Գլխավոր Նորություններ ԱՐՏԱԿԱՐԳ ՕՐԵՐ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽ-ԵՐԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ՕՐԵՐ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽ-ԵՐԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

514
Տարածել

Երբ նախարարությունում ստեղծվեց համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպություն՝ առաջին թերահավատը ես էի. մեր էս ժամանակներում ի՞նչ արհմիություն, ո՞րն է լինելու նրա դերը, ի՞նչ աշխատանքներ է իրականացնելու: Եվ չտեսնելով այս հարցերի պատասխանը, նաև այդ պատճառով հրաժարվեցի անդամագրվել: Մանավանդ որ քաղծառայողները պաշտպանված են «Քաղծառայության մասին օրենքով», և աշխատանքային հարաբերություններն էլ կարգավորվում են նաև այդ օրենքով: Բայց որպես համակարգի աշխատող՝ ականջալուր էի այդ կազմակերպության աշխատանքներին և առանց որևէ պարտադրման՝ որոշեցի անդամագրվել:
Արցախ աշխարհը
իմ սերնդակիցների ապրած ժամանակաշրջանը բաժանվեց երկու մասի. Շարժումից առաջ և Շարժումից հետո: Շարժումից առաջ իմ այցը Արցախ ճանաչողական էր, նաև զրուցել Պըլ-Պուղու համագյուղացիների հետ, անցնել «Դավիթ Բեկ» ֆիլմի նկարահանումների վայրերով, զրուցել ու ճանաչել արցախցիներին, որոնք այն ժամանակ մի երազանք ունեին, որ իրենց մայրաքաղաքը լինի ոչ թե Բաքուն, այլ՝ Երևանը: 1988-ին մասնակցում էի Ստեփանակերտում անցկացվող միտինգներին, հնարավորություն ունեցա զրուցել Մոսկվայից հատուկ ուղարկված մարդկանց հետ: Անմոռանալի է հանդիպումը բացառիկ հատկանիշներով օժտված մարդու, մարզկենտրոնի ղեկավար Հենրիկ Անդրեյի Պողոսյանի հետ, ում հետ առաջին հարցազրույցը վարելու պատիվը ունեցա: Նա առաջինն էր, որ Գորբաչովին ներկայացրեց խնդիրը՝ բացառիկ գրագիտությամբ: Ժամանակի մամուլում այդ մասին ընդարձակ անդրադարձներ եղան:
…Արհմիության կազմակերպած էքսկուրսիան առիթ էր հանդիպելու իմ անցյալի հետ, այս անգամ՝ հանգստի նպատակով: Շնորհիվ բարձր կազմակերպվածության՝ նպատակը հաջողվեց: Կազմակերպության ազատված նախագահ, գյումրեցու հարս Լյուդմիլա Մելիքյանի «էսքան կնիգ, որ մեկտեղ հավաքվեն, ինչըղ կեղնի» «հույսերը» չարդարացան: Անգամ երգը չսպասեց, որ իրեն հրավիրեն, եկավ ու գրավեց բոլորի տրամադրությունը: Ու հենց երգելով էլ հասանք անցակետ: Այստեղ էլ պահանջված կարգը ետ-ետ ընկրկեց, երբ ավտոբուսի վարորդն ընդամենը ընթացքը դանդաղեցնելով պատուհանից արտաբերեց «9-1-1», անցակետի աշխատակիցը պատվի առավ և բարի ճանապարհ մաղթեց: Արցախ աշխարհի հետ մեր առաջին հանդիպումը Թարթառ գետի ձախ ափին Մռավ սարի անտառապատ լանջին հանգրվանած, սուրբ Դադեի գերեզմանատեղում կառուցված Դադիվանքն էր՝ Արցախի հնագույն համալիրներից մեկը, որն ըստ ավանդության, կառուցվել է դեռևս 1-ին դարում:
Հյուրանոցում տեղավորվելուց հետո մեզ սպասում էր շրջագայությունը՝ արդեն նոր բովանդակություն հագած Ստեփանակերտով: Այդ նոր բովանդակությանը իրենց մասնակցությունը բերած մեծահարուստներին մտովի ներեցինք աղքատ երկրում հարուստ լինելու համար և հարգելով նրանց նպատակային ներդրումները, հիացանք «Վալեքս» հյուրանոցային շքեղ համալիրով, Անդրկովկասում նմանը չունեցող մեծ ու գեղեցիկ, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ու խիստ ժամանակակից հիվանդանոցով: Շրջեցինք նաև գիշերային մթության մեջ լույսերով ողողված Ստեփանակերտով ու մտովի էքսկուրսը խորացրինք ոչ միայն պատերազմ ապրած քաղաքի, այլև մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմաբան Քսենոֆոնի «Անաբազիս» գրքում նկարագրված գետնափոր տների, ապա ռուսական բանակի հիմնած Կազակի պոստի, Մելիք Շահնազարյաններից Շոշվա Մեհտի Ղուլի Խանի կապալով վերցրած զորանոցի տարածքը Խանքենդի կոչելու ժամանակներ ու հասանք Ղարաբաղի նորաստեղծ կառավարության Շուշիից այդ քաղաքը տեղափոխվելուց հետո Ստեփանակերտ անվանափոխելու ժամանակներ:
Երկրորդ օրը ավելի հագեցած էր ու ավելի գունեղ: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ են Խոջալուի դեպքերի իրարամերժ տեղեկատվությունները, որոնք արդեն թաղված էին գյուղի ավերակների մեջ: Անցանք Ասկերանի շրջանի միակ քաղաքի՝ շրջկենտրոն Ասկերանի միջով, որտեղ տեսանելի էր Ասկերանի բերդի նշանակությունը: Հաջորդը Տիգրանակերտի բերդն էր, որը հնարավորինս բոլոր կողմերով «յուրացրինք» մեր հեռախոսներով ու մեզ տեղադրեցինք բերդի՝ մեր նախընտրած բոլոր տարածքներում: Ամենից տպավորիչը Վանք գյուղում անցկացրած ժամանակն էր: Իմ այցի նպատակը ինձ հարազատ «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի սեփականատեր, այլևս իր անվանը անբաժան բարերար, «Հայաստան» հայկական հիմնադրամի խոշորագույն ներդրողներից մեկի՝ Լևոն Գուրգենի Հայրապետյանի գյուղը տեսնելն էր: Նրա ֆինանսավորմամբ սեղծված, կառուցված, նորոգված կառույցների թվարկումն անգամ շատ ծավալուն է, բայց չեմ կարող չնշել նրա տեսակը, մարդ, ով ամոթ էր համարում աղքատների մեջ հարուստ լինելը գործնականում և բարեգործություն անում էր ոչ իր անձի շեշտադրման համար: Բոլոր պաշտոնյաները կախվածություն ունեն: Լևոնը սիրել է անկախությունը և երբեք պաշտոնի չի ձգտել: Նրա հարազատ տատը Նժդեհի մեծ քույրն է, հայրը անվանի քիմիկոս է: «Պերեստրոյկայի» տարիներին Լևոն Հայրապետյանը, ում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հրավիրել էր աշխատանքի, Ուզբեկստանի կոմկուսի կաշառակերության մասին հոդված տպագրեց: Գորբաչովը հրահանգեց բոլորին հանել, Լևոն Հայրապետյանը փոխադրվեց «Սոբեսեդնիկ», որը հետագայում դարձավ նրա սեփականությունը: Վանք գյուղում կառուցած նրա գեղեցիկ համալիրում էլ անցկացրինք մեր հանգիստը, որի ընթացքում ի հայտ եկան շատերի գեղեցիկ նախասիրությունները: Հայրենասիրական ոգին բոլորին էր համակել, պարզվեց, որ ԱԻՆ-ականները նաև արտակարգ երգել, պարել ու կատակել գիտեն: Գանձասարի վանքում եղան երգերի կատարումներ, որոնց հոգեցունց ընտրությունը արդեն իսկ խոսուն էր: Գանձասարի բարձունքից կրկին հիացանք ասես ափի մեջ գտնվող Վանք գյուղով ու վերադարձանք Ստեփանակերտ: Ճանապարհին չէինք կարող չհանդիպել Արցախի տատիկ-պապիկին ու նրանց ներկա չդարձնել մեր լուսանկարներում:
…Այցը Շուշի՝ մեր վերադարձի օրն էր: Երեք կողմերից բնական կիրճերով շրջապատված Շուշիի մուտքը Վազգեն Սարգսյանի անվան հրապարակից է սկսվում՝ սպարապետի հուշաքանդակով: Շուշիի բարձունքից տեսանելի էր այն ճշմարտությունը, որ ով տիրում է Շուշիին՝ տիրում է Արցախին: Անիրական երազանք էր թվում Շուշին դարձյալ հայացած տեսնելը, բայց մենք այդ փաստն ընկալեցինք շատ սովորական: Փոխարենը, երիտասարդ գիդը, չգիտես ինչու, կարևորել էր Ջդրդուզ կոչվող կիրճը, որի ոչ անունն էր հարազատ, ոչ էլ մոտենալն էր անվտանգ: Մեր էքսկուրսիան ավարտին հասավ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, որի սպիտակ կրաքարով կառուցված լինելը յուրահատուկ տեսք է տվել կառույցին: Այն Շուշիի մայր տաճարն է և համարվում է Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Արցախի հայտնի ուտեստը՝ ժենգյալով հացը, վայելեցինք Գորիսը վերևից տեսնելու հաճույքին շաղախած, ոտքի վրա. ուտելու տեղը ընտրել էր ամբողջ ուղևորության ընթացքում խոսելու նյութ ունեցող մեր վարորդը:
Վերադարձը Լաչինի ճանապարհով էր: Վայքում շատերս դուրս եկանք հյուրի կարգավիճակից ու տնեցու իրավունքով ըմբոշխնեցինք մայրուղուն կպած դեղձենու ջրալի պտուղները: Նման մի դեպք էլ հիշողությանս մեջ մնացել է ուսանողական արշավից, երբ արդարացում էր այն, որ տնկողը հենց անցորդի համար է մայրուղուն այդքան մոտ տնկել ու դիտմամբ չի չափարել. տատս ասում էր՝ թթենու ճյուղերը չափարվել չեն սիրում: Այդպես մտածելը և Վայքն էր հարազատ դարձնում, և վայքեցուն բարի որակում տալիս: Ինչևէ. գնողները գնեցին, չգնողները համտեսեցին, իսկ խիստ «օրինապահները» փնթփնթոցը արտաբերման կես ճանապարհին հումորապատեցին ու օրվա հոգնությանը հանձնեցին: Օրն ավարտվեց արդեն գիշերային Երևանում, բայց շատերի համար բաժանումն ակնկալիքով էր, որ առջևում դեռ շատ բովանդակալից հանդիպումներ են սպասվում:

Հ.Գ. Կոլեկտիվ անպաշտոն շրջագայությունները մի լավ կողմ ունեն. հեշտ է մարդկանց ճանաչելը. մի փոքրիկ շտրիխը կարող է բնութագրական լինել, ասենք՝ զիջելու ունակությունը, կոպիտ խոսքին՝ մեղմ պատասխանը…

Լիլիթ ԵԳԱՆՅԱՆ