Գլխավոր Միջոցառումներ ԳԻՆԵՍԻ ԳՐՔԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ

ԳԻՆԵՍԻ ԳՐՔԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ

859
Տարածել

Ակադեմիայի ուսանողը ճկույթով քաշեց 44 տ կշռող երկու վագոն

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Յուրի Սաքունցը սեպտեմբերի 25-ին՝ ծննդյան 21-րդ տարեդարձի օրը, սահմանեց հերթական՝ 14-րդ ռեկորդը:  Մասիս քաղաքի երկաթգծի կայարանում ճկույթ մատով քաշեց 44 տ քաշով երկու վագոն: Ընդամենը վայրկյաններ պահանջվեցին Յուրիից գծերի վրայով գնացքները 15 մ 90 սմ իր կողմը գլորելու համար: Իսկ մեկ տարի առաջ նույն գործողությունը կատարել էր բանակում, այդ անգամ միմյանց կապված 12 տ քաշ ունեցող 4 զինվորական «Ջիփ» մեքենա էր քաշել՝ դարձյալ ճկույթ մատի գործադրմամբ: «Պատրաստվում եմ նոր ռեկորդի, այս անգամ ինքնաթիռ եմ քաշելու»,- հայտնում է համեստ ակադեմիականը:

Ազատ ոճի ըմբշամարտիկ է Յուրին, Հայաստանի բազմակի չեմպիոն է, մասնակցել է միջազգային մրցաշարերի և գրավել մրցանակային տեղեր` արժանանալով մեդալների ու պատվոգրերի: Իսկ բանակում ծառայել է հատուկ նշանակության ջոկատում՝ անընդհատ մարզվելով ու սեփական ցուցանիշները բարելավելով: Նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Ասում է, թե Աստծու տված շնորհ է, որևէ հնար չի կիրառում նման դուցազնական գործողություն կատարելու համար. «Առաջին անգամ 16 տարեկանում եմ պատահաբար մեքենա քաշել: Այդ ժամանակ էլ զգացի, որ կարող եմ, և այդպես սկսեցի մարզվել»:

Ռեկորդ սահմանելուց հետո Յուրին հանգիստ ասում է, որ զգացողությունը նույնն է՝ ինչպես նախորդ ռեկորդների ժամանակ. «Պարզապես իմ առջև նպատակ եմ դնում և հասնում եմ»:

Իսկ հայրը՝ Նիկոլայ Սաքունցը, նշում է, որ Յուրին 6 տարեկանից է զբաղվել ըմբշամարտով և 8 տարի շարունակ տարբեր արդյունքներ է գրանցել թե Հայաստանի, թե ԱՊՀ երկրների մրցամարտերում. «16 տարեկան էր, երբ մի օր եկավ տուն և ասաց՝ ես կարող եմ ճկույթով մեքենա քաշել: Այդպես մեր Չարենցավան քաղաքում սահմանեց իր առաջին ռեկորդը՝ քաշելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Իսկ երկրորդ ռեկորդն այն էր, որ ձեռքերը մեջքին դրած՝ 1,5 րոպեում պատռեց է 500 էջանոց 20 գիրք: Երրորդ ռեկորդը 20 կգ գիրն էր, որ դիմացը՝ ձեռքերի հորիզոնական դիրքով, պահեց 1 րոպե 50 վայրկյան: Չորրորդը՝  ֆուտբոլի 3 գնդակների վրա 58 հատ «ժիմ» վարժություն կատարելն էր: Մենք Անգլիայից նամակ ստացանք, որ աշխարհում նման բան դեռ չի եղել: Այդ նույն վարժությունը բանակում է կատարել՝ բարելավելով սեփական արդյունքը՝ «ժիմերի» քանակը հասցնելով 86-ի»: Նիկոլայը նաև ընդգծեց, որ այս նոր ռեկորդն առանձնահատուկ նշանակություն ունի և Յուրիի, և ընտանիքի համար. «Մենք նվիրում ենք բանակում ծառայող բոլոր զինվորներին, որոնք հսկում են մեր սահմանները, նվիրում ենք իմ կրսեր որդուն՝ Գոռ Սաքունցին, որը ծառայում է Հադրութում»:

«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանն էլ նշեց, որ սա Յուրիի 14-րդ ռեկորդն էր. «Դրանցից 11-ը գրանցված է «Դյուզազնագրքում»: Մյուս տարի կհրատարակվի գրքի 3-րդ հատորը, որտեղ կլինեն նաև այս վերջին ռեկորդները: Յուրիի այս նոր արդյունքը նաև ներկայացվելու է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Նախորդներից մի քանիսն էլ է նեկայացվել, պարզապես սպասում են իրենց գրանցման հերթին:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Տարածել
Նախորդ հոդվածԸՆԴՕՐԻՆԱԿԵԼԻ
Հաջորդ հոդվածԱՇՈՒՆԸ ԵԿԱՎ