Գլխավոր Նորություններ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ  ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄԸ

ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ  ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄԸ

1687
Տարածել

Նրա մարզական անցյալը շատ է օգնում փրկարարական գործում

Հրդեհի, փակ դռան, լվացքի պարանի խճճման, օձի վնասազերծման, բարձր տեղանքում հայտնված մարդկանց փրկելու և այլ կանչերի արձագանքելը Երևանի փրկարարական վարչության թիվ 2 ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Սմբատ Ավդալյանի ամենօրյա աշխատանքի մասն է կազմում: Փրկարար ծառայության 6-ամյա ուղին հագեցած է բազում վտանգավոր փորձություններով: Վերջինը՝ օգոստոսի 31-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ծննդատանը կից նորակառույցում շինարարարության ժամանակ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքի փլման հետևանքով կառուցատարրերի արանքում մնացած շինարարներին օգնության հասնելու դեպքն էր: Օդում մնացած հինգ աշխատակիցներից մեկին հաջողվել էր ինքնուրույն իջնել անվտանգ վայր, իսկ մյուս 4 աշխատակիցները դեռ ամենաբարձր հատվածում էին՝ փլուզման վտանգն ու ամեն պահի ընկնելու վախով տոգորված: «Հրշեջ-փրկարարները պարանների օգնությամբ, ամրակապելով ու տախտակները  կամրջակի տեղ օգտագործելով՝ հերթով վտանգված շինարարներին դուրս էին բերում ապահով վայր: Նրանցից մեկը տանիքի ներքևի հատվածում էր մնացել՝ պարան մոտեցնելու հնարը չկար: Սմբատ Ավդալյանն անձամբ է տեղ հասցրել պարանը: Վերջինիս ամրակապելով հաջողվում է ցած իջեցնել: Վտանգավոր իրավիճակ էր, ամեն սխալը կարող էր ճակատագրական լինել»,- ընդգծում է Երևան քաղաքի փրկարարական վարչության «Շենգավիթ» բաժնի պետ, փ/ծ մայոր Ահարոն Գևորգյանը: Առաջին անգամ չէր, որ Սմբատին նման բարդ առաջադրանք էր հանձնարարված: Իր հերթապահության ժամանակ պարաններով ամենաբարդ ու դժվարամատչելի տեղանքներ մագլցելու գործը միշտ իր վրա է վերցնում: «Էքստրեմալ իրավիճակներում աշխատել շատ եմ սիրում, նույնիսկ 16 հարկանի շենքի տանիքից եմ իջել, բայց երբեք նման զգացողություն չունեի, ինչ «Շենգավիթի» դեպքի ժամանակ: Պարանը աշխատակցին տանելու ժամանակ իմ միտքը որդուս հետ էր, որ պետք է ծնվի մի քանի ամսից: Մտածում էի՝ բա որ մի բան լինի հետս: Երբևէ նման կերպ չեմ մտածել, գուցե հենց որդիս ուժ տվեց, որ կարողացա ինձ վստահված գործն անթերի անել»,- խոստովանում է 30-ամյա փրկարարը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի նախկին անդամ, 10 տարի պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող և բազում հաջողություններ գրանցած մարզիկը նախանձելի կարիերան տարիներ առաջ փոխարինեց փրկարարի գործով: Չհասցրեց մասնակցել Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպայում կայանալիք մի շարք մրցումների և որ կարևոր է՝ օլիմպիական խաղերին մասնակցելու և 100 մետրանոց վազքուղին մեկ անգամ ևս անցնելու հնարավորությունից օգտվել այդպես էլ չհասցրեց. «Շատ եմ ափսոսում, որ թողեցի սպորտը: Մարզական անցյալս ինձ շատ է օգնում գործի մեջ,  ուժերս այստեղ եմ կիրառում: Տարիներ առաջ փրկարարական վարչության մասնագետները նկատել էին իմ սպորտային հնարավորությունները և խորհուրդ տվել փորձել ուժերս փրկարարական գործում: Այդպես էլ արեցի: 2009-ին ընդունվեցի ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ «Հրդեհային պաշտպանություն» բաժինը, իսկ 2011-ից աշխատում եմ թիվ 2 ՀՓՋ-ում»:

Տարիներն անցել են հետաքրքիր, լարված, բարդ ու հիշարժան աշխատանքային օրերով: Սպասարկած կանչերից հիշողության մեջ դրոշմվել է հատկապես այս մեկը. «Հրդեհի վերաբերյալ հերթական կանչն էր, երբ տեղ հասանք, տան բոլոր իրերն այրվել, մոխրացել էին, բացի սեղանին դրված Աստվածաշնչից: Առաջին անգամ էի նման բանի ականատես լինում»,- պատմում է նա:

Օրերից մի օր էլ ահազանգ էին ստացել, որ երկամյա երեխան տանը միայնակ է մնացել, քամին դրսից փակել է դուռը, և մայրը ներս մտնել չի կարողանում: Փրկարարները պարզել էին, որ երեխային լողացնելու համար ջրով լի թասը դրված է անկողնու մոտ, մայրը  վախենում էր, որ փոքրիկն անկողնուց կընկնի ջրի մեջ ու կխեղդվի: Բայց  Սմբատն ու իր ընկերները ժամանակին բացեցին դուռը և փոքրիկին անվնաս հանձնեցին մորը:

«Գործը սիրով պետք է անես: Երբ կյանք ես փրկում և նկատում, թե որքան են քեզ գնահատում ու հարգում, հասկանում ես, որ առանձնահատուկ գործ ես անում: Լավ փրկարար լինելու համար պետք է և՛ լավ մարդ լինել, և՛ ֆիզիկական լավ պատրաստվածություն ունենալ»,- իր աշխատանքային փորձը նման եզրահանգման է բերել օղակի հրամանատարին, որը 2012-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից անբասիր ծառայության համար պատվոգրի արժանացած 10 լավագույն հրշեջ-փրկարարներից մեկն էր:

Սմբատ Ավդալյանը մեկ տարի առաջ է ամուսնացել, անհամբեր սպասում է՝ հունվարին որդու լույս աշխարհ գալուն: Նրան Դավիթ կանվանեն, վաղուց են այդպես որոշել, հոր ցանկությունն է:

Հայրը Մարտունիից է, մայրը՝ Շամշադինից, ինքը ծնվել է Երևանում: Երանությամբ է հիշում այն օրերը, երբ 6-7 տարեկանում հոր հետ հաճախակի Էրեբունու լիճ ձուկ բռնելու էին գնում: Այժմ ձկնորսությամբ զբաղվելու շատ ժամանակ չունի, բայց համոզված է՝ որդու հետ հետաքրքիր զբաղմունքներ գտնելու դեռ բազում առիթներ կունենա: