Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀԻ ԴԵՄ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ

ՀՐԴԵՀԻ ԴԵՄ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ

599
Տարածել

Ջաջուռի հրդեհը

Վերջին շրջանի հրդեհները չշրջանցեցին նաև Շիրակի մարզը, որը, թվում էր, թե իր բնակլիմայական պայմաններով ամենաապահովն է շոգ ու արևից: Սեպտեմբերի 7-ին Շիրակի փրկարարական վարչությունում ստացված կանչը, որ Ջաջուռում սարի գագաթին խոտածածկ տարածք է բռնկվել, անմիջապես փոխանցվեց Ախուրյանի փրկարարներին: Մեկ մարտական հաշվարկ մեկնեց հրդեհի վայր՝ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Հրաչ Սերոբյանի գլխավորությամբ: Այդ մասին է տեղեկացնում է Շիրակի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանը և շարունակում. «Դեպքի վայր հասնելուն պես հետախուզում է իրականացվել: Սարի գագաթին՝ մոտ 2000 մ բարձրության վրա, այրվում էր մոտ 12 հա խոտածածկ տարածք»: Հրդեհի ծավալները մեծ էին: Օգնության մեկնեց ևս մեկ մարտական հաշվարկ՝ Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից: Դեպքի վայր մեկնեց նաև 8 հոգուց բաղկացած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ. «Քամու հետևանքով հրդեհն արագ էր տարածվում: Հյուսիսարևելյան կողմից Ջաջուռի անտառներին էր կրակը սպառնում, իսկ արևմտյան հատվածում՝ մոտակա գյուղին: Քանի որ նման բարձրության վրա հնարավոր չէր որևէ մարտական հաշվարկ գործի դնել, մնում էր միայն ապավինել մարդկային ուժին»:

Հրդեհաշիջմանը միացան մարզպետարանի աշխատակիցներ, բնակիչներ, օգնության եկան Գյումրու կայազորի 30 զինծառայող՝ հրամանատարի՝ գնդապետ Սարգիս Տարախչյանի գլխավորթյամբ: Շիջմանը ներգրավվեցին Ախուրյանի ոստիկանության 15 աշխատակիցներ: «Կրակը սարի լանջից իջնելով՝ մոտենում էր գյուղին, ընդամենը 500-700 մ էր հեռու, երբ վերջնական մարումն իրականացրեցինք: Ապահովության համար Ջաջուռ գյուղի սարալանջի փողոցում, որտեղ կային տներ ու խոտի դեզեր, հերթապահում էին երկու հրշեջ մեքենա: Մեկ մարտական հաշվարկ էլ տեղակայվել էր սարի հակառակ կողմում՝ հյուսիս-արևելյան հատվածում, անտառաշերտը պաշտպանելու համար: Բարեբախտաբար դրանց անհրաժեշտությունը չեղավ»,- նշում է վարչության պետը: Ընդամենը 4-5 ժամ է հրշեջներից պահանջվել սարի վրա այրվող մոտ 40 հա խոտածածկ տարածքը վերջնականապես մարելու համար, որից հետո սահմանվել է հերթապահություն, համոզվելով, որ հրդեհի վերսկսման վտանգ այլևս չկա, նոր միայն մեկնել են հրշեջ մաս:

Հրե օղակի մեջ հայտնված հրշեջը

Ջաջուռի հրդեհը քամին ավելի արագ էր տարածում, քան հնարավոր էր կանխել: Պտտահողմը կրակը գալարում էր, որի հետևանքով էլ Ախուրյանի ջոկատից փ/ծ ավագ, օղակի հրամանատար Գրիգոր Ոսկանյանը հրե օղակի մեջ է հայտնվում և այրվածքներով տեղափոխվում հիվանդանոց: «Առավոտյան հերթափոխը հանձնել, եկել էի տուն, և հանկարծ ժամը 12-ի մոտ տագնապ հնչեց: Ամիջապես գնացի ՀՓՋ, մեկնեցի Ջաջուռ»,- հիշում է օղակի հրամանատարը: Սարալանջին խոտածածկ տարածքն էր այրվում, կրակը թույլ էր, քամի չկար. «Մարում էի կատարում, երբ պահի տակ հողմապտույտ՝ մրրիկի պես քամի բռնեց, բոցը խփեց դեմքիս ու ինձ առավ կրակի մեջ: Ինձ չկորցրեցի, դուրս եկա կրակի օղակից, ասացի՝ տղերք, դիմավորեք, վառվել եմ, և իջա ցած»: Փ/ծ ավագին անմիջապես տեղափոխում են Գյումրու բժշկական կենտրոն՝ տարբեր աստիճանի այրվածքներով դեմքի և ձեռքերի հատվածներում: Գրիգոր Ոսկանյանի տունը հրշեջ մասի հարևանությամբ է. «Բոլոր կանչերը լսում եմ, անմիջապես գնում հրշեջ մաս, և եթե իմ կարիքը կա, մեկնում դեպքի վայր»: Այդպես է վարվել նաև սեպտեմբերի 7-ի հրդեհի օրը: Փ/ծ ավագն Ախուրյանի ՀՓՋ-ում ծառայում է 2003-ից, պարգևատրվել է «10 տարի անբասիր ծառայություն» մեդալով և օրերս անցնելու է թոշակի. «Դիմումս արդեն գրել եմ և սպասում եմ հրամանին»: Օղակի հրամանատարն ասում է, որ շատ դժվար է, ամբողջ կյանքն անցել է հրշեջ մասում, հիմա չի պատկերացնում իրեն առանց ծառայության, ջոկատից դուրս. «Բայց միևնույն է, երբ կանչ լսեմ, գնալու եմ ջոկատ՝ տղաների մոտ, ինչով կարող եմ՝ օգտակար կլինեմ: Իմ կյանքն է, միշտ մնալու եմ հրշեջ-փրկարար»:

Կաքավասարի հրդեհը

Սեպտեմբերի 12-ին Շիրակի փրկարարները նոր ահազանգ ստացան: Կաքավասարում խոտածածկ տարածք է այրվում: Աշոցքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ է մեկնում դեպքի վայր: Պարզվում է, որ հրդեհվել է սարալանջը՝ 2200-2500 մ բարձրության վրա, և հրդեհին հասնելու համար չկան ճանապարհներ, վերելքն անհնար էր «Զիլ» մեքենայի համար: Մնում էր կրկին ապավինել մարդկային ուժին: ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Վահագն Դանիելյանի գլխավորությամբ, համայնքի բնակիչների հետ կազմակերպում են հրդեհաշիջման աշխատանքներ: «Այրվում էր 35-40 հա արոտավայր, որը մարվել է 3-4 ժամվա ընթացքում հրշեջ-փրկարարների և համայնքի բնակիչների ջանքերով»,- տեղեկացնում է փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանը: Հաջորդ օրը, կեսօրին մոտ, ահազանգ է ստացվում, որ նույն Կաքավասարի մարած հրդեհի հարևանությամբ նկատվում է ծուխ և կրակի տարածմանը նպաստում է ուժգին քամին: Կրկին Աշոցքի հրշեջ-փրկարարներն են մեկնում հրդեհի վայր և պարզում, որ նախորդ օրվանից ավելի մեծ հրդեհ է բռնկվել, որն էլ ահագնանալով մոտենում է մարած տարածքի սահմաններին: «Անմիջապես մեկնել եմ դեպքի վայր, ինձ հետ էր նաև հրդեհաշիջման գծով վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Եղշատյանը: Հրդեհը շատ մեծ էր, սարի գագաթից իջնելով՝ մոտենում էր անտառածածկ տարածքին, մի կողմում 3-4 կմ էր հեռու, իսկ մյուսում՝ ընդամենը 2 կմ»,- նշում է վարչության պետը: Կրկին միանում են հրշեջ ու կամավոր, նաև անտառտնտեսության աշխատակիցները, և լաթերով ու ծառի ճյուղերով, ձեռքով ջուր հասցնելով՝ իրականացնում հրդեհաշիջում. «Իրավիճակը բարդանում էր: Զեկուցեցի փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին, որի կողմից էլ «տագնապ» հայտարարվեց Շիրակի մարզում»:

Բոլոր ուժերը համախմբեցինք Կաքավասարի շուրջը: Սակայն օրը մթնում էր, իսկ հրդեհը բոցկլտում էր մինչև 3000 մ բարձրության վրա՝ ձորակներով ու հեղեղատներով տարածվում, ինչին նպաստում էր քամին: Ստեղծվել էր հոծ ծխապատ գոտի, որն առանձնակի վտանգ էր ներկայացնում մարդկային կյանքին և առողջությանը, անհնար էր շարունակել շիջումը, տեսանելիություն գրեթե չկար: Ստիպված սպասեցինք լուսաբացին: Սակայն անտառի բռնկման վտանգն ունենալով՝ սարի երկու կողմերում սահմանեցինք գիշերային հերթապահություն: «Աշխատանքները վերսկսեցինք առավոտյան 5:30-ի սահմաններում 112 հոգով: Արդեն ժամը 9:15-ին հրդեհը մեկուսացվեց»: Շիջում էին միաժամանակ սարի երկու կողմերում: Կաքավասարի կողմում, որտեղ հիմնական հրդեհաշիջումն էր, ղեկավարում էր վարչության պետ Արթուր Կարապետյանը՝ կոորդինացնելով նաև ամբողջ աշխատանքը, իսկ Ախուրյան գյուղի կողմից՝ սարի հակառակ երեսին, պատասխանատուն վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանն էր: «Ընդհանուր առմամբ այրվել է շուրջ 120 հա խոտածածկ տարածք, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ախուրյանի ջոկատից 14 հրշեջ-փրկարար, Գյումրու ջոկատը՝ 39 փրկարարով, Ամասիայի ջոկատը՝ 15, Աշոցքից՝ 17 և մարզային փրկարարական վարչությունից 7 սպա: Բացի հրշեջ-փրկարարներից, ներգրավված էին նաև 36 զինվորական Գյումրիի կայազորից՝ հրամանատար Սարգիս Տարախչյանի գլխավորությամբ»: Ժամը 17:55-ին կատարվել է հրդեհի ամբողջական մարում, որից հետո անտառտնտեսության աշխատակիցներն ու համայնքի ղեկավարները՝ բնակիչներով հանդերձ, գիշերային հերթապահություն են իրականացրել:

Հրդեհից հրդեհ

Նույն օրը՝ սեպտեմբերի 14-ին, Կաքավասարի հրդեհը դեռ չմարած, ժամը 15-ի սահմաններում ահազանգ է ստացվում, որ Ախուրյանի շրջանի սարային հատվածի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: «Հրդեհը սկսվել էր Արագածոտնի կողմից, որտեղ հրդեհաշիջում էին իրականացնում մարզի փրկարարները, բայց քամին, կրակը տարածելով, հասցրել էր Ախուրյանի շրջան»: Դեպքի վայր են մեկնում Ախուրյանի հրշեջ-փրկարարները՝ մեկ մարտական հաշվարկով: «Այդ հրդեհը նույնպես իր չափերով չէր զիջում նախորդներին: Ընդհանուր առմամբ՝ այրվում էր 150 հա խոտածածկ տարածք, 75-ն՝ Արագածոտնի կողմից, 75-ն էլ՝ Շիրակի»,- ասում է վարչության պետը: Հրդեհաշիջման միջոցները նույնն էին. հրդեհ սարի գագաթին, որտեղ միայն մարդկային ուժն է կարող աշխատել առանց տեխնիկայի, և կրկին հրշեջ-փրկարարներ, համայնքի բնակիչներ: Այս անգամ հրշեջները Շիրակի և Արագածոտնի կողմից կրակը մարելով՝ հանդիպել են սարի գագաթին և ձեռք ձեռքի տվել ամբողջացած աշխատանքի համար:

Օգնության են հասել նաև Անիի ջոկատից 10 հրշեջ-փրկարար, սակայն նրանց սար բարձրանալու կարիքը չի զգացվել, քանի որ արդեն ժամը 17-ի սահմաններում հրդեհը մեկուսացված էր, իսկ 30-40 րոպե անց՝ լիովին մարված: «Շնորհակալություն եմ հայտնում մարզի բոլոր կառույցներին՝ պատրաստակամորեն մեզ աջակցելու համար, հատկապես հրշեջ-փրկարարներին՝ իրենց անձնուրաց աշխատանքի համար և մասնավորապես՝ փ/ծ ավագ Գրիգոր Ոսկանյանին, որն այս պահին այրվածքներով հիվանդանոցում է»,- եզրափակում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանը:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ