Գլխավոր Նորություններ Արարատի մյուս կողմը

Արարատի մյուս կողմը

560
Տարածել

Սասունը հայաթափվել է 1980-ականներին քրդերի ձեռքով

Պապի հետքերով

Սոֆյա Հայոբյանը 24 տարեկան է, որից 11-ն է Հայաստանում ապրել: Ծննդավայրը Կիևն է, իսկ արմատները Էրգրից են` Սասուն, որտեղից գաղթել են 1920-ականներին: Մայրական կողմը Կ.Պոլսից է, որտեղից հայտնվել են Հունաստանում, այնուհետև Ֆրանսիայում և , ի վերջո, Երևանում:
Ուսումը սկսել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնից, սակայն ավելի ուշ Ստանբուլում ուսումնասիրել է օսմաներեն` երկու տարբեր կառույցներում: Իրեն առաջին հերթին համարում է լրագրող, որ զբաղվում է թուրքագիտությամբ: Համագործակցում է հիմնականում սփյուռքի, իսկ վերջին մեկուկես տարում նաև հայաստանյան մամուլի հետ:
«Երբ ինձ հարցնում են` ինչպես գտար սասունցիներին, ասում եմ` ես չգտա սասունցիներին, սասունցիներն ինձ գտան: Պապս Սասունից է, և 6 տարի առաջ գնացի պապիս հետքերը որոնելու, ապրող մարդկանց գտնելու, որոնք որևէ կապ կունենային մեր կիսատ մնացած պատմության հետ»,- ասում է Սոֆիան: Իսկ պապիկին չի տեսել, մահացել է իր ծնվելուց առաջ, մշեցի տատի պատմածն էր ուղեկցել. «Կտոր-կտոր պատմություններ կային հիշողությանս մեջ տատիկի խոսակցություններից մնացած , բայց նա էլ այլևս չկար և ուզում էի դրանք ամբողջացնել: Բայց երբ հասա Սասուն՝ մեր պատկերացրած ու երազածներից քիչ բան հայտնաբերեցի: Իրականում ավելի հետաքրքիր բաներ գտա, քան փնտրում էի, որոնք էլ հենց սկիզբ դրեցին իմ հետագա ուսումնասիրություններին»:

Պապի գյուղում ապրում էին նաև արաբացած ու քրդացած  հայեր, որոնք մեծմասամբ տեղյակ են իրենց հայ լինելու մասին, բայց խոսում են արաբերեն և քրդերեն.«Մեր պատմագրության մեջ այդ մասին չկա և առհասարակ 1915-ից հետո փաստերը լռում են: Չգիտեմ, կա? Էլի մեկ այլ ժողովուդ, որ ապրի միրնուն լեռան` Արարատի, երկու կողմերում և այդքան անտեղյակ լինի միմյանցից ու կտրված»: Պապի գյուղը քրդերենից հայերեն թարգմանաբար նշանակում է Ընկուղենու ձոր՝ Գելիեգուզան, իսկ թաղամասը, որտեղ պապիտունն է եղել` Կարմիր վանք, որն այժմ կցված է Մուշի նահանգին: Առհասարակ պատմական Սասունը բաժան-բաժան է արվել Աթաթուրքի ժամանակ` Բիթլիսի, Մուշի, Բաթմանի, Սղերդի և Դիարբեքիրի նահանգների միջև. «Սասունի հայերն առանձնանում են նրանով, որ, ի տարբերություն շատ-շատ մահմեդականացված հայերի, նրանց ինքնագիտակցությունը ավելի վառ է: Դա կապված է և’ աշխարագրական դիրքի հետ, և ապրելակերպի: Ինչպես քրդերն ու արաբներն, այնպես էլ հայերն ապրում են տոհմերով և ճանաչում են իրար: Եթե անգամ թաքցնեն իրենց հայ լինելը, միևնույնն է, բոլորը գիտեն, որ, օրինակ, Հարութի թոռն է, հայհոյելուց էլ ասում են` հայի ծնունդ ես»:

4 քրիստնյա հայ ընտանիք

Սասունում թուրքեր չկան, թուրքերը Սասունի ճանապարհը չգիտեն բացի զինվորոկաններից ու ոստիկաններից: Ապրում են քրդեր, արաբներ, հայեր: Թուրքերեն լեզուն նույնպես չի հնչել այստեղ երկար ժամանակ. հայը Պոլիս գալուց հետո է ծանոթանում թուրքերենին: «Առհասարակ Արևմտյան Հայաստանը, որ թուրքերը կոչում են Արևելիան Անատոլիա, շարքային թուրք քաղաքացու համար, որը հիմնականում ապրում է նախկին Բյուզանդիայի արևմուտքում, շատ վայրի, անծանոթ տարածք է: Թե՛ աշխատանքային, թե՛ ուսումնական ծրագրերի դեպքում էլ թուրքերն աշխատում են կողքով անցնել և քիչ պատկերացում ունեն այդ տարածքների մասին: Քրդերն են, որ ապրում են այնտեղ, հայրենիք են ընկալում` Քուրդիստան, մեր ժամանակներում արդեն առկա է քրդական մի թեզ, որով քրդերն էլ հայերին էլ եկվորներ համարում, որոնց իբր Տիգրան Մեծն է բերել-բնակեցրել: Թուրքերը հոգեբանորեն քիչ կապ ունեն այդ տարածքի, մշակույթի, իրականության հետ հետ՝ բացի ասենք Կոնիայից, Մարաշից, Մալաթիայից, Սեբաստաիյի որոշ գյուղերից, որտեղ կան սուննի կամ ալևի թուրքեր»,- շարունակում է իր ուսումնասիրություններից ներկայացնել Սոֆյա Հակոբյանը:

Պապի գյուղում բոլոր հայերը  մահմեդականացված են, բայց կան տասնյակ  այլ գյուղեր, մեծմասամբ` Մարաթուկի փեշերին, որտեղ ապրում են և’ մուսուլման, և’քրիստոնյա հայեր, որոնք արաբերեն էին խոսում,նաև հայերեն` պահպանելով բարբառը, իհարկե այդպիսիք արդեն միայն մեծահասակներն են.«Սակայն ամբողջ Սասունի տարածքում մնացել է միայն 4 ընտանիք, որոնք անձնագրով պաշտոնապես նշվում են որպես քրիստոնյա: Քրիստոնյա հայերը Սասունից հիմնականում Ստամբուլ են տեղափոխվել և բավականին մեծ թիվ են կազմում` 10-15 հազար, գուցե և ավելին (Պոլսի Հայոց պատրիարքարանը առկա տվյալները վերջին տարիներին չի թարմացրել): Սասունցիները գավառահայերի շրջանում Պոլիս եկել են վերջինը, բայց հայ համայնքում, հատկապես Պոլսում, ամենաշատն են»:Սասունից Ստամբուլ են հայերը տեղափոխվել հիմնականում 1980-ականների վերջերին, թեև գաղթը փոքր տեմպերով սկսվել է դեռևս 1950-ականներից ու ինտենսիվացել 1970-ականներին: Իսկ մինչ այդ ցեղասպանությունից հետո տասնամյակներ շարունակ Սասունի լեռներում մի քանի հազար քրիստոնյա հայեր են ապրել: Ստամբուլ հեռացել են կրոնական ճնշումներից, սոցիալական խնդիրներից դրդված.«Դրդապատճառը սովորաբար մեկն է. Ստամբուլում կա հայկական վարժարան, եկեղեցի և հայկական համայնք: Երեխան կարող է հայալեզու կրթություն ստանալ և մկրտվել եկեղեցում: Եվ սա վերաբերվում է Արևմտյան Հայաստանցի Պոլիս գնացող բոլոր գավառահայերին»:

Հայերը երկրորդ անգամ ջարդվեցին մահմեդական հարևանների կողմից

Սասունը 1915-ին վերջնականապես չի հայաթափվել, դրան պետությունն ու մահմեդական բնակչությունը կարողացան հասնել միայն 80-ականներին ու անգամ 90-ականներին: «Հայերը շարունակ ցեղասպանական ակտերի առաջի էին կանգնում քրդերի, երեմն էլ արաբների կողմից կողմից: Թեև դա հաճախ կարող է պատմվել, որպես տեղական աշիրեթների միջև նեղ վեճեր ու հաշվեհարդարներ և թվա թե այդքան էլ համակարգված չէր, սակայն ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հատուկ աչք են փակել, երբ հայերից անօրինաբար հող էին խլում կամ աղջիկ փախցնում: Բացառիկ դեպքեր են եղել , երբ հայը դիմել է դատարան ու հետ ստացել հողը, 5 տարի առաջ առևանգված հայ աղջիկը իրեն առևանգողին իր ձեռքով ոստիկանների ձեռքը տվեց և այդ պատմությունը լեգենդացվեց, դարձավ հերոսապատում, որովհետև սովոր չէին, որ իրենց ձայնը կլսվի: Երբ խնդիրը վերաբերում է հայերին՝ բոլորն են միավորվում»,- կրկին ներկայացնում է Սոֆյան:

Այսօր Սասունի զգալի հատվածում, հատկապես՝ հարավում ու հարավ-արևելքում ապրող քրդերը հիմնականում իշխանամետ են, բազմաթիվ քրդեր կան, որ իշխանամետ պահակախմբեր են կազմել և կռվում են իրենց PKK-ի դեմ, այժմ Սասունում միայն երեք գյուղ է, որ հրաժարվել է զենք բարձրացրել քրդական շարժման զինյալների դեմ.«Քրդերն ու արաբները փախցնում էին հայ աղջիկներին, դանակահարում կամ ձորից ներքև գլորում հայ գյուղացուն` տիրելով նրանց դաշտերին կամ արոտավայրերին: Իհարկե, հայերը այդ ժամանակ դիմադրություն ցույց տալիս էին, 1960-ականների երկրորդ կեսից զենքը ձեռքներին հսկում իրենց տունն ու հողերը: Բայց ի վերջո կրոնական ու սոցիալական ճնշումները՝ էլեկտրականությունից ու ավտոճանապարհից զուրկ լեռնային գյուղերի անմխիթար վիճակը, կրթական հաստատությունների բացակայությունը, աղջիկների առևանգման վախը բերեցին Սասունի հայաթափման: Դեռ կան բազմաթիվ հայեր, որոնք Ստամբուլից ամռանը գալիս են իրենց հողերը մշակում, անասուն պահում, իսկ ձմռանը նորից գնում քաղաք»:

Սասունում վերջին անգամ ազգային հողի վրա հայ է սպանվել 8 տարի առաջ. հիմա չեն սպանվում զուտ որովհետև քրիստոնյա սասունցիները այլևս որևէ գյուղում մեծամասնություն չեն. «Հիմա քրդերն ասում են` հայերը մեր գլխի թագն են, մեր եղբայրներն են, որովհետև 4 քրիստոնյա ընտանիք է ապրում, իսկ եթե 40-ը լինեին, պատկերը բոլորովին այլ կլիներ, ինչպես տասնամյակներ առաջ էր:Եթե մի քիչ շատանան, ինչպես մի տարեց սասունցի ասաց` ակռաները կցուցցնեին: Երբ Դիարբեքիրի Սուբ Կիրակոսը բացվեց, օրինակ, Զատիկին գնում էր 400 հոգի հայ, եթե հաջորդ տարի գնան 4 հազար, իրենք նորից ակռաները կցուցցնեն` քրդերն էլ, պետությունն էլ»: Սասունում արաբների մեջ ապրող հայերը համեմատաբար ազատ են իրենց կեցությամբ, քիչ թե շատ հագիստ և պահպանել են լեզուն, ավելի քրդական միջավայրում ձուլումն աառավել ինտենսիվ է կարծես, իսկ լեզուն նահանջած: Արաբներն էլ միանշանակ չեն վերաբերվում հայերին, խնդիրն ավելի անհատական է, քան արաբ-քուրդ-թուրք լինել-չլինլեը .կան ցեղեր, որոնք պաշտպանում են կամ ուղղակի չեն միջամտում հայերի կյանքին, ցեղեր էլ կան, որոնք, օրինակ, չեն քաշվում հայկական եկեղեցիներն ամեն Աստծու օր ոսկու համար քանդել-փորելուց:

Երևանում բարեկամներ ունենք, կարո?ղ ենք գտնել նրանց

Ինչպես արդեն ասացինք ՝1970-80-ականների ուրբանիզացիայի (քաղաքաբնակեցում) տարիներին Արևմտյան Հայաստանից ամենաուշը Սասունն է հայաթափվել, ամենավեջինն իրենց գյուղեը լքել են սասունցիները: «Կարևոր է հաշվի առնել, որ այն ինչ-որ իսլամացված և քրիստոնյա հայերի մասին ասում եմ Սասունի շուրջ, կարող է չվերաբերվել մյուս գավառներին: Սասունը մի քիչ առանձնացող դիրք ունի,լեզուն, կրոնը պահպանել են մինչև նախորդ դարի 80-90-ականների վերջը: Այդ և մյուս առումներով սասունցիների կենսակերպն ունի որոշ առանձնահատկություններ, այլ կարգավիճակում են համշենցիները, դերսիմցիները, խարբերդցիները՝ էլի իրենց հատուկ մի շարք առանձնահատկություններով»,- համոզված է Սոֆիա Հակոբյանը` նկատի ունենալով սեփական դիտարկումներն ու ուսումնասիրությունը:

Այդ ազգայինը պահելու համար խառն ամուսնությոնները գրեթե բացառել են, հիմա էլ զգուշանում են, սասունցի հայերը ամուսնանում են հիմնականում միայն հայերի հետ` լինի քրիստոնյա, թե մուսուլման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայ աղջիկներին առևանգել են քրդերը կամ արաբները.«Էնտոգեմիկ ամուսնությունները շատ մեծ դեր են խաղում սասունցիների կենսակերպում և այդ երևույթը շատ խիստ է պահպանվում»: Երբ սասունցիները նստում են սեղանի շուրջ՝ լինի 10 հոգի կա 1000 , բոլորն իրար ճանաչում են ու բարեկամ են, բոլորն իրար աղջիկ են տվել ու առել: Ստամբուլում և Պոլսում ամենամեծ հարսանիքներն ու հավաքույթները հենց սասունցի հայերն են անում. Ոմանք քրիստոնեա չեն, հայերեն չգիտեն, բայց հենց այս կերպ են պահպանում հայկականությունը»:

Մահմեդականացվածների մի մասն էլ ձևական են դավանում իսլամին`ֆիզիկական բռնաճնշումներից զերծ մնալու նպատակով, իսկ ընտանիքի ներսում պահպանում են ավանդույթները. «Պարտադիր չի հայկականությունը կապեն խաչի հետ, թեև դա էլ մահմեդականացվածների կենսակերպում տեղի ունի՝ թեկուզ թոնրի մեջ թխված գաթայի վրա, կարող են նշել Վարդավառը, թխել հայկական գաթա, անպայման իրականացնում են Մարաթուկի Սուրբ Աստվածածնի ուխտը , այդ և շատ տարբեր երևույթներով է դրսևորվում հայկականությունը, ենթագիտակցության մեջ դեռ կա, պահպանվում է հայկականը: Հատուկ բաներ փնտրելու կարիք չկա, երբ հետները զրուցում ես՝ ակնհատ է դառնում ամեն ինչ: Նամազի խալին փռել է, օրը 5 անգամ նամազ է անում, բայց ասում է` Երևանում բարեկամներ ունենք, կարո?ղենք գտնել նրանց»:

Իսկ մահմեդականացված հայ ընտանիքներից երիտասարդները` չլինելով քրիստենեա, չիմանալով մայրենի լեզուն, երբեմն փորձում են կառչել մշակույթից` իրենց հայ զգալու համար սովորել հայկական բառեր, և նրանց ոգևորում է Հայաստանի հետ կապված ամեն բան. «Հայաստան գնալ-գալու համար, եթե կարելի է այսպես սաել` իրենց ճղում են մեջտեղից: Մտածում են, եթե կրոնով հայ չեն, գոնե այդպես մնան հայ: Իսկ քրիստոնյաներն ապացուցելու խնդիր չունեն, քրիստոնյա հայ են և վերջ: Տարբեր կերպ են հետաքրքրությունները դրսևորվում քրիստոնյա և մուսուլման հայերի մեջ»:

Շուրջ 100 հազար սասունցի է ապրում Թուրքիայում

Ցիրուցան եղած, տեղահանված պատմական Սասունի տարածքում, որ բաժանված է Բիթլիսի, Սղերդի , Մուշի, Բաթմանի և Դիարբեքիրի նահանգների միջև. «Ապրող հայերը մոտ 50 հազար կլինեն, իսկ ընդհանուր Թուրքիայիում սասունցիների միջին թիվը մոտ 100 հազարի է հասնում»: Օրինակ, Մուշում 15 հազար սասունցի են ապրում որոնք մուսուլման են և բավականին մոլեռանդ: Մուշում մշեցի հայեր չկան, սասունցի հաներն են, որոնք լեռներից իջել էն 1930-ական թվականներին: Տիգրանակերտում մի քիչ ավելի շատ են քրդացած սասունցի հայերը. «Ինչքան էլ ասեն, որ հայ են, միևնույնն է` հոգով-սրտով կապված են քրդական շարժման հետ և ավելի շուտ իրենց կզոհեն այդ շարժման համար, հետո նոր հայկականության»: Դիարբեքիրում ավելի խոր արմատներ ունի այդ քրդացումը: Այնտեղ ավելի շատ է շփումը և կյանքն ավելի աշխույժ, բնականաբար, ազդեցության այլասերման վտանգն ավելի մեծ, իսկ Սասունի լեռներում փակված են, մեկուսացած, արտաքին աշխարհից գրեթե կտրված:

Հուսիկ ԱՐԱ

Լուսանկարները՝ Սոֆյա ՀԱԿՈԲՅԱՆԻ