Գլխավոր Նորություններ ՔԱՋԱՐԱՆԻ ՀՓՋ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՔԱՋԱՐԱՆԻ ՀՓՋ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

1145
Տարածել

29 տարի ծառայության մեջ

«24 տարի է՝ ծառայության մեջ եմ՝ որպես հրամանատար, բայց այս տարիներին հազիվ թե 24 օր լինի, որ այս շենքից ներս մտած չլինեմ, ինչպես նաև մատների վրա հաշված դեպքեր կլինեն, որոնց մասնակցած չլինեմ, դա էլ այն դեպքում, երբ բացակայել եմ քաղաքից կամ գործուղումների մեջ եմ եղել»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է Քաջարանի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արայիկ Մկրտչյանը: Հրամանատարի մուտքն այս համակարգ լրիվ պատահական ստացվեց: Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետն ավարտած ինժեներ-մեխանիկը չէր էլ պատկերացնում, որ իր ընտրած մասնագիտությունը թողած կհիմնավորվի մեկ այլ ոլորտում:

1988-ն էր, երբ տեղեկացավ, որ ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչության Քաջարանի թիվ 51 մասնագիտացված հրշեջ մասում մասնագետի կարիք կա. ընդունվեց հակահրդեհային պրոֆիլակտիկայի գծով հրահանգիչ: Երեք տարի հրահանգիչ աշխատելուց հետո նշանակվեց հրշեջ մասի պետի տեղակալ, իսկ 1993-ից արդեն ստանձնեց հրշեջ մասի պետի պաշտոնը, 2003-ից էլ կառուցվածքային փոփոխության արդյունքում վերանշանակվել է Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար: «29 տարի է՝ այս շենքի պատերի ներսում են օրերս անցնում: Արագ են սահել տարիները, չեմ մտածել, որ հիմնովին կհաստատվեմ ջոկատում, բայց այնքան հարազատ դարձավ միջավայրը»,- հետհայացք գցելով անցած-գնացած օրերին՝ հիշում է հրամանատարը: Նոր կադրեր է կրթել ու մասնագիտացրել և մինչև օրս կապի մեջ է նախկին աշխատակիցների հետ:

Մասնակցել է 300-ից ավելի հրդեհի մարման և 100-ից ավելի փրկարարական աշխատանքների: Պատմում է, որ առաջին տարիներին հիմնականում հրդեհի վերաբերյալ ահազանգերի հետքերով էին գնում: «1991-1993-ին՝ Արցախյան հակամարտության տարիներին, պարբերաբար հերթապահում էինք Կապանում, հրետակոծությունից բռնկված հրդեհներն էինք մարում: Դրանք այնքան շատ էին, որ Կապանի հրշեջ մեքենաները չէին բավականացնում: Հրդեհաշիջման ժամանակ արկերը մեր գլխավերևով էին թռչում: Տեխնիկան հին էր, փողրակները՝ մաշված, հազիվ էինք կարողանում մարել կրակը»,- հին օրերի դժվարություններն է հիշում Արայիկ Մկրտչյանը:

Այդ օրերից շատ բան է փոխվել: Փրկարարներն այսօր արձագանքում են ոչ միայն հրդեհների, այլև ամեն տեսակի կանչերի: Նախկինի համեմատ, այժմ ունեցած գույք-սարքավորումների հագեցվածության շնորհիվ հաջողվում է արագ արձագանքել դեպքերին: Փորձառու հրամանատարն ընդգծում է, որ ամենակարևորը ճիշտ մոտեցումն է, հակառակ դեպքում ընթացքն այլ զարգացում կունենա: Հրամանատարն ուրախությամբ է փաստում, որ ճիշտ գործելու արդյունքում ջոկատի անձնակազմին հաջողվեց մարել մի քանի տարի առաջ Քաջարանի կոմունալ տնտեսական արտադրական վարչության ավտոհավաքակայանում վառելիքի արտահոսքից բռնկված խոշոր հրդեհը և կրակի տարածումը: Խոշոր մի հրդեհ էլ այս տարի է եղել: «Փետրվարի 16-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ավտոհավաքակայանի տարածքում բենզինի հսկա տարաներում փականի խափանման պատճառով վառելիքի արտահոսք էր եղել և վառելիքը բռնկվել էր: Կանխատեսելով հետագա զարգացման անխուսափելի հետևանքները՝ Կապանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ օգնության եմ կանչել: Համատեղ ուժերով հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ խուսափել մեծ փորձանքից: Բենզինով լի տարաները եթե բռնկվեին, ապա հետևանքներն աննկարագրելի կլինեին»:

Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատը հարկ եղած դեպքում օգնության է հասնում նաև Կապանի, Մեղրու փրկարարներին: Մի քանի տարի առաջ Մեղրիի բազմաբնակարան շենքում բռնկված խոշոր հրդեհի մարմանը մյուս ուժերի հետ մասնակցում էին նաև իրենք:

Ջոկատում, թե տանը հրամանատարը նույն մարդն է, թեև խիստ չէ, բայց կարևորում է կարգուկանոնը: Ջոկատում այդպես էլ աշխատում են՝ հետևելով ընդհանուր կանոնին, մեկը մյուսի նկատմամբ հարգանքով և գործի հանդեպ մեծ պատասխանատվությամբ: Փ/ծ փոխգնդապետը հավաստիացնում է՝ ջոկատը մասնագիտական կարողություններով չի զիջում և ոչ մի ջոկատի:

Իսկ ընտանիքին շատ ժամանակ հատկացնել չի հաջողվում: Խոստովանում է՝ հազվադեպ է կարողանում ընտանիքի հետ լինել: Այդ ժամանակ էլ միտքը ջոկատի հետ է, թեև գիտե՝ ՀՓՋ-ում բոլորը գործը լավ գիտեն:

Փոխգնդապետը մեկ աղջիկ ու մեկ տղա ունի: Անին 16 տարեկան է, Ալենը՝ 15: Հրամանատարը կանխատեսում է՝ իր համազգեստով հպարտացող ու փրկարարի շնչով դաստիարակվող որդին էլ իր ուղին կընտրի: «Երբ ամուսնացա, արդեն այս ջոկոտում էի աշխատում: Կինս՝ Մարինե Հարությունյանը, բուժքույր է, երևի ճակատագիր էր, երկուսս էլ մարդկանց փրկության գործով ենք զբաղվում: Մեր երեխաներին էլ մեծացրել ենք հենց այս մտայնությամբ»,- ասում է հրամանատարը, որի երկարամյա աշխատանքի լուռ վկաներն են ԱԻ նախարարներից ստացած պարգևները, տարբեր կազմակերպությունների, քաղաքային ու մարզային իշխանությունների կողմից արժանացրած շնորհակալագրերն ու պատվոգրերը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Քաջարան-Երևան