Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

720
Տարածել

Գումարը՝  խաղատան տանիքին

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է ավելի քան 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Հրդեհների մեծ մասը բուսածածկ տարածքներում է գրանցվել.  Արագածոտն. Տեղեր գյուղում՝ 10 հա, Արարատ. Լանջանիստ գյուղում՝ 18 հա, Լուսաշող գյուղում՝ 13 հա, Գեղարքունիք. Դդմաշեն-Ծաղկունք՝ ավտոճանապարհի մատույցներում՝ 30 հա, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհի մատույցներում՝ 10 հա, Լոռի. Ծաղկաբեր գյուղում՝ 50 հա, Վարդաբլուր գյուղում՝ 20 հա, Կոտայք. Ջրաբեր գյուղույմ՝ 49 հա, Մեղրաձոր գյուղում՝ 80 հա, Շիրակ. Ջաջուռ գյուղում՝ 50 հա, Սյունիք. Նորավան գյուղում՝ 10 հա, Տավուշ. Բարեկամավան գյուղում՝ 5 հա և այլն: Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա խոտածածկ տարածքի հրդեհը մեծ մակերես է ունեցել, և հրդեհաշիջմանը մասնակցել է ավելի քան 100 փրկարար, Հայաստանի զինված ուժերի 36 զինծառայող, 4 ոստիկան, անտառտնտեսության 5 աշխատակից, հարակից գյուղերի 26 բնակիչ:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 130 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջանների և Կոտայքի ու Լոռու փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 15 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մեքենաներն են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Նոր Նորքի փրկարարները կեսգիշերին մոտ ահազանգ են ստացել, թե Բակունցի փողոցի տներիից մեկի բնակչի մատին մատանի է մնացել: Փրկարարները 33-ամյա աղջկա մատից հանել են մատանին: Արաբկիրի փրկարարները ահազանգ են ստացել, թե Հովսեփ Էմին փողոցի պոլիկլինիկայի շենքի բակում տեղադրված սյան վրայի ՀՀ պետական դրոշը փոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները փոխել են դրոշը: Նույն վարչական շրջանում ահազանգ է ստացվել, թե Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկի բնակիչներից մեկի գումարն ընկել է շենքի ներքևի հարկում գտնվող խաղասրահի տանիքին, գումարը վերցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները վերցրել են գումարը և փոխանցել տիրոջը: Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գավառ քաղաքի մատույցներում Սուրբ Խաչ կոչվող սարալանջին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում մոտենալ տուժածին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն ամենագնացով սարալանջ են բարձրացրել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր 83-ամյա կնոջը տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Նույն մարզում փրկարարները Նորատուս գյուղում ջրավազանից հանել և տիրոջն են վերադարձրել ձին: