Գլխավոր Նորություններ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿԱՊԵՐ

716
Տարածել

Հայ-ճապոնական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով այս տարի կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացրել է մեր երկրում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի սեպտեմբերի 7-ին: Հենց տարեդարձի օրը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Էյջի Ասամիի հետ ստորագրեց «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիր՝ 14 մլն դոլար արժեքով:

Իսկ սեպտեմբերի 6-ին Դավիթ Տոնոյանը և Էյջի Տագուչին ՀՀ արտգործնախարարությունում ստորագրել էին նույն ծրագրի հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիրը, ըստ որի՝ Ճապոնիան 2015-2016 թթ. Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական վերազինման նպատակով Հայաստանին տրամադրելու է 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք:

Սեպտեմբերի 8-ին Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին պատվոգիր է հանձնել Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանին՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամության ու փոխըմբռնման խորացմանը նպաստելու նրա նշանակալի ծառայության համար: «Նման պարգևները միայն գնահատանք չեն, նաև խթանում են մեր բարեկամությունն ու համագործակցությունը: Իսկ այսօր մեր երկու երկրների կառավարությունների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս հարաբերությունները միայն խոսքով չէ, նաև գործով է պարբերաբար հաստատվում»,- նշել է Սերոբ Գաբրիելյանը:

Ի դեպ, Երևանում սեպտեմբերի 17-ին նախատեսվում է անցկացնել ճապոնական մարտարվեստի փառատոն, որին մասնակցելու են Ճապոնիայից ժամանած կարատեի երկու վարպետ: Հոկտեմբերին Երևանում, Էջմիածնում և Գյումրիում կազմակերպվելու է ֆիլմերի փառատոն, իսկ նոյեմբերին Երևանում տեղի կունենա ճապոնացի երաժիշտների համերգը: Ճապոնիայի դեսպանատունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ համերգ կկազմակերպի նաև Վանաձորում: