական սաստկացումը մեծ հրդեհների պատճառ դարձավ։ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա խոշոր դեպքերը։

Սեպտեմբերի 20-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Քարաձորի համայնքապետ Արայիկ Մատինյանից, որ գյուղի մոտակա սարալանջին չոր խոտածածկ տարածք է այրվում։ Հրդեհն այնպիսի չափերի էր հասել, որ Վանաձորի ՀՓՋ-ին պահանջվել էր լրացուցիչ օգնություն. դեպքի վայր էր մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի անձնակազմը՝ «Ռենո» մակնիշի ամենագնացով։ Հրշեջ տեխնիկայի ջրալիցքավորումն ապահովվել էր Վանաձորի կոմունալ ծառայության ջրատարով։ «Խոտը հնձված չէր, հրդեհը ձգվում էր 10 կմ շառավղով։ Շատ զգույշ ենք եղել, քանի որ քամու ուղղությունը հնարավոր չէր կանխատեսել։ Առաջնահերթ ուշադրութուն ենք դարձրել բնակելի հատվածին. մեքենաները կայանել ենք անտառամերձ և տնամերձ տարածքներում»,- մանրամասնեց Սպիտակի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը։ Բարեբախտաբար հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Քաղաքացիների գույքը չի տուժել։ Ծխահարվել է մի քանի ծառի բուն։

Հաջորդ օրը ծխացող օջախներ են նկատվել Թռչկանի ջրվեժի մոտակայքում։ Փոխգնդապետի խոսքով՝ այրվում էին բուսածածկ տարածքներ և թփուտներ, իսկ բարձր ռելիեֆը դժվարացնում էր հրդեհաշիջումը։ Դեպքի վայրում են եղել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարներին աջակցել են Մեծ Պառնի և Շիրակամուտ համայնքի բնակիչները, ինչպես նաև անտառտնտեսության աշխատակիցները։ Իսկ քաղաքացի Համլետ Ղոչիկյանն իր «Պիկապ» մակնիշի մեքենայով ապահովել է տեղանքի գիշերային լուսավորությունը։ «Մեզ մի երիտասարդ էր օգնում։ Արդեն մութն ընկել էր, ասացինք՝ տուն գնա, չնայած ենթադրելի էր, որ բոցը կարող է տարածվել, և մեկ օգնական ձեռքն էլ կարևոր է։ Ասաց, որ չի կարող գլուխը հանգիստ բարձին դնել, երբ կրակն անտառին է մոտենում։ Բոլորս ազդվել էինք նրա խոսքից»,- հավելեց Սերոբ Գաբրիելյանը։

Կրակը մարվել է չորս օր անց։

Եվս մեկ խոշոր հրդեհ է բռնկվել սեպտեմբերի 21-ին՝ Արա լեռան լանջին: Հրդեհաշիջմանը մասնակցել են 6 մարտական հաշվարկ Արագածոտնի և Կոտայքի մարզերից, 3 օպերատիվ խումբ և հատուկ փրկարարական ջոկատը, թվով՝ 117 հոգի։ Գործողությանը հետևել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը նշեց, որ հրդեհը ծավալվել էր լեռան գագաթից մինչև ստորոտը՝ ընդգրկելով մոտ 25 հա տարածք։ Մեծաքանակ ուժերի ներգրավվածությունը պայմանավորված էր նրանով, որ երեք ուղղությամբ հրդեհի տարածման հավանականություն կար, վտանգված էին անտառը, ամառանոցներն ու Ծաղկեվանքի այգիները. «Տեղանքը անանցանելի էր, հրշեջ տեխնիկան հրդեհին մոտեցրել ենք Բուժական և Երջնատափ համայնքների կողմից՝ խիտ անտառի միջով։ Տորֆի հաստ շերտի պատճառով հանգցրած տեղում կրկին կրակ էր բռնկվում»։

Փրկարարների հետ շիջմանը մասնակցել են գյուղացիներն ու անտառապահները։ Կրակը մարվել է հինգերորդ օրը։ Ջերմահարվել է մի քանի թփուտ։

Սեպտեմբերի 22-ին հրդեհվել էր Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ Նորայր Սահակյանին պատկանող 10 հազար հակ խոտը։ Աշոցքի ՀՓՋ-ին միացել էին նաև Ամասիայի և Գյումրու ջոկատները։ Պարզվել էր, որ դրսում դարսված խոտի դեզից կրակը ներթափանցել է գոմ, որում կան ևս 2500 հակ խոտ և 25 հորթ։ Բացի դրանից՝ այրվում էր նաև փայտե կառուցատարրերով տանիքը։ Փրկարարները տարհանել են կենդանիներին և տեղափոխել անվտանգ վայր։ Դրսում կայանած «ԶԻԼ» մակնիշի կցորդիչով մեքենան փրկել չի հաջողվել, իսկ կաթի ցիստեռնը և խափանված տրակտորը քարշակման միջոցով հեռացվել են դեպքի վայրից։ «Գոմը 2500 քմ տարածք էր զբաղեցնում, բարձր ջերմության պատճառով ներս մտնել հնարավոր չէր։ Երեք փողրակով պատուհանից ջուր ենք մատակարարել։ Առաջին հերթին մարել ենք դրսի դեզի հրդեհը, որպեսզի կրակը չտարածվի դեպի կթվորների տնակը»,- ասաց Շիրակի մարզային վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանը։

6 տ տարողությամբ ջրատարներ են տրամադրել Գյումրու և Աշոցքի համայնքապետարանները։ Փրկարարների խնդրանքով այրվող հակերի քանդման, հրդեհաշիջման և տեղափոխման աշխատանքներն իր անձնական տրակտորով իրականացրել է փրկարար ծառայողներից մեկի հայրը։

Այրվել է 4500 հակ խոտ, 500 քմ տանիք։ «Քամու միջոցով կրակը կարող էր տարածվել և հասնել բնակելի հատվածին։ Սովորաբար գյուղերում բոլորն իրար թիկունքի կանգնած են. սա առաջին դեպքն է, որ ոչ ոք օժանդակություն չցուցաբերեց։ Մենք մեր ուժերից ավելին արեցինք»,- ամփոփեց վարչության պետը։

Սեպտեմբերի 21-ին Սյունիքի մարզի ալպիական Հարժիս գյուղում այրվել է մոտ 1000 հա խոտածածկ։ Հրդեհաշիջմանը մասնակցել են 50 փրկարար՝ 5 օժանդակ տեխնիկայով։ «Տեղանքն անանցանելի էր: Փրկարարները մոտ 5-7 կմ ոտքով են անցել՝ հրդեհի օջախներին հասնելու համար։ Բարձրլեռնային լանդշաֆտի պատճառով այդտեղ անասուններ չեն արածեցնում, տորֆային շերտ է գոյացել. հրդեհը մարելուց երեք ժամ անց նույն տեղում կրկին ծխացող օջախներ էին հայտնվում»,- հաղորդեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը։

Ջուր չեն կարողացել օգտագործել, աշխատել են թակիչներով։ Եզակի դեպք է՝ գյուղացիները չեն օգնել։ Հրդեհը սպառնում էր Գորիս և Ջերմուկ քաղաքների անտառներին։ Բարեբախտաբար օպերատիվ աշխատանքի և շուրջօրյա հերթապահության շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։

Սեպտեմբերի 22-ին խոշոր հրդեհ է գրանցվել նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում, այրվել է 350 հա խոտածածկ տարածք։ Դեպքին ներգրավվել են 95 փրկարար, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանի խոսքով՝ հրշեջ մեքենաները կարողացել են սահմանափակ տարածք անցնել: Կրակը մարվել է մարդկային ուժով։ Բարդ ռելիեֆի և թթվածնի պակասի պայմաններում հաջողվել է փրկել մոտակա անտառը, որը ձգվում է դեպի Ֆիոլետովոյի և Դիլիջանի լեռները։

Շաբաթվա ուշագրավ դեպքերից էր սեպտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի «Չաիր» կոչվող տարածքում բռնկված հրդեհը։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 10 հա տորֆային շերտ (80 սմ խորությամբ): «Դաշտը մոտ 20 օր ծխացել է, եթե հրդեհը նման չափերի է հասել։ Ծուխը հնարավոր է միայն տեղանքում գտնվելիս նկատել։ Տեխնիկան միջնամասին մոտեցնել հնարավոր չի եղել, քանի որ փլուզման վտանգ կար։ Մյուս կողմից՝ նման դեպքում հրդեհաշիջումը ծախսատար է և անարդյունավետ։ Հնարավոր է՝ հորդառատ անձրևը հանգցնի կրակը»,- ասաց մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Աբրահամյանը։ Լուծումը գտել են. պաշտպանության նախարարության տրամադրած տեխնիկայի միջոցով փակել են որպես դրենաժ ծառայող 2 մ խորությամբ ջրանցքի հունը, ապա դեպի ջրանցքն ուղղել Գիլի լիճ թափվող առվակը՝ ջրի մակարդակը բարձրացնելու նպատակով։ Իսկ լուսակունքցի Ֆիրդուս Ավետիսյանին պատկանող էքսկավատորի միջոցով հրդեհվող տարածքի ամբողջ երկայնքով փորվել են ջրափոսեր։ ՃԿԿ պետը մտաբերեց՝ տորֆի դաշտի հրդեհից տասնյակ տարիներ առաջ զոհ են ունեցել, որին չեն կարողացել դուրս բերել այրվող զանգվածի միջից։

Ներկայումս տարածքը սահմանազատված է, կրակի տարածման վտանգ չկա։

Վերջին շրջանում հրդեհներն այնքան շատ էին, որ ակամա մտածեցին նաև փրկարարական տանկերի մասին…

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ