Գլխավոր Նորություններ «ԼՈՌԷ» ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԱԿՏԻՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ

«ԼՈՌԷ» ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԱԿՏԻՎ ՀԱՆԳՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ

1306
Տարածել

Հին վանքեր, մատուռներ, բերդեր, կուսական անտառներ, քարանձավներ, գետեր ու ջրվեժներ… Սա Լոռվա մարզն է՝ իր ամբողջ հմայքով և չբացահայտված անհամար գողտրիկ հին ու նոր անկյուններով: Վայրի բնության ու պատմամշակութային արժեքների սիրահար հայ և օտարերկրացի զբոսաշրջիկները Լոռիում հիանալու շատ վայրեր կտեսնեն: Լոռվա խորունկ ձորերը, ամեն քարն ու թուփն իմացող «Լոռէ» տուրիզմի և ակտիվ հանգստի կենտրոնի խանդավառ մասնագետները, որոնք ընդամենը երեք ամիս առաջ են ստեղծել կենտրոնը, առաջարկում են իրենց թիմի հետ անցկացնել հագեցած անմոռանալի հանգիստ՝ մասնակցելով հետաքրքիր և արկածային տուրերի, որոնք ներառում են քայլարշավներ, լեռների հաղթահարում, ժայռերի մագլցում, այցելություններ քարանձավներ, հետիոտն և հեծանվային արշավներ և այլն: Առաջարկվող տուրերը հարմար են միջին ֆիզիկական պատրաստվածություն ունեցող անձանց համար:

Կենտրոնն ունի 2-3 սենյականոց վեց հարմարավետ քոթեջներ, որտեղ հարմար է նաև ընտանեկան հանգստի կազմակերպման համար: Հյուրերին տրամադրվում է երեքանգամյա սնունդ, այդ թվում կարող են ճաշակել Լոռվա ավանդական ուտեստները: Այցելուները հնարավորություն ունեն նաև օգտվելու մինի ֆուտբոլի, վոլեյբոլի դաշտից, խաղերի համար անհրաժեշտ գույքից: Ձմեռային հանգստի համար այստեղ ևս կան բոլոր պայմանները (լեռնային դահուկներ, դահուկներ խոր ձյան համար): Հաջորդ տարվանից կգործի բաց լողավազանը, աշտարակի վրա կհավաքվի մագլցման պատ, այցելուները կկարողանան նաև թենիս ու բիլիարդ խաղալ: Նախատեսվում է գրադարանի ստեղծում, որը կապահովվի համակարգիչներով և ինտերնետ կապով:

«Լոռէ» տուրիզմի և ակտիվ հանգստի կենտրոնը կազմակերպում է նաև կրթական ծրագրեր, էքսկուրսիաներ դեպի պատմական վայրեր, ակտիվ տուրիզմ (էքստրիմ, էկոտուրիզմ, արկածային), ժամանցային միջոցառումներ, գործարար հանդիպումներ և կոնֆերանսներ, առաջարկում տրանսպորտային ծառայություններ, զբոսաշրջության համար տրամադրում անհրաժեշտ պարագաներ, գույք, սարքավորումներ, իսկ հյուրերին ուղեկցում են փորձառու ու հմուտ հրահանգիչներ, վարորդներ և այլն: Սեպտեմբերին «Լոռէ» տուրիզմի և ակտիվ հանգստի կենտրոնում անցկացվեց առաջին միջոցառումը՝ «Կրթական-էքստրեմալ ճամբար» Սյունիքի մարզի Կապանի և Սիսիանի ՍՔԱՅ (SKYE) ակումբների անդամների համար:

«Կենտրոնի ստեղծումը պատահական չէր: Ստեփանավան քաղաքի հնգամյա զարգացման ծրագրում տուրիզմը ճանաչվել է գերակա ուղղություն: Մեր քաղաքն այս ոլորտում ունի հրաշալի պատմական անցյալ, ավանդույթներ: Ցավոք, աղետալի երկրաշարժը և դրան հաջորդած ծանր տարիներն ընդհատեցին ոլորտի գործունեությունը: Այսօր մենք տեսնում ենք տուրիզմի զարգացման համար որոշակի նպաստավոր պայմաններ և սա փորձ է հինը վերականգնելու՝ համադրելով նորով: «Լոռէ» ջոկատի ստեղծման ժամանակ կորիզը կազմում էին տուրիզմի տարբեր ձևերում նկատելի հաջողությունների հասած փորձառու մասնագետներ (պատանի տուրիստների բազայի մեթոդիստ, խմբավար, «Պիոներ տան» տուրիստական խմբակների խմբավարներ, մեծահասակների քաղաքի հավաքական թիմի անդամներ, որոնք հանրապետական տարբեր մրցումներում դարձել էին հաղթողներ, քաղաքում գործող էքսկուրսիոն բյուրոյի խմբավարներ): Հիմա շատերը ջոկատի անդամներ են և չօգտագործել հին և նոր երիտասարդ կադրերի ներուժը ճիշտ չէր լինի»,- ըդգծում են կենտրոնի հիմնման նախաձեռնությամբ հանդես եկած խմբի անդամները, որոնք կառույցի ստեղծման հիմքում նպատակ են ունեցել աշխատել չվնասելու սկզբունքով՝ նպաստելով գրագետ կազմակերպված տուրիզմի զարգացմանը:

Կենտրոնը տեղակայված է «Լոռէ» փրկարարական կամավորական ջոկատի բազայի մի հատվածում: Վերանորոգման և բարեկարգման հիմնական աշխատանքները կատարվել են ջոկատի անդամների, ընկերների, համակիրների, համախոհների ուժերով ու միջոցներով: Տուրկենտրոնի աշխատողների գերակշիռ մասը ջոկատի երիտասարդ կամավորներն են, իսկ փորձառու մասնագետներն ապահովում են արկածային տուրիզմի ոլորտը (քայլարշավներ, լեռնային, վրանային և այլն): Բարդ արշավների ժամանակ խմբերին ուղեկցում են «անվտանգության ուղեկցողները», որոնք ոչ միայն ապահովում են արշավականների անվտանգությունն ու առաջին օգնությունը (վնասվածքներ, վտանգավոր հատվածների հաղթահարում, կողմնորոշում և այլն), այլ նաև պատմում երթուղու ընթացքում հանդիպող բուսատեսակների, տարածաշրջանի կենդանական աշխարհի մասին, ներկայացնում դրանց հետ շփվելու անվտանգության կանոնները:

«Լոռին՝ իր բազմազան և յուրօրինակ լեռնային լանդշաֆտով, ապահովում է գերազանց հնարավորություններ արկածային տուրիզմի համար»։

Մասնագետները վստահեցնում են՝ կենտրոնը տուրիզմի և ակտիվ հանգստի օրինակելի կառույց է լինելու:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ