Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Բարձր ջերմաստիճաններ. ջերմային հարված

Բարձր ջերմաստիճաններ. ջերմային հարված

642
Տարածել

 

Ի տարբերություն բարձր ջերմաստիճանից առաջացած հիվանդագին այլ իրավիճակների, ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում Է մարմնի ջերմակարգավորումը:

Ջերմային հարվածի դեպքում մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, խանգարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը: Այս վիճակը կարող է զարգանալ շատ արագ: Հաճախ ջերմային հարվածը հաջորդում է ջերմային հյուծմանը: Ջերմային հյուծման ժամանակ մարմինը, հեղուկի հետագա կորուստը կանխելու նպատակով, դադարեցնում է քրտնարտադրությունը: Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը պահպանելու համար նեղանում են մաշկի արյունատար անոթները: Մարմինը չի կարողանում արդյունավետ հովանալ, ուստի արագ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և զարգանում է ջերմային հարված: Կենսական կարևոր օրգանների գործունեությունը խաթարվում է: Եթե մարմինը չի սառեցվում, ի հայտ են գալիս ջղաձգություններ, գիտակցության կորուստ: Տուժածը կարող է մահանալ: Ջերմային հարվածի նշաններն են. մարմնի բարձր ջերմաստիճան (400C-ից բարձր), կարմրած, տաք, չոր մաշկ, գլխացավ, գլխապտույտ, չորություն բերանում, ծարավի զգացում, գիտակցության արագ զարգացող խանգարում, արագացած, սկզբում լեցուն, հետագայում թույլ, անկանոն անոթազարկ, հաճախացած, մակերեսային և աղմկոտ շնչառություն:

Ջերմային հարվածի դեպքում. տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր և արագ սառեցրեք նրա մարմինը ներկայացվող ձևերից մեկով. թեթևացրեք տուժածի հագուստը, նախօրոք զգուշացնելով՝ տուժածի իրանին ուղղեք սառը ջրի ոչ ուժեղ շիթ, տուժածին ծածկեք թաց սավանով, դրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում, հովհարեք տուժածին: Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան սառը հեղուկ և խորհուրդ տվեք խմել կումերով: Տասը րոպեն մեկ չափեք տուժածի մարմնի ջերմաստիճանը: Շարունակեք սառեցնել տուժածի մարմինը, մինչև ջերմաստիճանը հասնի 380C-ի: Այդ դեպքում դադարեցրեք տուժածի մարմնի սառեցումը: Շարունակեք չափել մարմնի ջերմաստիճանը յուրաքանչյուր կես ժամը մեկ, եթե ջերմաստիճանը բարձր է՝ վերսկսեք տուժածի մարմնի սառեցումը: Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և դրանք փոխանցեք դեպքի վայր հասած բժիշկներին:

Տարածել
Նախորդ հոդվածԼՈՒԾԱՐՈՒՄ
Հաջորդ հոդվածԸՆԴՕՐԻՆԱԿԵԼԻ