Գլխավոր Նորություններ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ՝ ԼՈՌԻՈՒՄ

ՆՈՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ՝ ԼՈՌԻՈՒՄ

859
Տարածել

Սեպտեմբերի 17-ին կեսօրից մեկ ժամ անց Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի վերաբերյալ հերթական  ահազանգը հնչեց. Պուշկինի լեռնանցքում այրվում է անտառածածկ ու խոտածածկ  տարածք: Անմիջապես դեպքի վայր մեկնեց Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, որը, տեղ հասնելով և կանխազգալով հրդեհի բարդության աստիճանը, օգնություն խնդրեց: Հրդեհն ահագնանում էր՝ կուլ տալով  խոտի դեզեր: Մեծ տարածք ընդգրկող հրդեհը մոտենում էր Ստեփանավանի անտառտնտեսությանը: Մոլեգնող կրակի տարածմանը նպաստում էր ժամանակ առ ժամանակ ուժգնացող քամին, իսկ հրդեհաշիջման աշխատանքները դժվարացնում էր լեռնային բարդ ռելիեֆը:

Փրկարարական ուժերին օգնության հասավ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկով՝ 2,5 տ ջրատարողությամբ «Ռենո» մակնիշի ամենագնաց հրշեջ մեքենայով, Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխի անձնակազմը՝ 27 փրկարարով: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ «Տագնապ» ազդանշանով իրականացվում է Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների ազատ հերթափոխի անձնակազմի հավաք՝ անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջմանը նոր ուժեր ներգրավելու համար: «Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում էին դժվարամատչելի հատվածում, որոշ տեղանքներ մեքենաների համար անանցանելի էին, փրկարարները, գյուղացիները, զինվորականները, անտառտնտեսության աշխատակիցները ոտքով էին տեղ հասնում և ձեռքի տակ եղած միջոցներով հանգցնում կրակը: Հրդեհաշիջման ընթացքում մեծ էր Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի «Ռենո» մակնիշի ամենագնաց հրշեջ մեքենայի դերը, որի շնորհիվ լեռնային դժվարանցանելի տեղանքում կասեցվեց անտառային հրդեհի տարածումը»,- մեզ հետ զրույցում հայտնեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը:

Հրշեջների հետ հավասարապես գործին էին լծվել Պուշկինոյի մոտակա զորամասի ավելի քան 80 զինվոր, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ջոկատը, գյուղի 25 բնակիչ, Ստեփանավանի անտառտնտեսության 20 աշխատակից, երկու հրշեջ մեքենա և 3 օժանդակ տեխնիկա (2 ջրատար և 1 մարդատար), ծառայողական և անձնական ավտոմեքենաներ:

«Հրդեհաշիջման մարտավարության ճիշտ ընտրության, այն է՝ հրդեհի տարածման ուղղությունների ճակատի ողջ երկայնքով կրակի միաժամանակ մարման, ուժերի ու միջոցների օպտիմալ բաշխման, ինչպես նաև հրդեհաշիջմանը ներգրավված անձնակազմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ժամը 16-ի սահմաններում հնարավոր եղավ հրդեհը մեկուսացնել և մարել: Հրդեհը գետնատարած էր, ծառերը գրեթե չեն տուժել»,- հավելեց վարչության պետը: Պուշկինոյում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 150 հա տարածք, որից մոտ 2 հա՝ անտառածածկ:

Նշենք, որ Պուշկինոյի հրդեհից ընդամենը 4 օր առաջ էլ Լոռու փրկարարներին հաջողվել է կանխել «ԴՈւՑ» կոչվող զորամասի հրաձգարանի դիմացի սարի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի մուտքը զինվորական մաս ու Բազումի անտառներ: Ահազանգով Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատն անմիջապես գործի անցավ՝ միաժամանակ ներգրավելով այլ փրկարարական ուժերի՝ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:

Փրկարարների հետ կրակի դեմ պայքարում էին 50 զինվոր, Բազում գյուղի բնակիչներ: Քամին թեժացնում էր կրակը, իսկ հրդեհաշիջմանը խոչընդտում լեռնային բարդ տեղանքն ու գիշերվա թանձր մութը:

«Երկու ուղղությամբ տարածվող հրդեհը մարվեց: Դեպի անտառի տարածք ձգվող կրակի դեմ պայքարում էին Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատն ու Բազում գյուղի բնակիչները, իսկ դեպի հրաձգարան տարածվող ուղղությամբ՝ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու զինվորները»: Հրդեհաշիջման մարտավորության ճիշտ ընտրության, ուժերի ու միջոցների ստույգ  բաշխման, ինչպես նաև հրդեհաշիջմանը ներգրավված անձնակազմի շնորհիվ ժամը 23-ի սահմաններում հաջողվել է մարել և կանխել  հրդեհի տարածումը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ