Գլխավոր Նորություններ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԸ

ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԸ

666
Տարածել

Բյուրականի անտառը՝ վտանգի մեջ

«Խոսրովի» անտառում թաքնված հրդեհի օջախները դեռ չմարած՝ սեպտեմբերի 3-ին հրշեջ-փրկարարները նոր ահազանգ ստացան: Հրդեհ էր Բյուրականի անտառում: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության արագ արձագանքման խումբը մոտեցավ կրակված անտառահատվածին:

 

Վառվում էր 20 հա չոր բուսածածկ տարածք: Մեկուսացրին կրակը, մարեցին: Հաջորդ օրը ծագեցին հրդեհի նոր օջախներ: Արագածից փչող քամին բորբոքում էր կրակը, գոյացնում նոր օջախներ, մոտենում անտառամոտ գյուղերին:

 

Անտառի քարտեզը

Կրակված անտառից քիչ հեռու տեղակայվեց շտաբ՝ վրանային ճամբար: Հրդեհաշիջումը կոորդինացնում էին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը՝ ներգրավելով փրկարարական նոր ուժեր՝ Երևանից, Արարատից, Կոտայքից, Արագածոտնից, Արմավիրից ու Գեղարքունիքից, Բյուրականի, Անտառուտի և Օրգովի, Ձորափի գյուղերի բնակիչների, զինվորների: Գործին միացավ փրկարարական ուժերի ընտրանին՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը:

Շտաբում տեղամասերի բաժանված անտառի քարտեզն էր: Հրշեջ ամեն խումբ իր տարածքի համար էր պատասխանատու՝ ապահովված ռադիոկապով, ազդակոչ նշանաբանով: Փրկարարների զորքը սփռված էր անտառով մեկ: Սկսվեց փրկարարական զորքի զօր ու գիշերային թեժ կռիվը կրակի դեմ: Հրդեհը «Խոսրովին» նման չէր. այնտեղ գիհուտն էր վառվում, կրակը թափանցում էր խիտ տորֆային զանգվածի տակ և գոյացնում մխացող, թաքնված հրդեհներ, այստեղ՝ չոր խոտ էր՝ գետնատարած: Բյուրականում փշատերև ծառատեսակները քիչ են, լայնատերևներն են շատ՝ կաղնի, թխկենի, հացենի… դրանք դժվարությամբ են այրվում: Նույնն էր լեռնային լանդշաֆտը, ինչը դժվարացնում էր շիջումը: Բյուրականում էլ աշխատեց ավիացիան: ՊՆ ուղղաթիռը ճշտեց հրդեհի օջախները, տարածման ուղիները, վտանգավոր տեղամասեր իջեցրեց փրկարար-դեսանտայինների: Բարձրլեռնային առանձին տեղամասերում շիջում կատարվեց ուղղաթիռով: Ծխացող օջախները գտնելու և հրդեհաշիջման եղանակներ ընտրելու համար օդ բարձրացվեց նաև անօդաչու թռչող սարք: Հատուկ լուսավորությամբ կրակի դեմ պայքարը շարունակվում էր նաև գիշերը: Շիջում էին ամեն հնարավոր միջոցներով՝ խոնավ լաթերով, ռետինե մտրակով, ծառի ճյուղերով, փորող, քերող, կտրող գործիքներով: Կրակի տարածումը կասեցվեց նաև բուլդոզերներով՝ ակոսներով կտրելով բոցկլտացող դժոխքի ճանապարհը: Որտեղ կարող էր մոտենալ ամենագնաց հրշեջ մեքենան, կրակը մարվում էր ջրով:

Հերթափոխը զեկուցում էր արվածի մասին՝ չհասցրած-չարվածը թողնելով թարմ ուժերով համալրված հաջորդին. ներգրավվում էին նոր հաշվարկներ, օժանդակ տեխնիկա: Այս հրդեհի մարմանն էլ կամավորներ մասնակցեցին: Երևանի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը փրկարարներին տրամադրեց իր կվադրոցիկլը: Երեք օր նա ջուր էր հասցնում անհաս բարձունքներ, տրակտորին կցված բաքով ճանապարհ բացում ծառերի խիտ սաղարթում, անանցանելի թփուտներում:

Սեպտեմբերի 7-ին հրդեհը մեկուսացվեց: Փրկարարներն անցան հետմարման գործին: Վտանգը մեծ էր, դեռ մխում էին քարերում մխրճված վառվող ծառարմատները, և քամին, շոգը ծխացող նոր օջախներ էին առաջացնում: Օրվա լույսի հետ երևում էր ծուխը, գիշերվա սառը օդը քնեցնում մխացող կրակը, արևի հետ ծխում ու նորից ոտքի հանում փրկարարներին:

 

Հատուկ ջոկատը

Սեպտեմբերի 9-ի աղջամուղջին հատուկ փրկարարական ջոկատի հերթափոխը շարժվեց Բյուրական: Օր առաջ էին վերադարձել անտառից: Կատակում էին, չնայած հայացքներում անհանգստություն կար: Մտքով Բյուրականում էին՝ ուզում էին անտառն այլևս անկրակ տեսնել: Շտաբից կապով կանչ էին տվել՝ դեռ մխացող օջախներ կան:

Ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Զավեն Մելքոնյանի հրահանգով փ/ծ ենթասպա Զուրաբ Վարդանովը փրկարարական կապույտ Mersedes Benz-ը շարժի դրեց: Բյուրականի վերջին խանութն էր, կանգ առան, քաղցրավենիք, հյութեր, ծխախոտ գնեցին: Անցան Օրգովն ու Անտառուտը: Քիչ անց արևի առաջին ճառագայթների մեջ երևաց անտառամիջով ձգվող ճանապարհը: Երկայնքով ISUZU-ներն էին ու դրանց շուրջը բոլորած հերթապահները: 10 տոննանոց հսկաները ջուր էին մատակարարում ամենագնացներին: Նոր առաջադրանքի էին սպասում կամ արդեն ստացել, կատարում էին: Mersedes-ը մտավ ճամբար: Եռուզեռ էր, վրաններ, «Ուրալ-կունգեր», Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911»-ի մեքենաներ: Ռադիոկապը ծվատում էր եթերը: Ճամբարում լարված սպասման իրավիճակ էր:

Զավեն Մելքոնյանը Հովհաննես Եմիշյանից առաջադրանք ստացավ. Ապարան տանող ճանապարհաեզրի անտառախիտ բարձունքներում ծխացող օջախներ դեռ կան: Պետք է մարեին՝ բենզինաշարժիչով աշխատող 25 լ տարողությամբ ուսապարկ-կրակմարիչներով: Ջոկատին կցվեց Ավանի հրշեջ մասի Mersedes Benz Unimog ամենագնացը՝ հազար լիտր ու քիչ ավելի ջրատարողությամբ: Զուրաբ Վարդանովը մեքենան շարժեց սարն ի վեր՝ ամենագնացին ընդառաջ՝ հաղթահարելով ծխից սևացած բլուրներ, ձնհալից գոյացած հեղեղատներ: Սևացած բներով կաղնու ծառերը ուրվականների էին նման, մոխրից դուրս ցցված ծառաբներից վերև շոգեխաշված սաղարթն էր՝ խեղճացած, աղերսով դեպի արևը սլացող՝ ապրել-գոյատևելու տենչով: Արևոտ, շոգ եղանակ էր, բայց աշխարհը սև էր երևում: Հեռվում Արագածի մարդանման գագաթներն էին՝ հայացքով դեպի մրված անտառը: Անհավատալի էր, սև խոտածածկույթին երևում էին անցած օրերին բլուրներն ակոսած հրշեջ մեքենաների անիվների դեղին ժապավենները՝ և այնքան շատ փաթաթված ու խճճված: Զարմանք էր, այդ ինչպես են կարողացել անցնել ժեռ զառիթափերով: Ու դեպի վեր քա՜նի անգամ ու քա՜նի մեքենա ջուր էր հասցվել անտառափեշերով:

 

Դեպի ծխացող կրակը

Հատուկջոկատայինները գտան իրենց տեղամասը: Վարդանովի մեքենան դիրքավորվեց հարթավայրի մի կետում, որտեղից տեսանելի էին կաղնուտ անտառի բարձունքները: Ծխում էին օջախներ: Զավեն Մելքոնյանը ջոկատը բաժանեց երկու խմբի: Փ/ծ ենթասպաներ Սամվել Կոլյանը, Գեորգի Մխիթարյանը, Վահե Տեր-Վարդանյանը, Կառլեն Հովհաննիսյանը, խմբի հրամանատար, փ/ծ կապիտան Վարազդատ Սեդրակյանը շարժվեցին դեպի ծուխը:

Ամենագնացը բարձրացավ թաքնված կրակին մոտիկ, բայց անկարող էր շատ մոտենալ, վերելքը խիստ դժվարացավ: Լիցքավորվեցին ջրով: Վահեն շալակեց սրսկիչը, մյուսը՝ վարորդին օգնելու եկած Նիկողայոս Հաջյանը, թևին առավ ծանր ջրաբաքը: Ծառերի մեջ ծուխը չէր երևում: Հրամանատարը ներքևից ռադիոկապով ուղղորդում էր խմբին: Գտան թաքնված վտանգը՝ մխում էին ծառերից թափված չորուկն ու տերևը: Ջուրը փոշի դարձած իջնում էր կրակին: Տղերքը փորում էին հողը ձեռք ու բրիչով, մտնում քարի տակ, հող ու տերև խառնում իրար, մոխիրը դարձնում ցեխ, որ էլ չմխա: Դժվար էր ճանապարհը, այրված ծառաբներն ու խիտ թփուտները խանգարում էին շարժին: Հանգցրին: Նորից ստուգեցին, փորեցին սևացած քարի խորքերը: Ջուրը կարող էր հասած չլինել քարի մեջ մխրճված ծառարմատներին: Շարժվեցին, վերևում նոր օջախ կա: Դա էլ մարեցին: Սամվել Կոլյանը նորը գտավ, բայց ջուրը վերջացավ: Խմբընկերը՝ Վահե Տեր-Վարդանյանը, կապ տվեց՝ ջուր հասցրեք՝ ասավ: Ջրաբաքը բերեցին: Լիցքավորեցին սրսկիչը: Էլի՛ նոր օջախ: Գեորգի Մխիթարյանը փտած, փոքրիկ կոճղերը կտրում էր գետնից, դնում ժեռ քարին ու ջրով մարում, հետո ձեռքով տրորում թեթև հովիկից կայծկլտացող, շիկացած ածուխը: Հետո համբերատար սպասում, հետևում արդյունքին ու կրծքով հարթելով, տրորելով թավուտի դիմադրությունը՝ շարժվում առաջ, նրա հետ՝ Կառլենը Հովհաննիսյան: Վերջին կաթիլն էլ վերջացավ: Նորից կապ տվեցին… Սպասում են ջրին:

Վերևում վերջին օջախը մնաց: Զավեն Մելքոնյանը տեսնում է ծուխը: Վարազդատ Սեդրակյանին չի երևում օջախը, չգիտե՝ ո՞ր կողմից մոտենա: Գտավ մխացող հրեշին: Նետվում են առաջ: Այլ օջախներ էլ գտան, կտրվեց ծուխը:

 

Շրջված ամենագնացը

Կեսօրն անց է: Ծուխ չի երևում: Հանգստանալ է պետք ու միաժամանակ սպասել: Ծուխը կարող է էլի կախվել ծառերի վրա: Իջնում են դեպի ամենագնացը: Մեքենան կանչով անցել է նոր անտառաբացատ: Նրա հետ է Գեորգի Մխիթարյանը: Հանկարծ լուր տարածվեց՝ մեքենան զառիթափին գլխիվայր շրջվել է: Հասան օգնության: Դիմապակու փշուրներից արնածորում էր Գեորգիի թևը: Վնասվել էր վարորդ Ավետիք Պողոսյանի ձախ արմունկի հոդը:

Երեկոն մոտ էր: Հովհաննես Եմիշյանը Ապարանի հրշեջ ջոկատին հրահանգեց «կունգ» ուղարկել: Վթարված մեքենան դժվար տեղանքից դուրս բերել էր պետք: Օգնությունը եկավ: Պողպատե ճոպանը կապվեց մեքենային, որ անիվների վրա շրջելիս ամենագնացը չգլորվի ձորը: 10-15 փրկարարներ ուղղեցին մեքենան, ճոպանից կապած, դժվարությամբ դուրս բերեցին ուղիղ ճանապարհ:

 

Լիալուսինը

Պատահարից տղաները տխուր էին, նստած հին դամբարանաբլրի եզրին, երեսները՝ մուր, դեռ «Խոսրովի» հրդեհից այրված կոշիկներով, լուռ ու ակնդետ, հետախույզի հայացքով սանրում էին անտառի բարձունքները: Ծուխ չէր երևում: Շտաբից սպասում էին հրդեհաշիջման ավարտ-հրահանգին: Հանկարծ ծխանշույլ նկատվեց: Տղերքի հայացքը ծխին էր: Ծուխը երկարեց, մի պահ թանձրացավ, հետո անհետացավ ու էլ չերևաց: Պահմտոցի էր կարծես:

Կվադրոցիկլով հեռվում երևաց Մուշեղ Ղազարյանը: Զավեն Մելքոնյանը ներկայացրեց իրավիճակը. ծխի օջախներ էլ չկան՝ զեկուցեց նրան: Գնդապետը շարժվեց դեպի բարձունքներ՝ անձամբ համոզվելու: Վերադարձավ ուշ: Հրահանգեց վերադառնալ ճամբար: Ամփոփիչ խորհրդակցություն էր լինելու:

Շտաբում անտառի քարտեզի շուրջ բոլորած՝ ԱԻՆ-ականները անտառտնտեսության, հարակից համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեցին արդյունքները, և տրվեց հրդեհաշիջման ավարտ-հրահանգը:

Փրկարարական զորքը շարվեց: Շտաբի հրամանատարությունը շնորհակալություն հայտնեց փրկարարներին անձնուրաց աշխատանքի համար և բոլոր նրանց, ովքեր նպաստ ունեցան դժվարին գործում:

Մուշեղ Ղազարյանը հրահանգեց՝ զորքը դուրս է գալիս անտառից, ու քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, սահմանվեց հերթապահություն:

Աղջամուղջ էր: Զորքը դուրս եկավ ճամբարից: Փրկարարական հատուկ ջոկատը շարժվեց Երևան: Լիալուսինը կախվել էր անտառի գլխին և հավերժական լուռ ժպիտով կարծես զգուշորեն ծխի քուլա էր որոնում:

 

Գագիկ ԵՂՅԱՆ

Բյուրական