Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Բարձր ջերմաստիճաններ. ջերմային հյուծում

Բարձր ջերմաստիճաններ. ջերմային հյուծում

824
Տարածել

Ջերմային հյուծումը շոկի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից: Տաք միջավայրում երկարատև լարված աշխատելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է: Դրա հետևանքով մարդը մեծ քանակությամբ հեղուկ և աղեր է կորցնում: Շոգ օրվա ընթացքում մարդը քրտնելու արդյունքում կարող է կորցնել մինչև 10 լիտր հեղուկ: Առատ քրտնարտադրության հետևանքով մարմնում նվազում է արյան ծավալը: Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար նեղանում են մաշկի և վերջույթների արյունատար անոթները: Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում: Ջերմային հյուծմանը կարող են նախորդել ջերմային ցնցումները: Ջերմային հյուծումն ավելի հաճախ հանդիպում է մարզիկների, հրշեջների, շինարարների և նրանց շրջանում, ովքեր տաք հագնված երկար ժամանակ գտնվում են շոգ միջավայրում և բարձր խոնավության պայմաններում: Տուժածի մարմնի ջերմաստիճանը կարող է լինել նորմալ կամ սովորականից փոքր-ինչ ցածր կամ բարձր: Ջերմային հյուծման նշաններն են. սառը, խոնավ, գունատ մաշկ, գլխացավ, գլխապտույտ, թուլություն, ծարավի զգացում, սրտխառնոց, փսխում, արագացած, թույլ անոթազարկ, հաճախացած շնչառություն:

Ջերմային հյուծման դեպքում տուժածին հորդորեք դադարեցնել ֆիզիկական աշխատանքը և նրան տեղափոխեք հով, ստվերոտ վայր: Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ, թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը: Եթե տուժածը գիտակից վիճակում է, սառը հեղուկներ, այդ թվում՝ հանքային ջրեր տվեք: Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և դրանք փոխանցեք դեպքի վայր հասած բժիշկներին: